«Հրապարակ». Դա կլինի ազգային կատաստրոֆա

«Հրապարակ». Դա կլինի ազգային կատաստրոֆա

Մինչ Նիկոլ Փաշինյանն անգամ սեփական թիմակիցներից է թաքցնում, թե ինչի շուրջ է բանակցում Ադրբեջանի հետ եւ ինչ առաջարկներ է փոխանցում Ալիեւին, երեկ բանակցային սեղանին դրված հերթական «սկանդալային» փաստաթուղթը գաղտնազերծվեց։ Հիշեցնենք․ 2022թ․ հոկտեմբերի սկզբին տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի փաստաթուղթ՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի սկզբունքների մասին, որից պարզ դարձավ,  թե ինչի շուրջ են 2022թ. սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ Ալիեւի օգնական Հաջիեւը: Որոշ տեղեկություններով, փաստաթուղթը մշակվել էր Վաշինգտոնում` ԱՄՆ-ի հովանու ներքո, եւ դրան Պրահայում հավանություն էին տվել Փաշինյանն ու Ալիեւը։ 

Դեռ այն ժամանակ ՀՀ ընդդիմադիր շրջանակներն ահազանգեցին, որ այդ տարբերակով պայմանագրի ստորագրումը կնշանակի վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին, քանի որ դրանում ասվում էր․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ»: Բացի այդ, տեսանելի էր, որ Արեւմուտքի նպատակն Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն է եւ միջազգային դիտորդների տեղակայումը․ «Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության հարցում»:

Այդ փաստաթուղթն իշխանությունների կողմից չհերքվեց, ոչ էլ հաստատեցին, որ բանակցությունների սեղանին նման փաստաթուղթ կա, թեպետ առանց դրա էլ ամեն ինչ պարզ է․ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հրապարակային հայտարարություններում չեն թաքցնում, որ կողմ են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ շփումներին, իսկ ռուս խաղաղապահների դեմ արշավում են մշտապես։

Ինչեւէ, նախօրեի ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակեց նոր փաստաթուղթ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող խաղաղության պայմանագրի մասին: Այդ փաստաթուղթը, ըստ Աշոտյանի, եղել է նաեւ մյունխենյան հանդիպումների ու քննարկումների առարկան, եւ դրա շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել: Այն «սկանդալային» բնորոշումը ստացավ: Եվ տարբեր գնահատականներով՝ ավելի վատն է, քան ամիսներ առաջ հրապարակվածը: Այստեղ խոսք անգամ չկա «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտային միավորի, Արցախի օրինական ընտրված իշխանության եւ այլնի մասին, իսկ ռուսական խաղաղարար առաքելության մասին բառ անգամ չկա։

Մեր տեղեկություններով՝ Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը բրյուսելյան տարբերակն է, մշակվել է այնտեղ։ Ըստ այդ փաստաթղթի երկրորդ կետի, պայմանագրի տեքստում անդրադարձ կլինի միջպետական հարաբերությունների բոլոր խնդիրներին. «Իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի այդ համաձայնագրի մաս։ Ի հավելումն, համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։ Հայաստանը հրապարակավ կարտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների համապարփակ կարգավորումները պետք է հստակեցվեն մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը»։ 

Փաստաթղթի երրորդ կետը վերաբերում է Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ բանակցությունների մեկնարկին. «Բաքուն անհապաղ կերպով կմեկնարկի կառուցվածքային (структурированный) երկխոսությունը Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքների եւ անվտանգության մասին փոխադարձ ընկալումը։ ԵՄ-ն հասանելի է՝ խորհրդատվություն տրամադրել այս գործընթացին»։

Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ՝ այս կետով ՀՀ իշխանությունը փորձել է փրկել դեմքը՝ տպավորություն ստեղծելով, թե իր վարած քաղաքականության արդյունքում հասել են նրան, որ Բաքուն ու Ստեփանակերտը բանակցում են միմյանց հետ, մինչդեռ իրականում «Նիկոլի կողմից բանակցվող փաթեթը ոչ թե Բաքու-Ստեփանակերտ հավասարը հավասարի բանակցելու ձեւաչափ է, այլ Նիկոլը բանակցում է Ստեփանակերտը Բաքվի մեջ ուծացնելու վերջնական քաղաքականությունը, քանի որ, ըստ համաձայնեցված սկզբունքի, Բաքուն Արցախում նշանակելու է մարդու, ում միջոցով փոխանցելու է, թե արցախցիներն ինչ անեն, իրենց ինչպես պահեն»:
Փաստաթղթի չորրորդ կետը վերաբերում է Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների հարցերի շուրջ միջազգային ներառմանը. «Ադրբեջանն ու ԵՄ-ն կիրականացնեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների հարցերին։ Ադրբեջանը կներառի նաեւ ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարին։ ԵՄ-ն կունենա նաեւ շփումներ Ղարաբաղի հայերի հետ կա՛մ տեղում, կա՛մ տարածաշրջանում»։ Հինգերորդ կետը ենթադրում է՝ առաջընթացի մշտական դիտարկում առաջնորդների կողմից. «Առաջնորդները պարբերաբար, բոլոր կետերով կդիտարկեն առաջընթացը Բրյուսելում նրանց եռակողմ հանդիպումների ընթացքում»։

Երեկ փորձեցինք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ այս գաղտնազերծված փաստաթղթի վերաբերյալ, սակայն ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ ԱԽ գրասենյակից մեզ չպատասխանեցին։ Ուշագրավ է, սակայն, որ կառավարության նիստում երեկ Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ դրան, ինչպես անում է սովորաբար, երբ հրապարակ է նետվում որեւէ աղմկոտ տեղեկություն։ Աշոտյանի հրապարակած փաստաթղթին իշխանականներից անդրադարձավ միայն ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ այն էլ չհերքեց տեղեկատվությունը, իր ոճի մեջ պիտակավորեց․ «Աշոտյան Արմենի՝ չգիտես որտեղից պեղած, հրապարակած «սկանդալային» փաստաթղթի մեջ ամենասկանդալայինը թերեւս «սկանդալային» բառն էր»։

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս մի քանի գաղտնազերծված տեքստերի էվոլյուցիային, նշեց, որ այն ամենեւին չի բխում Արցախի շահերից, եւ դրա ստորագրումը կնշանակի Արցախը վերջնականապես հանձնել Ադրբեջանին․ «Իհարկե, մենք չունենք հաստատում, որ հենց այդ փաստաթուղթն է բանակցվում եւ ստորագրվելու, չեմ բացառում, որ հրապարակվածն Ադրբեջանի առաջարկներն են, իրենց տեսլականը, իրենց ցանկությունը, որը, բնականաբար, անընդունելի է»։

Բաբայանի կարծիքով՝ իդեալական տարբերակը կլիներ այն, որ խաղաղության պայմանագրեր ստորագրվեին ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ․ «Բոլոր կողմերը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, այս ճանապարհով միայն հնարավոր կլիներ համապարփակ կարգավորման հասնել, բայց մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը դժվար թե գնա նման քայլի, հատկապես՝ հիմա, երբ մեզ պարտված ու թույլ է համարում, բայց մենք էլ չպետք է ընդունենք Ադրբեջանի տարբերակը եւ ինքներս ճանաչենք Արցախն Ադրբեջանի մաս։ Դա կլինի ազգային կատաստրոֆա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար, առանց Արցախի Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա»։

ՀԳ․ Նշենք, որ անցած շաբաթ ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել է, թե մեր եւ Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցել են իրար, եւ մեծ է հավանականությունը, որ այս տարի խաղաղության պայմանագիրը կստորագրվի։