Ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը

Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ժամանակ մի շարք անհասկանալի հայտարարություններ եղան։ Ըստ էության, Փաշինյանի խաղաղասիրական հայտարարությունները նորություն չէին մեզ համար, սակայն պետք է փաստենք, որ դրանք, այնուամենայնիվ, մտածելու տեղիք տվող, անհասկանալի ազդակներով լեցուն հայտարարություններ էին։
Մասնավորապես՝ Փաշինյանը կրկին խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, այնուամենայնիվ, պետք է կնքել, ապա հայտարարեց, որ Անթալիայում ֆորումի հրավերը Հայաստանը կընդունի։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։
Մեր այն հարցին, թե վարչապետի վերջին խաղաղասիրական հայտարարություններից ինչ կարելի է եզրակացնել, ադրբեջանագետը նշեց․
«Ադրբեջանական կողմն առաջ է քաշել որոշակի նախապայմաններ, դրանք թշնամու պատկերացրած խաղաղասիրության մասին են։ Սա առաջին անգամ չէ։ Սակայն հարց է առաջանում․ մեր շահերից բխո՞ւմ են այդ նախապայմանները, թե՞ ոչ։ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ Հայաստանում որոշակի շրջանակների դիմակները հանված են։ Փաշինյանի հայտարարություններից նաեւ պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական էլիտայի եւ թուրք-ադրբեջանական իշխանությունների միջեւ խաղաղասիրական տարընթերցումն ուղղակիորեն բացակայում է։ Եթե դիտարկենք հայաստանյան կողմի խաղաղասիրական դիրքորոշումը, ապա պետք է փաստենք, որ այստեղ որոշում կայացնողը մենք չենք»։
Այն հարցին էլ, թե խաղաղության դարաշրջան ասվածը նոր պատերազմ ենթադրու՞մ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցն արձագանքեց հետեւյալ կերպ․
«Հայաստանում պատերազմի վտանգ միշտ էլ կա, որովհետեւ թուրքի հետ բանակցություններ վարելը վտանգավոր է։ Ախորժակն ուտելիս է բացվում։ Ալիեւն անվերջ կրկնում է, որ Երեւանը, Սեւանը ադրբեջանական քաղաքներ են։ Մենք ինչո՞վ ենք վստահ, որ վաղն էլ պետականությունից հրաժարվելու եւ ադրբեջանական վիլայեթ դառնալու պահանջ չի դրվի», - նշում է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Կարծիքներ