«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի մասին Ալիեւի ելույթը երկու բեւեռ է առաջացրել Արցախում

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի մասին Ալիեւի ելույթը երկու բեւեռ է առաջացրել Արցախում

«Արցախում բեւեռացված, երկբեւեռ քաղաքական վիճակ է, եւ անորոշությունը մարդկանց մեջ բավականին խորն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Մի կողմից ճգնաժամը` տնտեսական, սոցիալական, գնալով խորանում է, մյուս կողմից՝ քաղաքական ճգնաժամը, որը միշտ խորացած, խնդրահարույց է եղել, եւ լուծումներ կարծես թե չեն գտնվում։ Տնտեսական ու սոցիալական ճգնաժամն ունի օբյեկտիվ պատճառներ՝ ճանապարհի փակ լինելը, որն իր հետեւանքներն է թողնում տնտեսվարողների վրա ամեն օր՝ սնանկացման, փակման կամ այս կամ այն հաստատությունների ոչ լիարժեք գործելու ձեւով։ Իսկ քաղաքական ճգնաժամն ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվը հետպատերազմյան վիճակի ոչ մի փոփոխություն չունենալն էր քաղաքական դաշտում, սուբյեկտիվն այն է, որ շատ դեպքերում մարդիկ պատերազմից հետո էլ չեն գնահատում, թե ինչքանով պետք է պետականամետ գործողություններ լինեն, ինչքանով պետք է համախմբվածություն ցուցաբերեն ու ոչ թե՝ ես, իմը, իմ թիմը, իմ թայֆեն՝ այսպես ասած, ամեն մեկն իրենն անի։ Էն մեկը գա` էն մեկինը զրկի, կտրի, մյուսը գա` այն մյուսինը զրկի, կտրի, միքսերն առած՝ ամեն մեկը խառնում է։ Եվ անհասկանալի վիճակ է՝ սա դրսի՞ց կառավարվող է, այսինքն՝ դրսից ասվածը՝ Հայաստանի՞ց, ներսի՞ թոհուբոհի արդյունք է, մշակույթի՞ հարց է, թե՞ ոչ»,- ասաց Հովսեփյանը։

Նա շեշտում է, որ Արցախում քաղաքական իրավիճակը շատ բարդ է, դժվար է ինչ-որ բան հասկանալ, ուստի ավելի շատ կողքից դիտողի դերում է, որոշել է ոչ ոքի հետ չառնչվել, քանի որ քաղաքական առումով բացարձակ վստահություն չունի որեւէ քաղաքական անձի հանդեպ։ Եվ եթե չկա վստահություն, ո՛չ պետք է խանգարես, ո՛չ էլ պետք է օգնես, քանի որ չգիտես, թե ելքն ինչպիսին կլինի՝ կարծում է Հովսեփյանը։

Մեր հարցին, թե արդյոք այդ քաղաքական տարաձայնություններն արհեստականորե՞ն են հրահրվում, թե՞ բնականոն զարգացումներ են, Հովսեփյանն ասաց՝ կարող ենք գնահատել որպես արհեստական, սակայն Ադրբեջանն արհեստականորեն անընդհատ փորձում է ներազդել Արցախի քաղաքական դաշտի վրա՝ սեփական մոտեցումներով, եւ այդ ազդեցությունը դրսեւորվում է այնպես, որ քաղաքական լարվածությունն ավելի է սրվում Արցախում՝ արդեն մտնում է բնակչության մեջ։

«Արդեն մի քանի օր է, ինչ Ռուբեն Վարդանյանի  հետ կապված Ալիեւի ելույթը երկու բեւեռ է առաջացրել, քանի որ ունեն անցյալի փորձ` դեռեւս Նիկոլ Փաշինյանի ժամանակից, այն մարդուն, ում որ Ալիեւն ասում է` հեռացրեք, ուրեմն պետք է պաշտպանել, մյուս կողմը, որ ասում էր` Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, նույն ոճով գործում  է նաեւ Ռուբեն Վարդանյանի դեպքում։ Եվ դա բնակչության շրջանում առաջացնում է միմյանց հանդեպ անհասկանալի բացասական վերաբերմունք, չես հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Իսկ քաղաքական դաշտում դեռեւս փորձում են կողմնորոշվել, ինչ-որ լուծումներ գտնել»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Այս բոլոր պրոցեսները խորքային գործընթացների, ուստի եւ ենթադրությունների մակարդակով են։ Մեր հարցին՝ Արցախում ակտիվ հանրային գործիչներից Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ օրերս հանդիպել է Արցախի բոլոր ղեկավարների հետ եւ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվել է կոմիտե ստեղծելու մասին, որը պետք է նախաձեռնի ընտրությունների անցկացումն ու կազմակերպումը եւ լայն լիազորություններ ունենա, Հովսեփյանն ասաց, որ  ընտրությունները կազմակերպվում են սահմանադրության համաձայն, ոչ թե հասարակական կամ քաղաքական գործիչների ներգրավմամբ։

«Արայիկ Հարությունյանը նմանատիպ խմբային կոմիտեների, խորհուրդների ստեղծման շուրջ հայտարարություններ էր արել ու ասել, որ կմանրամասնի փետրվարի 23-ին։ Ինչ վերաբերում է Տիգրան Պետրոսյանի հանդիպումներին ու քննարկումներին: Այս պահին հստակեցված չէ, թե ինչ նկատի ուներ։ Բայց, անկեղծ ասած, ես հասկանում եմ, որ հանրությունը որքան էլ պետք է վերահսկողություն ունենա կառավարության, Ազգային ժողովի` որպես իր կողմից ընտրված մարմնի նկատմամբ, միեւնույն ժամանակ չպիտի մտնի պետական կառավարման թելադրանքների մեջ: Այսինքն՝ ասի, թե ինչ պիտի անեն, ինչպես պիտի անեն։ Շատերը չեն պատկերացնում, թե պետական կառավարումը որն է, հասարակ քաղաքացին դժգոհում է, որ իրեն դիմում գրել են տալիս մեկ կտոր սնունդ ստանալու համար, քաղաքացու համար դա բարդ պրոցես է, բյուրոկրատիա եւ այլն, եւ այլն։ Բայց եթե այդ դիմումը չլինի, հետագայում այդ անձը դիմումի բացակայության հիմքով պատասխանատվություն է կրելու։ Միշտ չէ, որ հանրությունը պատկերացնում է պետական ապարատի գործունեությունը։ Վերահսկողություն, թափանցիկություն՝ խնդիր չէ, ո՞ւր են գումարները, ի՞նչ են եղել եւ այլն՝ դա միշտ պետք է վերահսկվի, եւ պահանջվի այդ վերահսկողությունը եւ ոչ թե մխրճվի եւ կառավարի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հովսեփյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, հանրային ու քաղաքական գործիչներ աղմուկ բարձրացրին եւ կարողացան հետաձգել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Շեշտեց, որ այս առումով հասկանում է Պետրոսյանի հայտարարությունն այն մասով, որ եթե չկա վստահություն Ազգային ժողովի նկատմամբ, հետեւաբար չկա վստահություն Ազգային ժողովի կողմից փոփոխված սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ։