Լելե Թեփեի ողբերգությունը

Լելե Թեփեի ողբերգությունը

Օրերս «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր Լելե Թեփե բարձունքի լուսանկարը, որին կից գրառում էր կատարել՝ հարցեր ուղղելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին․ «Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում:

Ու եթե մի քանի րոպե ազատ ժամանակ գտնես ու նաեւ ասես, թե ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ եւ ՈՒՄ հրամանով են զոհվել մեր տղերքը, հոգաչափ շնորհակալ կլինենք:

ՀԳ. Այս հարցերին, միեւնույն է, շատ շուտով պատասխանելու եք քրեական վարույթն իրականացնող մարմին: Մենակ չգիտեմ՝ ինչ կարգավիճակով․․․»։

Արթուր Ղազինյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք ինքն ունի՞ այդ հարցերի պատասխանը եւ որեւէ տեղեկատվություն Լելե Թեփեի գործողության մասին։ Նա ասաց․ «Ես ակնկալում եմ պատասխան պաշտոնական աղբյուրներից, այն, ինչ ես գիտեմ, դա ես գիտեմ, ինչ որ գիտեն հարյուրավոր, հազարավոր մարդիկ, իրենք գիտեն։ Այստեղ պետք է, որ իշխանությունն ունենա համարձակություն եւ պատասխանի այդ հարցերին»։

Իսկ պաշտոնական շրջանակներից որեւէ կերպ արձագանքե՞լ են իր գրառմանը։ «Բացարձակ, հարցերը նշված են, եւ եթե իրենք ունենային բավարար համարձակություն եւ հանձնառություն՝ հանրության առաջ մաքրվելու իրենց տված կեղծիքի ու ստերի համար, գուցեեւ կարողանային պատասխանել այդ հարցին, բայց ամենակարեւորն այն հարցն է, թե հանուն ինչի են զոհվել։ Դա իրենց պիտի հարցնել»։ Ղազինյանին հարցրինք՝ զոհվածների թիվը, իր տեղեկություններով, 750 հոգի՞ է։ «Չեմ կարող ասել․․․ Այստեղ իրականում թիվը չէ կարեւոր, երեւույթն է զզվելի ու զազրելի, որ քաղաքական փիառի նպատակով․․․ մի խոսքով՝ չեմ ուզում խոսել այդ մասին»։ Իսկ ճի՞շտ է, որ այդ օպերացիան ղեկավարել է Սամվել Բաբայանը։ «Իրենք պետք է պաշտոնապես պատասխանեն, Դուք ունեք դրա հնարավորությունը՝ «Իմ քայլը» խմբակի ներկայացուցիչներին այդ հարցը տալու։ Թող իրենք պատասխանեն, կամ դիմեք հենց Արծրուն Հովհաննիսյանին․․․»։

Մեր աղբյուրները պատմեցին, որ Լելե Թեփեի պատմությունը հետեւյալն է․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամեն գնով ազատագրել այն բարձունքը, որը «Սերժը տվել էր», որ դրա վրա փիառ արվի։ Այդ օպերացիան իրականացվել է, եւ 700-800 զոհ՝ մեր ամենապատրաստված զորամիավորումը, ոչնչացվել է հենց այդ բարձունքը գրավելու եւ թշնամու կողմից հրթիռակոծվելու պատճառով։