Նախկին նախարարը զարմանում է՝ ես այդ հասցեում տարածք չունեմ

Նախկին նախարարը զարմանում է՝ ես այդ հասցեում տարածք չունեմ

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ կոչ է արել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին՝ անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։

Ըստ քաղաքապետարանի՝ այդ հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, սեպտեմբերից սկսել են իրականացվել բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինաշխատանքներ, իսկ նոյեմբերի վերջերից՝ նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ․ «Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության, Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները, նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից», ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Մենք կապվեցինք արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում կտրուկ հերքեց, որ այդ հասցեում ինքը տարածք ունի․

«Տեղեկություն չունեմ, այդպիսի բան առաջին անգամ եմ լսում։ Առաջին անգամ եմ լսում այդ խնդրի մասին։ Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, ես տեղեկություն չունեմ, ես միջոցառման էի, նոր դուրս եկա»։ 

Մենք կրկնեցինք հարցը՝ մեջբերելով քաղաքապետարանի հաղորդագրությունը՝ իսկապե՞ս այդ հասցեում շինարարություն չեք իրականացնո՞ւմ, Հովհաննես Մանուկյանը կրկնեց՝ ոչ։