Քաղաքականություն

«Հրապարակ». Ազգային ժողովն իր պատմության մեջ երբեք այսքան ցածր վարկանիշ չի ունեցել

«Հրապարակ». Ազգային ժողովն իր պատմության մեջ երբեք այսքան ցածր վարկանիշ չի ունեցել

Հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ազգային համախմբման կառավարություն էր ձեւավորել, որտեղ ներկայացված էին Ազգային ժողովում տեղ գտած քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»՝ մեզ հետ զրույցում հիշեցրեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ես՝ որպես «Ելք» դաշինքի անդամ պատգամավոր, ով ներկայացված էր Ազգային ժողովում, ստանձնել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոն եւ մեկ ամիս անց հրաժարական եմ տվել` հայտնի պատճառներով։ Գիտեք, մտածում եմ՝ ոչ այնքան հայտնի, որովհետեւ շատ հարցեր են առաջանում դրա շուրջ։ Իրականությունն այն էր, որ իմ ներկայացրած կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված հետաձգումը` դրա կիրառման, չքննարկվեց կառավարությունում, եւ Փաշինյանի առաջարկով ուղղակի ընդունվեց այն որպես շարունակվող համակարգ։ Իմ խոսքն այդտեղ այն էր, որ չի կարող ոլորտի պատասխանատու նախարարի արած առաջարկն անգամ չքննարկվել, այլ բան է՝ կհամաձայնեի՞ն այդ լուծման հետ, թե՞ ոչ։ Եվ ընդունվեց այլ լուծում, բայց հետագայում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մենք փոփոխություններ կանենք, եւ իմ առաջարկները կդիտարկվեն, եւ այդ պայմաններով ես շարունակեցի պաշտոնավարումս` մինչեւ նոր ընտրություններ։ Այսինքն՝ մենք պիտի հասկանանք, որ կառավարության նախարարների պատասխանատվության աստիճանը որքան պիտի լինի՝ նրանք պիտի ստանձնեն իրենց ոլորտի պատասխանատվությունը, եւ այդպես չանել՝ նշանակում է լինել միանձնյա կառավարիչ, որը պիտի որոշի բոլոր ոլորտների աշխատանքը։ Այդպես չի կարելի, այդպես չեն ղեկավարում կառավարությունը, եւ իմ անհամաձայնությունն այդտեղ էր»,- ասաց Մանե Թանդիլյանը։

2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Թանդիլյանը հրաժարական տվեց, քանի որ ընտրություններին մասնակցելու էր այլ քաղաքական թիմով։ Ինչ վերաբերում է Արցախում սոցապնախարարի պաշտոնում աշխատելուն, նա նշում է, որ այստեղ իր պաշտոնավարումը շատ ավելի երկար է տեւել, քան Հայաստանում։ Առաջարկը ստացել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից՝ 2020 թ. Արցախ այցելության ժամանակ, եւ, ինչպես ինքն է նշում, ստանձնել է ծանր պատասխանատվություն` դատարկ, անլույս, անջուր եւ անգազ Արցախում լուծել իրենց տները կորցրած մարդկանց սոցիալական խնդիրները։ Նա նշում է, որ արցախցիների ոգու հզորությունը հիացրել է իրեն, ու ընդամենը երկու ամիս անց մարդկանց մեծ մասը վերադարձել է իրենց տներ, որտեղ որ հնարավոր էր վերադառնալ։

«Այդ ժամանակ հետեւելով նաեւ Ադրբեջանի ռեակցիային, ադրբեջանական սոցցանցերի եւ Ալիեւի ռեակցիային, ինձ համար ակնհայտ էր, որ դա միակ գործոնն է այդ փուլում, որ Արցախի հարցը պահելու է օրակարգում»,- նշեց Թանդիլյանը։ Իսկ Հայաստանը գնում էր դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա՝ հենց այդ ժամանակ երեւաց մեր քաղաքական դաշտի սնանկությունը` փոխանակ կարեւորագույն խնդիրների շուրջ նստելու-զրուցելու, ականատես եղանք ատելության, մեկը մյուսին հայհոյելու, պախարակելու, անիծելու արատավոր երեւույթին, ինչը շարունակվում է մինչ օրս։

«Ազգային ժողովն այդքան ցածր վարկանիշ երբեք չի ունեցել իր պատմության մեջ։ Ես զարմանում եմ` այդ մարդիկ հասկանո՞ւմ են, որ դա իրենց պատասխանատվությունն է, որ մարդիկ այդ աստիճան լսել ու հարաբերվել Ազգային ժողովի հետ չեն ցանկանում։ Խորհրդարանական երկրում սա աղետ է։ Եվ իմ տեսած այդ 20 քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ քաղաքացիներին ընտրություն չունենալու, այդ սեւի-սպիտակի, ատելության եւ անմեղսունակության միջեւ ընտրություն չկարողանալ անելու այդ ցցուն օրինակն ինձ ապացուցեց, որ Հայաստանում լուրջ անելիք ունենք, որ Հայաստանում չի մահացել քաղաքական միտքը, որ նվիրյալները չեն վերացել, չեն կորել մարդիկ, ովքեր ունակ են, կարող են եւ նվիրված են իրենց երկրին: Կան, նրանք շատ են, քան երեւում են»,- նշեց «Ապրելու երկիր»-ի համանախագահը։

Մանե Թանդիլյանն ասում է, որ իրենք շատ արագ պետք է հավաքեն քաղաքական այդ թիմը, նոր շունչ բերեն Հայաստանի քաղաքական դաշտ, ներգրավեն մարդկանց, ովքեր խնդիրները լիարժեք հասկանում են, մարտահրավերներից չեն փախչում, պատրաստ են դիմակայել ու ստեղծել թիմ, խոսել ամեն ինչի մասին ու բոլորի հետ բաց՝ առանց պաթոսի։

«Եթե մենք խելքի չգանք, մենք պետություն ենք կորցնում՝ սա պարզ է։ Մենք պիտի խելքի գանք, այդ դասերը պիտի քաղենք»։ Նա շեշտում է, որ մեզ մոտ չկա իրողությունների հստակ գիտակցում՝ քննարկման թեմաները չեն փոխվել՝ նույնն են, ինչ պատերազմից առաջ։ Իսկ մեր խնդիրների արմատները Թանդիլյանը տեսնում է երեսուն տարվա կտրվածքով, թերություններից ամենամեծը հասարակության հետ աշխատանքում բոլոր իշխանությունների ձախողումն է համարում եւ այն, որ հասարակությանը զարգանալու հնարավորություն չի տրվել։

«Մենք թմբիրի մեջ՝ այսպես ինքնախաբեությամբ, թե մենք ամենալավն ենք, ամենամարտունակն ենք, ամենակարողունակն ենք... որովհետեւ իշխանությունը պետք է ցույց տար դա, ոչ թե որ թալանվել է երկիրը, դատարկվել է, հուսախաբ է եղել մեր հանրությունը»,- հայտարարեց նախկին սոցապնախարարը։

Մանե Թանդիլյանը կարեւորում է մարդկանց մեջ վերստին հավատ արթնացնելու գործը եւ ասում, որ պետք չէ լսել վայ-վերլուծաբաններին, գրչակներին։ Այդ տարբերվողներից մեկը Թանդիլյանի համար Ռուբեն Վարդանյանն է, ով հաղթահարելով բոլոր խոչընդոտները, բամբասանքները՝ կատարել է մի արարք, ինչն ընդօրինակման առարկա պետք է լինի։ Նա հիշեց Ռուբեն Վարդանյանի խոսքը` մենք չենք զգում, որ պատերազմական վիճակում ենք. տեղեկատվական, լոբբիստական եւ այն ամենը, ինչ անում են Ադրբեջանն ու Թուրքիան մեր նկատմամբ ու մեզ հետ, ոչնչացում է՝ աստիճանաբար, տարբեր մակարդակներում ու տարբեր ձեւաչափերում։

«Դա այն կարմիր գիծն է ու ազդակը, որ նրա մակարդակի եւ մասշտաբի մարդը որոշեց գնալ Արցախ եւ վերականգնել Արցախում հայ մարդու արժանապատվությունը, հայի ինքնությունը, որովհետեւ այնտեղ այն արմատներն են, որից կարելի է սկսել նորից։ Պետք է վերադառնալ արմատներին»: «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը կարծում է, որ, ունենալով հարեւան թշնամի պետություններ, պետք է կարողանանք սովորել այս միջավայրում կառուցել հզոր երկիր, եւ այդտեղ մեծագույն դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը։

Ինչ վերաբերում է այս իշխանությունների թույլ տված աններելի սխալներին, Թանդիլյանը նշում է․ «Թվում է, թե ժողովրդավարական ընտրություններ են՝ ես տեսնում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչական ռեսուրսի կրկնապատիկ օգտագործում, քան մինչ այդ տեսել եմ նախորդ ընտրություններում։ Այսինքն, որտեղ ունեն կարողություն՝ վարչական ռեսուրսի մասին եմ խոսում՝ ահաբեկելու, մեր ցուցակից մարդկանց վախեցնելով հանելու... ինչո՞ւ, որովհետեւ հասկանում են, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն այն ուժն է, որ նախկին չէ, ներկա չէ, ապագայի իշխանություն է»։

Նրան հասկանալի են իշխանությունների վախերը, սակայն պահվածքն անընդունելի է համարում։ Իրենք Ռուբեն Վարդանյանի հետ ստեղծել են ու կառուցելու են իրական քաղաքական հակակշիռ հանդիսացող ուժ, որն իրական փոփոխությունների ու աշխատանքի է պատրաստ։
Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ ունի իր քաղաքական ուղու մեկնարկը տված «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, Թանդիլյանն ասաց․ «Իմ հարաբերություններն աշխատանքային են` այն իմաստով, որ չկան այս փուլում, բայց մենք բաժանվել ենք շատ քաղաքակիրթ ձեւով, ես երբ նոյեմբերի 20-ին գնացի Արցախ, դիմում եմ գրել՝ կուսակցությունից դուրս գալու համար։ Այդ որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ առանց կուսակցության հետ խորհրդակցելու, ինչն ընդունելի չէ այն իմաստով, որ սա կարեւոր որոշում էր, քայլ, եւ որը քաղաքական արձագանք կունենար, եւ համարել եմ, որ ինձ համար այլեւս կան այնպիսի առաջնահերթություններ, որոնք քննարկման առարկա չեն։ Եվ դա է պատճառը, որ ես իմ ուրույն գիծն եմ վերցրել, համախոհներ գտել` այս ձեւաչափով աշխատելու, եւ շատ ուրախ եմ, որ այդպիսիք կան, գտնվել են, շատ են, եւ մենք նոր քաղաքական ուժով առաջ ենք գնում»։
Ինչ վերաբերում է կուսակցություններ ու ճամբարներ փոխելուն, Թանդիլյանն ասում է, որ ինքը մեկ կուսակցությունից է դուրս եկել եւ հիմնադրել է երկրորդ կուսակցությունը եւ դա նորմալ է համարում` ինչ-որ մի պահի հայացքների, վարքագծի ու գաղափարական տարբերությունների դեպքում այլ կուսակցության հարելը։

Խոսելով իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության ու Հայաստանի արտաքին պարտքի մասին՝ Թանդիլյանը նշում է, որ գրանցված տնտեսական աճը որեւէ կապ չունի կառավարության աշխատանքի հետ, իսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ տնտեսական աճը լինի կայուն, երկարաժամկետ եւ այն ոլորտներում, որոնք ներառականություն են ապահովում, որտեղ զբաղված են մեծ թվով մարդիկ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image