Քաղաքականություն

«Հրապարակ»․ Տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել, չխորանալ բարձրացված հարցերի մեջ

«Հրապարակ»․ Տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել, չխորանալ բարձրացված հարցերի մեջ

Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։

Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ։ Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Քննության ընթացքի ու կանխատեսումների շուրջ զրուցել ենք ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հետ։

- Ինչպե՞ս անցավ դիմումների քննության ընթացքը, ինչպե՞ս իրեն դրսեւորեց ՍԴ-ն։

- Մենք տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել ամեն ինչ ու չխորանալ բարձրացված հարցերի մեջ։ Մենք դա հասկացանք իրենց՝ միջնորդությունների նկատմամբ վերաբերմունքից, որովհետեւ միջնորդություններում շատ սուր հարցեր էին բարձրացվում, որոնց պատասխանները ՍԴ-ն չուզեց ստանալ։

- Դուք մինչ քննության մեկնարկը դիմել էինք ՍԴ, որպեսզի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը չմասնակցի քննությանը, սակայն ՍԴ-ն չընդունեց ձեր դիմումը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ գործի քննության վրա։

- Ինձ թվում է՝ դա լրացուցիչ անգամ ցույց տվեց, որ ՍԴ-ն ունի կանխակալ մոտեցում, բայց վերջնական արդյունքում չեմ կարծում, որ իր մասնակցությունը նշանակություն է ունենալու, քանի որ եթե ինքը չմասնակցի էլ, միեւնույն է՝ բողոքների բավարարման համար 5 ձայն է հարկավոր, եթե ինքն էլ դուրս գար, մնալու էին 6 դատավորով։ Բնականաբար, չեմ կարծում, որ ինքը մնալով քվեարկելու էր հօգուտ էս ամեն ինչին։ Բայց կարծում եմ, որ հիմքերն ակնհայտ էին, որ ինքը չպետք է մասնակցեր, որոշեցին այնպես, ինչպես որոշեցին։

- ԿԸՀ-ի, ՔՊ ներկայացուցիչները ՍԴ-ում ունեի՞ն ձեր հարցերի պատասխանները, թե՝ ոչ։ Նրանց արձագանքները որքանո՞վ էին բավարարում ձեզ, որքանո՞վ էին սպառիչ։

- Մեր ելույթների զգալի մասը վերաբերում էր իրենց նախընտրական կոռուպցիային, ո՛չ իրենք պարզ բացատրություն տվեցին, ո՛չ հակակոռուպցիոնը տեղից շարժվեց՝ դրանց վերաբերյալ ինչ-որ բաներ ճշտելու, ո՛չ էլ սահմանադրականի դատավորներին հետաքրքրեց դա։ Շատ պարզ օրինակի վրա երեւում է դա՝ իրենք մեկ ամիս քարոզչություն են արել դրոն շոուներով եւ այլն, եւ այդ մեկ ամսվա ծախսն ավելի քիչ է, քան Երեւանում երեխաների համար կազմակերպված միջոցառման ծախսը։ Իրենք չեն ներկայացրել ծախսերը, բայց պայմանական, մեր կոպիտ հաշվարկով, 400-800 մլն դրամի չափով իրենք կարող էին գերազանցել։ Սրան կարելի է ավելացնել նաեւ զորահանդեսի ծախսերը, որը նույնպես քարոզչական միջոցառում է եղել։ Իրենք միջոցառումը առաջ ասում էին՝ հեսա տեսեք, թե ինչ միջոցառում ենք անելու, իսկ միջոցառումից հետո ասում էին՝ տեսա՞ք ինչ միջոցառում արեցինք։ Այսինքն, իրենք բերել են, այդ միջոցառումը դարձրել են քաղաքական քարոզարշավի մաս։ Կարող էին անել ընդամենը ու անցնել առաջ, ասել, որ պետական միջոցառում է, դրան չենք անդրադառնում, բայց ակնհայտ է, որ իրենք այդ միջոցառումն արել են հենց քարոզչական նպատակով, ընդ որում, արել են շտապողական՝ մեկ անձից գնումով, նախապես պլանավորված չի եղել։ Նույնկերպ նաեւ թոշակների բարձրացումը, երբ ընտրությունից առաջ բարձրացնում են, բայց նախապես պլանավորված չի եղել բյուջեով։

- Այսինքն՝ դուք այս պարագայում որեւէ սպասելիք չունե՞ք։

- Դժվար է այդ հարցին պատասխանելը, որպես իրավաբան՝ չեմ կարող ասել, որ սպասելիք չունեմ, ամեն դեպքում, փաստարկները լրիվ հիմնավոր են, եւ մարդիկ նայելով տեսել են, որ դրանք բավարարման ենթակա են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image