Ատեստավորված ուսուցիչները ե՞րբ կստանան իրենց հավելավճարները

Ատեստավորված ուսուցիչները ե՞րբ կստանան իրենց հավելավճարները

Նախորդ տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն առաջին անգամ կազմակերպվեց էլեկտրոնային ձեւաչափով, որին մասնակցելու համար դիմել էր 6 հազար 260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Սակայն հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել էր միայն 4 հազար 982-ը (փաստորեն, 1278 հոգի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փոշմանել եւ չէր ներկայացել ատեստավորմանը)։

Ըստ ԿԳՄՍՆ-ի, ատեստավորմանը մասնակցածները ցուցաբերել են հետեւյալ արդյունքները․ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը, նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն (200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար), 70-79% արդյունք՝ 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով), 80-89% արդյունք ցուցաբերել է 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով), 90-100% արդյունք՝ 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով), 0-59%  արդյունք՝ 1162-ը: Սրանք, ըստ էության, ատեստավորումը չհաղթահարած մարդիկ են։

Սակայն 2024թ.-ին կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչները բարձրացված դրույքաչափով վարձատրությունը կստանան 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչդեռ սոցցանցերում, տարբեր մանկավարժական խմբերում ուսուցիչները նշել էին, որ նախորդ տարիներին բարձրացված վարձատրությունը տրվել է նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին, իսկ այս տարի բարձրացված դրույքաչափերը, չգիտես ինչու, կիրառվելու են հունվարից։ Այս մասով ԿԳՄՍՆ-ից փոխանցեցին՝ քանի որ կամավոր ատեստավորման համակարգն այս տարի փոխվել է՝ իրականացվել է էլեկտրոնային եղանակով, եւ համապատասխան հրամանը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վերջնական ցանկով, հաստատվել է դեկտեմբերի վերջին, դրանով պայմանավորված, կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների վարձատրությունը կսահմանվի ու կտրվի 2025 թ. հունվարից։  

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին, ապա նրանք կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումներն օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետեւաբար, դրանք հետադարձ ուժ չունեն։ Իսկ սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որոնք դրական արդյունք չեն գրանցել նախորդ տարիներին, եւս մեկ հնարավորություն ունեն՝ եկող տարի մասնակցելու ատեստավորմանը։  
Նկատենք, որ ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումներից եւս դժգոհությունները մեծ էին: Դրանք հիմնականում վերաբերում էին թեստերի բովանդակությանը, ատեստավորման նոր` էլեկտրոնային ձեւաչափին ու դրանից բխող մի շարք տեխնիկական խնդիրների: Հատկանշական է, որ գրեթե բոլոր առարկաներից եղել են դժգոհություններ, այդ թվում՝ բողոքարկումներ։