Այսուհետ թուրքն է որոշո՞ւմ
Այսուհետ թուրքն է որոշո՞ւմ
Հե՜յ դուք այնտեղ... վերևներում, ձեզ եմ հարցնում. այսուհետ այսպե՞ս ենք ապրելու։
Հե՜յ ժողովուրդ զարթնե՛ք, մի՛ հարմարվեք, մի՛ համակերպվեք։ Ինչքան էլ չուզենանք ու խույս տանք իրականությունից, ինչքան է ջայլամի պես գլուխ թաքցնենք, միևնույն է իրականությունը սա է, չի՛ փոխվելու։ Ընդհակառակը՝ փախչելով իրականությունից, այն ավելի ենք բարդացնում ու վտանգավոր դարձնում։
Իսկ իրականությունն այն է, որ այսօր թուրքը եկել մտնել է մեր առօրյան, մեր կենցաղը, մեր տները, մեր դպրոցները, և նույնիսկ մեր խոհանոցները։
Ու տանում է մեզնից այն միակը, որը դեռ չեն կարողացել խլել մեզնից՝ մեր արժանապատվությունն ու կամքը։ Զարթնե՛ք, կաղամբով, գազարով, խնձորով կամ նույնիսկ հանապազօրյա հաղցով չի որոշում մեր ապագան։
Հարցնում եմ ձեզ, ինձ, քեզ, մեզ բոլորիս:
Այսուհետ թուրքն է որոշու՞մ, թե երբ բանան ուտենք, երբ՝ խնձոր, քանի մանդարին ուտենք կամ շոկոլադի ինչ տեսակներ գնենք,
Թուրքն է որոշու՞մ, թե երբ տաքանանք, երբ մրսենք,
Թուրքն է որոշու՞մ ճաշը սառած ուտենք, թե՝ տաքացրած, լվացք երբ անենք կամ լողանանք, թե՝ ոչ։
Թուրքն է որոշու՞մ, թե կաղամբը քանի կտորի բաժանենք, որ բոլորին հասնի, ամիսը քանի ձու կամ քանի կիլոգրամ գազար ուտենք։
Թուրքն է որոշու՞մ, թե քանի ժամ մթության մեջ նստենք, ինչպես տաքանանք կամ ավտոմեքենա վարենք, թե՝ ոչ։
Թուրքն է որոշու՞մ իմ հարազատները տուն գան թե՝ ոչ, կամ, թե երբ կարող ենք տեսնել այն կողմում գտնվող մեր հարազատներին։
Այսուհետ թուրքն է որոշու՞մ, թե քո, իմ երեխան դպրոց գնա, թե՝ ոչ, գիտելիք ստանա, թե՝ ոչ։
Ամեն ինչ կհաղթահարինք, ամեն դժվարություն կտանենք, բայց մի՛ դարձրեք մեզ ողորմությամբ ապրող մուրացկաններ, մի՛ զրկեք մեզ արժանապատվությունից, մի՛ դարձրեք մեզ թուրքի կամ մեկ ուրիշի ողորմությանը նայող զանգված։
Այո՛, մենք կամք ու վճռականություն ունենք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որպեսզի ապրենք մեր հայրենի հողում, բայց...
Բայց վերջապես շպրտեք թուրքին այդ գրողի տարած ճանապարհից։ Երկու ամիս ի՞նչ եք անում։ Ձեր գործը հայտարարություններ, կտրոն ու գրաֆիկ գրելու կամ կաղամբ կտրատելու մեջ չէ։ Հիշե՛ք դուք այդտեղ եք նստած ու կլորիկ գումար եք ստանում, որպեսզի ապահովեք իմ, իմ երեխայի, իմ հարևանի ու բարեկամի, նրանց երեխաների, մեր բոլորիս արժանապատիվ, ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Հերի՛ք է պարզապես բառեր շռայլել։ Գո՛րծ արեք խնդրում ու պահանջում եմ, գո՛րծ արեք։
Հ.Գ.
Հոգու ճիչ։ Չե՛նք ընկճվում։ Չե՛նք երկնչում։
Կարծիքներ