Կարապետյանների թեկնածուն հաղթել է ՔՊ-ին 

Կարապետյանների թեկնածուն հաղթել է ՔՊ-ին 

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների շարքում հատկապես տպավորիչ արդյունքներն են գրանցվել Տաշիրում, որտեղ իշխող կուսակցությունը՝ Քաղպայմանագիրը ջախջախիչ պարտության է մատնվել «Միասնական համայնք» դաշինքի կողմից, որի ցուցակի առաջին համարը՝ համայնքապետի թեկնածուն, գործող համայնքապետ Էդգար Արշակյանն է։ 

ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով ստացել է 2376 քվե, «Միասնական համայնքը»՝ 5904։ Տաշիր համայնքը, ինչպես հայտնի է, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատերերի՝ Սամվել եւ Կարեն Կարապետյանների հարազատ համայնքն է եւ այստեղ, արդեն երկար տարիներ ընտրվում են այն մարդիկ, որոնք հավանության են արժանանում Կարապետյանների կողմից։ Կարապետյանները Տաշիրում ոչ միայն բազմաթիվ աշխատատեղեր ստեղծած գործատու են, այլեւ բարերարներ, որոնք համայնքում մեծաթիվ աշխատանքներ են կատարել, ծրագրեր իրականացրել, օգնել անապահովներին, շինարարություն արել, ճանապարհներ կառուցել եւ այլն։ Գործող քաղաքապետը եւ կիրակի օրը հաղթած թեկնածուն էլ Կարապետյանների աջակցությունն է վայելում։ Դա է պատճառը, որ ՔՊ-ն նման մեծ տարբերությամբ պարտություն է կրել։

«Միասնական համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար, Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Նունե Սոլոյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ 71.3 տոկոս ձայներ հավաքեցին եւ այսքան մեծ տարբերությամբ հաղթեցին իշխանական թեկնածուին։ Սոլոյանը պատասխանեց․ «Տաշիրցին սատարեց իր բանիմաց, խելացի, այդ ոլորտում ձեռքբերումներ ունեցած, հաջողություններով աչքի ընկած թիմին»։ Հետաքրքրվեցինք՝ Տաշիրում ճնշումներ չե՞ն եղել, վարչական ռեսուրս չե՞ն կիրառել ՔՊ-ականները․ «Մեր նկատմամբ այդպիսի բաներ չեն եղել»,- պատասխանեց Սոլոյանը։

Հարցրինք նաև, թե Կարապետյաններն ինչպիսի աջակցություն են ցուցաբերել իրենց այս ընտրություններում։

Ի դեպ, Կարապետյանների հարազատ Լեռնահովիտ գյուղում «Միասնական համայնք» դաշինքը 92 տոկոս քվե է ստացել․ «Գիտեք ոնց, այսպես ասեմ, աջակցությունը բարոյական աջակցություն է եղել, իսկ Լեռնահովիտում մեր հաջողությունները պայմանավորված են ավագանու մեր թեկնածուների՝ տվյալ համայնքում ունեցած հեղինակությամբ, շատ կիրթ, գրագետ անձնավորություններ են, որոնք կարող էին իրենց բնակավայրում նման հաջողություններ ունենալ»,- ասաց Սոլոյանը։