Ակադեմիական քաղաքը հիմնադրելու համար ստեղծվում է հիմնադրամ
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
Ըստ այդմ՝ ««Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու եւ վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումն առավել նպատակահարմար կազմակերպական ձեւ է ընտրվել։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը եւ բարելավումը, հետազոտությունը եւ ուսումը խթանող, գրավիչ, ապահով եւ անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական եւ թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաեւ ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (վարչապետի հրամանով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Վարդգեսի Սիմոնյանը), եռամսյա ժամկետում կձեւավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամն ու նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը։ Խորհրդի ի պաշտոնե մյուս անդամներն են՝ ԿԳՄՍ նախարարը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, արդարադատության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարները, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն եւ սահմանված այլ գործառույթներ:
Հիշեցնենք, որ նախօրեին անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընդհանուր ֆինանսավորման չափին՝ ԿԳՄՍ նախարարը նշել էր, որ ֆինանսավորման վերջնական ծավալը պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո․ «Որովհետեւ նախագծերի մեջ են լինելու համապատասխան ծավալային հաշվարկները, որոնք պարզ են դարձնելու, թե ինչ ֆինանսավորման մասին է խոսքը։ Մենք քննարկում ենք նաեւ տարբեր կլաստերներով տարբեր ժամկետներում աշխատանքներն իրականացնելու հնարավորությունները, ինչը նշանակում է, որ ավելի փուլային սկզբունքով կգնանք։ Մենք քննարկում ենք նաեւ պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափը, որպեսզի այս ծավալի աշխատանքն իրականացվի, կան տարբեր հնարավորություններ, ֆինանսավորման գործիքներ, եւ կախված ծավալներից՝ դրանք կընտրվեն համապատասխան մարմինների հետ խորհրդակցելով»։
Կարծիքներ