Հասարակություն

Ո՛չ այն, ո՛չ այն

Ո՛չ այն, ո՛չ այն

Պատերազմը նորից մտավ մեր տուն: Որքան էլ թվում էր՝ Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդն ամեն ինչ արել էին, որ դա տեղի չունենա, սակայն պարզվեց` դա մեր իրավասությունների տիրույթում չէր: Նախ, որովհետեւ պատերազմով հարցեր լուծելու ավանդույթն արդեն հիմնավորվել է նոր աշխարհի իրողությունների մեջ: Եվ այն պատճառով, որ մեր ջանքերը թվացյալ էին, գուցե նաեւ՝ վտանգավոր ու անիմաստ, որովհետեւ խաղաղություն մուրալով խաղաղության չեն հասնում, ոչ էլ` թշնամուն քծնելով եւ սիրաշահելով: Հակառակը` բազմաթիվ քայլեր կարող էին եւ, փաստորեն, հանգեցրել են պատերազմի, որովհետեւ մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ կարողությունը:

Եվ իրավացի էին այն բոլոր մարդիկ, ովքեր երկու տարի շարունակ զգուշացնում էին, որ` խաղաղություն ես ուզում, պատերազմի պատրաստվիր, խաղաղության դարաշրջանը միֆ է, խաղաղության ձգտումը չի կարող միակողմանի լինել, եւ ռազմաշունչ հայտարարություններ անողներն ու Գյոկչա-Էրիվան գրավողները չեն կարող խաղաղություն հաստատել:

Նրանք մետր առ մետր, քայլ առ քայլ գրավում են մեր հողը, ցուցադրում իրենց իրական նպատակները, լկտիանում եւ կատաղում: Նրանց ո՛չ միջազգային հանրությունն է կարողանալու զսպել, ո՛չ Ռուսաստանը, որոնք զբաղված են ծանր կոնֆլիկտով: Նրանք չեն փոխվել` նույն բարբարոսն են մնացել, ինչ 1915 կամ 1988 թվականին էին: Այսինքն՝ մորթվող հավի անխելքությունն ու իր դահճի աջը համբուրող քրիստոնյայի կեցվածքը մեզ չեն փրկելու:

Մեզ կարող է փրկել անասելի ճկուն եւ խելացի իշխանություն ունենալը, որը, մի կողմից, դիվանագիտական բոլոր լծակներն ու հնարավորություններն է գործադրում, մյուս կողմից՝ բոլոր ռեսուրսներն ու ուժերը ծախսում է զինվելու եւ պատերազմին պատրաստվելու վրա: Իսկ մենք ո՛՛չ այն արեցինք, ո՛չ էլ մյուսը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image