Փաշինյանը ստորագրում է, Ալիեւը՝ մերժում (տեսանյութ)
ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրում կա 13 հոդված, որ պաշտոնապես համաձայնեցված է, նախաբանն ու թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված, եւս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կան մասեր, որոնք համաձայնեցված չեն: Կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ։ Փաշինյանի խոսքով` այն, ինչը համաձայնեցված է, անդրադառնում է երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքներին:
«Մենք ասում ենք` եկեք դա ստորագրենք ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը»,- նշեց նա: Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանն ասում է` չէ, կարևոր հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն:
«Մեր հարցը հետեւյալն է` երբ որ մենք, ենթադրենք, կարևոր հարցերն արտահայտենք, էլ չեն լինելո՞ւ կարևոր հարցեր: Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ Փաշինյանը անդրադառնալով խաղաղության բանակցություններին՝ վերահաստատել էր Ալիեւի ասածը՝ համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ապա պարզաբանել․ «13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»։
Թե ո՞ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել Ալիեւն ու Փաշինյանը, իշխանաությունը գաղտնի է պահում։ Ավելի վաղ Բաքվից հայտարարել են, որ անընդունելի են համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ ասել էր, որ երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն։
«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը և հավելել. - «Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ