Կարող էինք, իհարկե, նաեւ պատերազմում պարտվել: Այնտեղ, որտեղ կա բախում, միշտ լինում են հաղթողներ ու պարտվողներ: Բայց պատերազմից ու պարտությունից հետո այն սարսափը, որ մտել է հայ մարդու «ոսկորների» մեջ, անբացատրելի է ու ամոթալի: Կարող էինք նաեւ կորցնել Արցախի մի մասը, բայց այդ վախվորած պատրաստակամությունը` արագորեն զիջելու այն: Այդ անհագ ձգտումը` թոթափել Արցախի բեռն ու ապրել այնպես, կարծես չի եղել այս 30 տարվա պայքարը, մեր նվաստ բնույթի եւ խեղճության մասին է խոսում: Կարող էինք նաեւ հետ նայել ու վերլուծել այդ 30 տարվա իրադարձությունները, քննարկել, թե ինչն էր ճիշտ, ինչն էր սխալ, բայց այդ մարմաջը` մեղավորներ գտնելու եւ արցախյան շարժումն ինքնին սխալ հանելու, այդ ձգտումը` Արցախի անկախության համար պայքարողներին դատապարտելու, մեր 30-ամյա կյանքի ուրացում է նաեւ նշանակում, որ միայն սրիկաներին ու ստրուկներին է բնորոշ:
Նորմալ մարդիկ անգամ իրենց սխալներն են հպարտորեն կրում, մենք մեր ճիշտ, արդարացի պահանջն ենք փորձում սխալ հանել ու շուտափույթ հրաժարվել դրանից: Էլի կարելի էր խաղաղության մասին խոսել, բանակցություններ վարել թշնամու հետ, բայց ինչո՞ւ այդպես ստորաքարշ ու անբարո եղանակով: Կարող էինք նաեւ բանակցային սեղանի շուրջ ամեն ինչ քննարկել, կոմպրոմիսային տարբերակներ մտածել, բայց ինչո՞ւ Արցախի ու արցախցիների հաշվին: Մի՞թե խաղաղության գործընթացին որեւէ կերպ կարող էին խանգարել երեկ Ազգային ժողովում նախաձեռնված լսումները` Արցախի թեմայով: Ի՞նչ մեսիջ է փոխանցում գործող իշխանությունն իր ադրբեջանցի ու թուրք եղբայրներին, երբ բոյկոտում է Արցախի թեմայով լսումները, չի այցելում Արցախ, խուսափում է Արցախի մասին բառ արտաբերելուց, վախենում է արձագանքել թշնամու լկտի ոտնձգություններին: