Երանելի ժամանակներ էին

Երանելի ժամանակներ էին

Կար երանելի ժամանակ, երբ մենք ոչ միայն հաղթող էինք, այլեւ պարտվածի, կոտրվածի, նվաստացածի հոգեբանություն չունեինք, եւ դա արտահայտվում էր ամեն ինչում: Ճիշտ է` 1994-ին եւ դրանից հետո մենք բազմաթիվ շանսեր ունեինք՝ մեր հաղթանակը կապիտալիզացնելու եւ անգամ «Բաքվում թեյ խմելու», սակայն մեզ ագրեսիվ չէինք պահում, չէինք փորձում ոչնչացնել պարտված թշնամուն` մեծահոգի էինք ու համբերատար: Մեզ թվում էր, թե ժամանակը մեր օգտին է աշխատում, եւ եթե Արցախը 20-30 տարի անկախ է եղել, պատմական արդարությունը մեր կողմից է, մենք արել ենք անհնարինը` մեզնից մեծաքանակ զինուժին հաղթելով, ուրեմն աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի անկախությունը, իսկ Ադրբեջանը վաղ թե ուշ կհաշտվի Արցախը կորցնելու մտքի հետ:

Ու չնայած ագրեսիվ չէինք եւ նոր պատերազմ չէինք հրահրում, բայց նաեւ խեղճ չէինք եւ թույլ չէինք տալիս թշնամուն լկտիանալ` հակառակորդի յուրաքանչյուր կրակոց մեր կողմից կրկնակի պատասխանի էր արժանանում, ոչ մի ոտնձգություն անպատիժ չէր մնում, յուրաքանչյուր հանդգնություն՝ մեր սուվերենության եւ Արցախի նկատմամբ, խեղդվում էր բնում: Ազգային արժանապատվություն ունեցող ղեկավարներ ունեինք, համարձակ ու ինքնավստահ հասարակություն, մարտի նետվելու պատրաստ բանակ: Եվ անգամ եթե դրա որոշ մասը երեւութական էր, թշնամին վախենում էր մեզնից, գիտեր, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնալու, ուստի խուսափում էր փորփրել «բզեզի բույնը»: Հիմա անողնաշար ու խեղճ իշխանություն ունենք, որը վախենում է անգամ խորը շնչել` չէ՞ որ դա կարող է բարկացնել Ալիեւին, եւ այդ խեղճությունը շղթայական ռեակցիայով փոխանցվել է նաեւ մեր հանրությանը, որի մի հատվածն ուղղակի սարսափում է պատերազմի մտքից: Իսկ սարսափը ոչ թե հեռացնում, այլ մոտեցնում է պատերազմի վտանգը: