Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղել զորամասում. սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարի վրա

Սյունիքում 3 զինվորների մահից հետո ծեծկռտուք է եղել զորամասում. սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարի վրա

Օրերս Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայող: Զինծառայողներից երեքը զոհվել էին, մեկին հաջողվել է ողջ մնալ: Hraparak.am-ի՝ Պաշտպանության նախարարության աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գեղի գյուղի մոտ: Այդ հատվածում զորամասից մինչև դիրքեր մոտ 3.5 կմ ճանապարհ է, որը ձնից մաքրելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միշտ դիզվառելիք է տրամադրում զորամասին: Սակայն այս անգամ ճանապարհը մաքրված չի եղել, թեև դիզվառելիքը հատկացված է եղել: Ի դեպ, Սյունիքում վերջերս գումարտակի նոր հրամանատար է նշանակվել, փոխվել է նաև հենց այդ զորամասի վաշտի հրամանատարը: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ, դեպքից հետո խոշոր միջադեպ և քաշքշուկ է եղել զորամասում: Սպաները մոտ 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա՝ բացատրություն պահանջելով միջադեպի հետ կապված: Կրքերն այնքան են թեժացել, որ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը առաջարկել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին միասին գնալ դեպքի վայր: Նրանց, սակայն, չի հաջողվել թուլացնել լարվածությունը և որոշ ժամանակ անց, Բուդաղյանն ու Փարսյանը հեռացել են զորամասից՝ ասելով, որ դեռ կանդրադառնա խնդրին:

Նշենք, որ բանակում այս տարվա առաջին 44 օրերին 13 զինվոր է զոհվել՝ բոլորը չպարզված հանգամանքներում: ՊՆ մեր աղբյուրը սա բացատրվում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում: 

Մենք կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունի։

Մենք կապվեցինք նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ տեղի է ունեցել, որին ինքը անձամբ մասնակցել է՝ վիճակը հանդարտեցնելու նպատակով․

« Ծեծկռոտուք չի եղել, որպես այդպիսին վիճաբանություն էլ չի եղել, որոշակի հարցեր են ունեցել պայմանագրայինները սպաների հետ՝ հարց ու պատասխան, այդքան բան։ Ընդհանրապես նյութական հարց չկար, ավելի շատ փոխհարաբերություների խնդիր կար, ոչ կանոնադրային հարաբերություններ »։

Հարցրինք՝ իսկ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը իր հետ եղե՞լ է, Փարսյանը մտածեց ու պատասխանեց․

« Էդպես չի եղել, ավելի շատ գիտե՞ք ինչպես է եղել։ Ես տղաներին երեկոյան հրավիրեցի ինձ մոտ զրույցի, ես չեմ գնացել այնտեղ»,- պատասխանեց Փարսյանը։