«Հրապարակ». Դպրոցաշինության միֆ, կամ՝ ինչու չեն կառուցվում խոստացված դպրոցները 

«Հրապարակ». Դպրոցաշինության միֆ, կամ՝ ինչու չեն կառուցվում խոստացված դպրոցները 

Դպրոցաշինութունը Նիկոլ Փաշինյանի սիրած թեման է, առաջնահերթությունը: Որտեղ մի կիսակառույց դպրոց կամ մանկապարտեզ կա, Փաշինյանն այնտեղ է: Շինարարության մեջ գտնվող որոշ դպրոցներ մի քանի անգամ է այցելում, ինչպես, օրինակ, Լոռու Հագվի գյուղի դպրոց, որոշ տեղերում ցնցուղ կամ կախիչ է պոկում, բասկետբոլի շիթն է ուսումնասիրում` ցույց տալով, թե ինչ կարեւոր է իր համար ամեն մանրուք: Բայց արի ու տես՝ իրականում դպրոցաշինության ոլորտում քաոս է, որի մասին Փաշինյանը թերեւս պատկերացում չունի, չի էլ ուզում ունենալ:

Շինարարական կազմակերպություններն աշխատում են առանց շինթույլտվությունների ու նախագծերի, Քաղաքաշինության կոմիտեն ամիսներ, տարիներ տեւող քաշքշուկ է ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, սխալ նախագծեր է հաստատում, որոնք անվերջ փոխվում են, կարող է մրցույթ հայտարարել մի տարածքի համար, որի վերաբերյալ չունի վկայական: Արդյունքում պայմանագրերի ժամկետները խախտվում են, եւ դպրոցի շինարարությունը, որը պետք է կառուցվեր, ասենք, 1-1,5 տարում, տեւում է տարիներ, շինարարներն ահռելի վնասներ են կրում, սնանկանում են, իսկ քաղշինի նախագահ Եղիազար Վարդանյանը, որը, ըստ ամենայնի, այս դաշտից գլուխ չի հանում, իր աշխատանքի թերությունները գցում է շինարարների վրա՝ ասելով, թե շինարարը վատն է: Փաշինյանն էլ չի խորանում: Վատն է՝ փոխեք շինարարին: Եվ ոչ ոք անգամ իր շրջապատից չի կարող բողոքարկել այս վերդիկտը: 

Թե ինչ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեի ներսում, ոչ ոք չգիտի: Իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը դարձել է մի մեծ լվացքատուն, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Դեռեւս 2020 թվականին 30 դպրոցի շինարարության համար տենդերներ են հայտարարվել: 30 դպրոցից շահագործման է հանձնվել մոտ 10-ը: 20 դպրոցի շինարարությունն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Շինարարների հետ պայմանագրերը Եղիազար Վարդանյանի ղեկավարած կոմիտեն խզում է եւ նոր տենդերներ է հայտարարում` նախնական արժեքներից կրկնակի բարձր գներով, պետությանը մեծ վնաս պատճառելով: 

Արդյունքում շինարարության համար, որը պետք է ավարտին հասցվեր, ենթադրենք, 700-800 մլն դրամով, տենդերի է դրվում 1 մլրդ եւ ավելի դրամ արժողությամբ: 

Դպրոցաշինության խոհանոցին տեղեկացանք՝ հետեւելով 2 տենդերի ճակատագրին, որոնք շահել է դպրոցաշինության հարուստ փորձ ունեցող «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Դպրոցներից մեկը Վայոց Ձորի Չիվա գյուղում է: Այն ոչ մի կերպ չի կառուցվում: Մյուսը Նոյեմբերյանի Դովեղ համայնքում է, որի շինարարությունը քաղշին նախագահի շնորհիվ դադարեցվել է անցյալ տարվա մայիսից: 

Երկու դպրոցների համար տենդերները կայացել են 2020 թվականին: 420-450 օրում շինարարությունը պետք է ավարտին հասցվեր, սակայն այս ժամկետում հազիվ պայմանագրերն են կնքվել կապալառուի հետ, իսկ շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, քանի որ քաղշինկոմիտեն շինարարին ո՛չ նախագիծ է տալիս, ո՛չ շինթույլտվություն:

«Կանժիլստրոյ» ՍՊԸ ղեկավար Աշոտ Խաչատուրյանը «Հրապարակին» հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեում բյուրոկրատական քաշքշուկը, ձգձգումներն այնքան մեծ են եղել, որ 24 ամսով տրված շինթույլտվության ժամկետն ավարտվել է, իսկ նորը Կոմիտեն չի տրամադրել, որի հիման վրա պետք է սկսվեին աշխատանքները: «Մենք ստիպված ենք եղել դրանց մեկնարկը տալ առանց շինթույլտվությունների, սխալ, չճշգրտված նախագծերով»,- ասում է Խաչատուրյանը: 

Չիվայի դպրոցը 5 տարի է՝ չի կառուցվում

«Ըստ պայմանագրի, շինարարը պետք է քանդեր տարածքում «գոյություն ունեցող շենքը», ինչի համար նրան տրվել է 2․4 մլն դրամ: Բայց, բացի դպրոցի շենքը, այնտեղ կար փոքր կառույց: Սկզբում կարծեցինք, թե գոյություն ունեցող շինությունն այդ փոքր կառույցն է, պարզվեց՝ ոչ, այդ շենքը դպրոցն է: Այսինքն՝ պետք է մի ամբողջ դպրոց քանդել, հանել մետաղական մասերը, փայտամասը, դռները, լուսամուտները, բոլորը հանձնել համայնքին, իսկ սա հսկայական աշխատանք է։ Դիմում ենք քաղշինկոմիտե, պահանջում ենք վերահաշվարկ: ՔԿ-ն դիմում է նախագծողին, ու վերահաշվարկի արդյունքում  2,4 մլն-ն դառնում է 25 մլն: Մեր առաջ պայման է դրվում, որ 25 մլն դրամի մի մասը կտան չնախատեսված ծախսերի բաժնից, մյուսը՝ տարվա սկզբում, երբ համադրումներ անենք, կատարված աշխատանքի ծավալները կմտցնենք մեջը եւ մեր փողը կստանանք: Մենք այդ պայմանով դպրոցը քանդում ենք, անցնում ենք հիմքերի աշխատանքին ու այստեղ պարզում ենք, որ տված է երրորդ կարգի հիմքերի քանդում, բայց քանի որ նոր դպրոցը հնի տեղում ենք կառուցում, տակը երկաթբետոնի հիմքեր են, այսինքն՝ կրկին վերահաշվարկ ենք պահանջում: Կրկին գումարն ավելանում է, նույն մոտեցմամբ ասում են՝ քանդեք, մենք փողը կտանք: Նախագծողը հաշվարկներն անում է, ֆիքսում է այդ ամենը, ուղարկում է քաղշինին, գործն անում ենք, փողերը չեն տալիս: Կոնկրետ Չիվայով 40 մլն-ից ավելի գումար ունենք, որ դեռ փողերը չենք ստացել»,- պատմում է Աշոտ Խաչատուրյանը: 

Չիվայի դպրոցի կառուցման համար պայմանագիրը կնքվել է 21 թվականի դեկտեմբերին, աշխատանքները սկսվել են 22 թվականին, չունենալով  կոյուղու համակարգի, հենապատի ու բարեկարգման նախագիծ: «Ներսի աշխատանքներն ավարտել ենք, մնում են մաքրման աշխատանքները, բայց քանի որ տարածքը կավահող է, սելավի ջրերը գալիս են, լցվում դպրոց: Դրա համար պետք է տային հենապատի նախագիծ, դա անեինք, ջրահեռացման համակարգը կառուցեինք: Բայց այդ բոլոր նախագծերը՝ քաղշինի կողմից հաստատված, մենք չունենք: Եվ սա՝ այն դեպքում, երբ նախագծողը 24 թվականի մարտից իրենց ուղարկել է նախագծերը: Մինչեւ հիմա մենք դրանք չունենք»,- ասում է շինարարը:

2024 թվականի մայիսից ավարտվել է Չիվայի դպրոցի շինթույլտվության ժամկետը, եւ աշխատանքը դադարում է, քանի որ քաղշինկոմիտեն ո՛չ նախագիծ է հաստատում, ո՛չ շինթույլտվություն է տալիս: 10 գրություն է շինարարն ուղարկում Եղիազար Վարդանյանին, երեքը՝ վարչապետ Փաշինյանին ու մնում է անպատասխան: 

2024 թվականի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը գնում է Չիվա: Մի բնակիչ մոտենում է, ասում, որ շինարարությունը դանդաղ է ընթանում: Այստեղ է, որ վարչապետը, հավանաբար, հարց է տալիս Եղիազարին, թե ինչու է այդպես, վերջինս էլ, բնականաբար, չի ասում, որ ուշացնում է փաստաթղթերը, փողերը չի տալիս, թույլտվությունները չի երկարացնում, եւ ամեն ինչ գցում է շինարարի վրա, թե շինարարն է վատը: Վարչապետն էլ, ինչպես միշտ, առանց խորանալու՝ հավատում է Եղիազարին: 

Նոյեմբերին կապալառուն կասեցնում է աշխատանքները՝ պահանջելով Կոմիտեի նախագահից կատարել իրենց պարտավորությունը եւ տրամադրել նախագծողի կողմից ճշգրտված նախագիծ-նախահաշիվը: Բազմաթիվ նամակ-բողոքներից հետո՝ հունվարին ՍՊԸ-ն առաջարկ է ստանում Կոմիտեից՝ համադրումներ անելու եւ համաձայնագիր կնքելու: Սակայն այս առաջարկը շինարարն ապօրինի է համարում, քանի որ ճշգրտված նախագծերը կրկին չեն տրամադրվել:  Ի վերջո, Կոմիտեն խզում է պայմանագիրն ընկերության հետ,  պահանջում է բանկից 5 օրում տալ ընկերության ներկայացրած 100 մլն դրամի երաշխիքը:

Դովեղի դպրոցի համար մրցույթը քաղշինկոմիտեն հայտարարել էր առանց տարածքի համար վկայական ունենալու

Իր նշանակումից առաջ տենդեր շահած անցանկալի շինարարներից ազատվելու այս նույն մեխանիզմը քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կիրառում է Դովեղի դպրոցի պարագայում: 2020 թվականին շահած տենդերով աշխատանքի փաստացի մեկնարկը քաղշինի կողմից տրվում է 2022 թվականի դեկտեմբերին: Պատճառը Կոմիտեի կողմից թույլ տրված փաստաթղթային ուշացումներն էին, այն, որ մրցույթը հայտարարելու պահին տենդեր հայտարարելիս չի եղել տարածքի վկայական, ինչն օրենքի պահանջ է: Երբ տարածքի վկայականը վերջապես տրվել է, երբ որոշել են, թե որտեղ է լինելու դպրոցը, պարզվել է, որ քանդման ենթակա գրունտը ոչ թե 3-րդ կարգի է, այլ՝ 5-6-րդ կարգի, ինչն ավելի մեծ ծավալի քանդման աշխատանքներ է ենթադրում: Կրկին ծավալների վերահաշվարկների, այլ՝ շինարարից անկախ խնդիրներ են առաջացել, բայց Նիկոլին ներկայացվել է, որ շինարարն է մեղավոր: Այս պահին 143 մլն դրամի աշխատանք կա կատարված, որի համար շինարարին չեն վճարել: 22 թվականին, երբ աշխատանքները սկսվել են, նոր պարզվել է, որ նաեւ նոր հենապատ է պետք, որի արժեքը 475 մլն դրամ են հաշվարկել: «Հենապատի համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի դեկտեմբերին: Եղիազար Վարդանյանն ինձ կանչել է 24 թվի մարտին եւ հանձնաժողովով դադարեցրել է  շինարարությունը՝ ասելով, թե վարչապետը հանձնարալել է ուսումնասիրել հենապատի կառուցման հարցը, ու որ հնարավոր է՝ նպատակահարմար չլինի այդ վայրում դպրոց կառուցելը: Բայց արդեն այդ պահին մոտ 450 մլն դրամի աշխատանք էինք կատարել»:  

Եվ կրկին նույն պատմությունը՝ ճշտված նախագծերը չեն տրամադրվում, նամակներին չեն պատասխանում, էսօր-վաղը անելով՝ խաբում, հասցնում են նրան, որ շինարարը 2024 թվականի նոյեմբերին օրենքի ուժով կասեցնում է պայմանագիրը, կրկին համաձայնագրի կնքման առաջարկ է ստանում Կոմիտեից, որը մերժում է: 

«Համաձայնագիր՝ նշանակում է կատարվելիք աշխատանքների համաձայնեցում իրար հետ, եթե դու նախագիծ ես փոխել, ծավալներ, ես չգիտեմ՝ ինչի տակ ստորագրեմ»,- ասում է Աշոտ Խաչատուրյանը։ 

Ու դարձյալ ՔԿ-ն պայմանագիրը խզում է, 120 մլն քաշում է շինարարի երաշխիքի գումարներից ու նոր տենդեր նշանակում, այս անգամ՝ 1 մլրդ 145 մլն դրամ արժեքով: Այլ կերպ ասած՝ 800 մլն դրամի փոխարեն պետությունը Դովեղի դպրոցի շինարարությունն ավարտելու համար ծախսելու է 1,2 մլրդ: 

Այս պատմության շարունակությունը դատական քաշքշուկն է, որն արդեն զուտ երկու կողմերի՝ պետության ու սնանկության եզրին հասցված շինարարի գործն է: Շինարարը մտնում է դատարան, պահանջում, որ ոչ օրինաչափ ճանաչեն քաղշինկոմիտեի գործողությունները, նաեւ՝ որ հայցի ապահովման միջոց կիրառեն, որպեսզի քաղշինն ու ֆինանսների նախարարությունը մինչեւ վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելն իրավունք չունենան քաշել երաշխիքի գումարը։ Դատարանը բավարարում է հայցի ապահովման միջոցը, կատարողականը գնում է հարկադիր ծառայություն, բայց Կոմիտեն չի ենթարկվում հարկադիրին, գումարը չի վերադարձնում շինարարին: Հետաքրքիր է, որ դատավորի հարցին, թե ինչու Կոմիտեն չի տրամադրում շինարարին նախագիծ ու շինթույլտվություն, ՔԿ նախագահն աբսուրդ պատասխան է տալիս՝ ոչ ոք չէր խանգարում շինարարին, որ կատարեր իր աշխատանքը:  

ՀԳ. Մարզային շրջագայությունների, «Կրթվելը նորաձեւ է» հանդիպումների ժամանակ Փաշինյանն իրեն մոտեցող քաղաքացիներին լսում է, ժպիտը դեմքին խոստանում` հնարավորության դեպքում զբաղվել նրանց խնդիրներով, հասանելի վարչապետի իմիտացիա է ստեղծում: Բայց նույն Նիկոլը կարող է ամիսներով չպատասխանել մարդկանց նամակներին, պարզապես «բլոկել» նրանց, իսկ միջնորդներին, որոնք փորձում են այս կամ այն հարցը բարձրացնել, կարճ գալիս է բերաններին, թե` փակեք թեման: