Հայաստանը պարտավորված է լինելու ձերբակալել Պուտինին․ Գուրգեն Պետրոսյան

Հայաստանը պարտավորված է լինելու ձերբակալել Պուտինին․ Գուրգեն Պետրոսյան

«Իրավաչափության վերաբերյալ՝ արդյոք դա տեղավորվո՞ւմ է դատարանի իրավաչափության սահմաններում, թե՞ ոչ, իրականում կան բավական ակնհայտ դեպքեր, որտեղ երևում է, որ պատերազմական հացագործություններ են կատարվում ռուսական զինյալների կողմից։ Այստեղ ամեն ինչ կենտրոնանում է հետևյալ հարց շուրջ․ այն, ինչի համար Պուտինի կալանքի որոշումն է կայացվել, վերաբերվում է Պուտինի կողմից ուկրաինացի երեխաների ադապտացմանը», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հայ-գերմանական իրավաբանների ասոցացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։

«Երեխաներն ի սկզբանե պաշտպանված են Ժնևյան կոնվեցիաներով և եթե զինյալները գրավյալ տարածքներից հանում են երեխաներին և իրենց նկատմամբ ադոպտացիոն ծրագրեր են իրականացնում ապա դա կարող է ինչ-որ չափով տեղավորվել պատերազմական հանցագործությունների շրջանակներում։ Սակայն այստեղ կապը և ընդհանրապես գործողությունը ոչ այնքան ակնհայտ է, որ սա կարող է պատերազմական հանցագործություն դիտարկվել, այսինքն, այստեղ իրավական որոշակի խնդիրներ կարող են առաջանալ։ Այնպես չի, որ ակնհայտ է այս պարագայում, եթե իրենք օրինակ Բուչայի պարագայում իրենք պատերազմական հանցագործության որոշում կայացնեին, ապա այստեղ երևի թե իրավական այդքան շատ դիսկուրս չլիներ, բայց, ըստ երևույթին, իրենց հիմնական նպատակը եղել է, որպեսզի կապ հաստատեն հենց ՌԴ նախագահի և հանցագործության միջև՝ Բուչայի պարագայում դժվար է այդ կապը հաստատել նախագահի և հանցագործության միջև, որովհետև դա կատարվել է զինյալների կողմից»,- ասաց Պետրոսյանը։
Միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ այս պարագայում երևելի է այն փաստը, որ հենց Պուտինն է ստորագրել այն դեկրետը, որի համաձայն ուկրաինացի երեխաներին պիտի ադապտացնեն և Ռուսաստանի քաղաքացիություն հանձնեն։ Հնարավոր չէ ասել՝ արդյոք սա իրավաչափության սահմանազանցում է։ Պետրոսյանը նկատում է, որ կա իրավական դիսկուրս, սակայն հարցը խնդրահարույց է և սա առաջին դեպքն է ընդհանուր առմամբ միջազգային քրեական դատարանի պրակտիկայում, որ այս պատերազմական հանցագործությունը մտնում է դատական ատյան, որպեսզի ենթարկվի մեկնաբանման։

Փորձագետից հետաքրքրվեցինք, եթե նույնիսկ Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել, ապա այդ որոշումն ինչպե՞ս պետք է իրագործվի, արդյոք կան որոշակի մեխանիզմներ, որոնց միջոցով այդ ձերբակալումը պետք է իրագործվի։ Գուրգեն Պետրոսյանն ասաց, որ Հաագայի դատարանը չունի որևիցե ոստիկանական համակարգ կամ այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ձերբակալեն փնտրվող անձին և այս որոշումները հիմնվում են պետությունների համագործակցության վրա։
«Պետություններն են պարտավոր իրականացնել Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալությունը։ Այս որոշմամբ իրականում այլ նպատակ է հետապնդվում․ որպեսզի սահմանափակեն Ռուսաստանի Դաշնության նախագահի ճամփորդությունները, որովհետև 123 պետություն ինքն այլևս չի կարող ազատ ճամփորդել, որովհետև այդ 123 պետությունը պարտավոր են լինելու ձերբակալել և միջազգային քրեական դատարանին հանձնել Պուտինին։ Սա իհարկե շատ խնդրահարույց թեմա է, մենք ունենք միջազգային քրեական դատարանի պարագայում երեք օրինակ, որտեղ գործող նախագահի նկատմամբ է կայացվել կալանքի որոշում կամ հրավերի որոշում, մեկը վերաբերում էր Սուդանի նախկին նախագահին, ով ճամփորդում էր անդամ պետություններ և այնտեղ մեծ քանակությամբ դժվարություններ էին առաջանում անդամ պետությունների համար, դա Չադն էր, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն էր, որտեղ Սուդանի նախագահը կալանքի առկայության դեպքում գտնվում էր, սակայն այդ պետությունները պատրաստակամ չէին իրականացնել համագործակցության պարտավորությունը։ Արդյունքում դատարանի կողմից ենթարկվում էին մեծ ճնշման՝ իրենց պարտավորությունները չկատարելու համար, ինչից նրանք փորձում էին հնարավորինս խույս տալ, ասելով, որ դատական ատյանը չի աշխատում, այդպիսի արագությամբ չեն կարող որոշում կայացնել, իրավաբանորեն փորձել են խույս տալ, սակայն արդյունքում ենթարկվել են մեծ քաղաքական ճնշման»,-ասաց վերջինս։

Պետրոսյանը շեշտեց, որ մեր պարագայում, եթե մենք գնում ենք ՄՔԴ (Միջազգային քրեական դատարանի) անդամակցության, ապա այդ հարցը նույնպես առաջանալու է՝ թե ՌԴ նախագահի այցելությունը և թե այլ զինվորականների այցերը Հայաստան կարող են սահմանափակվել, որովհետև ակնհայտ խնդիր կա, քանի որ հայկական տարածքում պարտավոր ենք լինելու նրանց ձերբակալել։

Փորձեցինք հստակեցնել, թե Պուտինի այցելության դեպքում Հայաստանը ստիպված է լինելու ձերբակալե՞լ վերջինիս, միջազգային իրավունքի մասնագետն ասաց, որ Հայաստանը պարտավոր է ձերբակալել։ Անհրաժեշտ է տարբերակել երկու բան, առաջինը դա արդարադատության դատարանի որոշումն է Լաչինի միջանցքի վերաբերյալ, և սա  պետական պատասխանատվության հարց է։

«Միջազգային քրեական դատարանը հիմնականում վերաբերվում է անձին քրեական պատասխանատվությանը՝ այստեղ պետք է տարանջատել այս երկու բանը։ Բացի դրանից, պետք է տարանջատել այն, որ այստեղ նաև քաղաքական կոմպոնենտներ կան։ Ադրբեջանը արևմտյան պետությունների համար դեռևս չի դիտարկվում որպես գործոն, նույնն էլ մեզ է վերաբերում, քանի որ մենք փոքր դերակատար ենք։ Իսկ այդ խաղերն միջազգային մակարդակի ավելի լուրջ թեմաներ են իրենցից ներկայացնում, որտեղ որ անմիջականորեն իրենց շահերին է առնչվում այդ ամենը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, իհարկե, այս որոշումը քաղաքական տեսանկյունից երկու սուր է առաջացնում Հայաստանի համար։ Եթե մենք անդամակցենք ՄՔԴ-ին, ապա Ռուսաստանը փորձելու է մեզ ամեն կերպ պատժել, եթե մենք չանդամակցենք, այն պարագայում, երբ որ հայտարարել ենք դրա մասին, ապա այդտեղ արևմտյան պետությունները կփորձեն մեր դեմ օգտագործել, ասելով՝ տեսեք, դուք համագործակցում եք պատերազմական հանցագործի հետ և այլն, և այլն։ Այստեղ շատ լուրջ քաղաքական խնդիրներ են առաջանում մեր անդամակցության վերաբերյալ և մենք պետք է կարողանանք շատ ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշում կայացնել»,-ասաց Գուրգեն Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը, որ Հաագայի դատարանն արդյո՞ք իր այս որոշմամբ չի դառնում քաղաքականության գործիք ու արդյոք սա չի՞ նշանակում, որ այն իրեն այլևս սպառել է ու նոր ձևաչափով դատարան կազմավորելու անհրաժեշտություն կա, Պետրոսյանն ասաց, որ սա լուրջ խնդիր է։ Նա նկատեց, որ սա աշխարհը վերադարձնում է սառը պատերազմի փուլ, երբ աշխարհը բաժանված էր երկու մասի և նույն պատկերը կարող է նաև այս պարագայում ակնհայտ դառնալ, որ չկա համաշխարհային մեկ շահ, այլ կա կոնկրետ արևմտյան աշխարհ։ 
«Սա իրականում մեզ այնքան էլ լավ տեղ չի տանում, քանի որ մենք չենք կարող համեմատել Ռուսաստանի պարագան Լիբիայի, Սուդանի կամ Սիրիայի հետ՝ սա արդեն շատ լուրջ մարտահրավերներ են, որոնք աշխարհակարգ են, այսպես ասած, փոխում։ Հայաստանի համար շատ բարդ է լինելու ի սկզբանե, մենք մեր շահերը չենք կարողանալու պաշտպանենք, որովհետև անընդհատ ընկնելու ենք կամ արևմտյան աշխարհի, կամ ռուսական պատկերացմամբ աշխարհի շրջանակներում։ Մեր շահերը դրա հետևանքով կարող են տուժել, որովհետև մեր նկատմամբ պարբերաբար կարող են այսպիսի պահանջներ ներկայացնել՝ երկկողմանի, ինչը չի հանգեցնելու մեր խնդիրների լուծմանը»,-եզրափակեց Հայ-գերմանական իրավաբանների ասոցացիայի նախագահ Գուրգեն Պետրոսյանը։