«Հրապարակ». Դերժավայի Արկադին պետությանը մոտ 257 մլն դրամ է փոխհատուցել
Իրավախախտ ընկերություններին պատժելու միտումներ չկան, բայց արդեն ձեւավորվել է նրանցից վնասի ահռելի փոխհատուցում ստանալու պրակտիկա։
Գործարարներն առանց երկար մտածելու եւ չեմուչումի, «մուծվում» են պետությանը եւ խուսափում պատասխանատվությունից։ Նրանց վերաբերյալ վարույթների մասին տեղեկությունները հանրայնացվում են երբեմն նրանց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց, վնասի փոխհատուցման մասին պայմանավորվելուց հետո։
Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում ահռելի՝ 500 մլն դրամի չափով պետությանը հասցված վնասի փոխհատուցում պետք է կատարի «Պրեմիում Հաուս» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանը՝ «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարարը։ Գումարի կեսը նա վճարել է պետությանը։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ թռչնաբուծությամբ զբաղվող ընկերության գործունեության հետ կապված է քրեական վարույթ նախաձեռնել։ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն համատեղ բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։
«Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ եւ թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով․․․ թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ եւ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։ Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։
Մենք հետաքրքրվեցինք եւ թռչնաբուծության ոլորտին մոտ կանգնած անձանցից տեղեկացանք, որ ենթադրյալ իրավախախտը Սպիտակի թռչնաբուծական կոմբինատն է, որի տնօրենը, ինչպես հաղորդվում է, ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը եւ ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարն ու հաշվարկված տույժերը, որը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 256 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ինչպես հայտնի է, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի սեփականատերը հայտնի գործարար, նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավայի Արկադը: Մենք փորձեցինք կապվել հայտնի գործարարի հետ եւ հետաքրքրվել այս գործընթացով, նաեւ հարցնել` հո չի՞ սնանկացել այս 250 մլն դրամը վճարելով, բայց նա չպատասխանեց մեզ, իսկ թռչնաֆաբրիկայի տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, քարտուղարուհուն հրահանգեց մեզ ասել, որ ինքն արդեն դուրս է եկել։
Կարծիքներ