ՀՀ նախագահը Սինգապուրի նախագահին շնորհավորում է, Արցախի նախագահին` ոչ

ՀՀ նախագահը Սինգապուրի նախագահին շնորհավորում է, Արցախի նախագահին` ոչ

Շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովն ընտրեց Հանրապետության 5-րդ նախագահին: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էր նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նրա փոխարեն նշանակվել էր Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Ապա Շահրամանյանին ներկայացրեցին Արցախի խորհրդարանին, որն էլ նրան ընտրեց Արցախի նախագահ։ 

Այս օրերին բազմաթիվ շնորհավորանքներ են հնչել՝ տարբեր անձանցից, կուսակցություններից Արցախում նախագահ ընտրելու կապակցությամբ։ Սակայն, ինչպես անցյալում, այս անգամ էլ Արցախում նախագահի ընտրությունը որոշ երկրներ պաշտոնապես չեն ճանաչել։ Օրինակ, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Կանադան կարծում են, որ Արցախն այս պայմաններում իրավունք չունի նախագահ ընտրել: Եվրամիությունը ևս տարակուսանք է հայտնել Արցախի նախագահի ընտրության հետ կապված, նշելով, որ չի ընդունում այն: Չի ճանաչում նաեւ ՆԱՏՕ-ն։ Բայց նման հայտարարություններ հնչել են յուրաքանչյուր անգամ՝ Արցախի ընտրություններից հետո։ Մինչդեռ ամեն անգամ առաջինը Արցախի ընտրությունները ճանաչել են Հայաստանի իշխանությունները եւ իշխանության տարբեր ճյուղերի ղեկավարները շնորհավորել են ընտրված նախագահին, հաջողություններ մաղթել։

Այս անգամ Հայաստանի իշխանությունները՝ Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի եւ մյուս երկրների իշխանությունների նման չեն շնորհավորել նորանշանակ նախագահին: Ոչ վարչապետ Փաշինյանը, ոչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ոչ էլ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որի միակ գործառույթը դարձել է շնորհավորական և ցավակցական ուղերձներ հղելը, չեն բարեհաճել անգամ մեկ բառ արտաբերել Սամվել Շահրամանյանի մասին: 

ՀՀ նախագահական նստավայրից մենք փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ Վահագն Խաչատուրյանը որևէ խոսք, շնորհավորական ուղերձ չի հրապարակել Արցախի նորընտիր նախագահին ուղղված: Նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Դե եթե շնորհավորական ուղերձ լիներ, տեքստը սիրուն ձևով կհրապարակվեր»: Հարցին, իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահը չի շնորհավորում Շահրամանյանին, մեր զրուցակիցը նշեց, որ հարցին պատասխանել չի կարող, նախագահը հանդիպման է և նրանից ճշտել ևս չի կարող: 

Նշենք, որ ընդամենը վեց օր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանն անգամ շնորհավորել էր Սինգապուրի նորընտիր նախագահ Թարման Շանմուգարաթնամին` ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, սակայն հայկական Արցախի նորընտիր նախագահին ոչ շնորհավորել է, ոչ էլ փաստորեն պատրաստվում է շնորհավորել: