Եթե իր պատմությունը ես գրեմ, պարզ է, թե ինչպիսին կմնա պատմության մեջ

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իրեն կրկին համեմատեց Պապ թագավորի հետ: Հարցին, թե ինչպես է նա մնալու պատմության մեջ, ինչպես են իրեն հիշելու, Փաշինյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ով է գրելու պատմությունը, ապա բերեց Պապ թագավորի օրինակը: Ըստ Փաշինյանի` Պապ թագավորին եկեղեցին ներկայացրել է որպես եղկելի ու զազրելի մի կերպար, Նեռի դաշնակից, ով խլել է եկողեցապատկան հողերը, փակել կուսանոցները և այլն, մինչդեռ, ըստ Փաշինյանի, Պապը եղել է պետականապետ գործիչ, կուսանոցները փակել է ազգի վերարտադրությունը ապահովելու համար, հողերը եկեղեցուց վերցրել է պետական բյուջեում մուտքեր ապահովելու համար և այլն: Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն մեղադրեց թագավորի կերպարը խեղաթյուրելու մեջ` նկատի ունենալով, որ հիմա էլ իր կերպարն է խեղաթյուրվում: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե իրո՞ք Փաշինյանն ու Պապ թագավորը նույնական կերպարներ են, իրո՞ք Պապ թագավորի կերպարը եկողեցին խեղաթյուրել է, և արդյո՞ք Փաշինյանի կերպարն էլ են խեղաթյուրում հիմա նույն կերպ.
«Ես արդեն բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դրա ասածները ոչ լսում եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մեկնաբանելու: Իր ասածները ինձ հետաքրքիր չեն. ոչ Պապ թագավորն է ինձ հետաքրքիր, ոչ ինքն է հետաքրքիր: Ոչ Պապ թագավորի կերպարն է ինձ համար ընդունելի կերպար, ոչ իր կերպարն է ընդունելի: Հիմա եթե իր պատմությունը ես պիտի գրեմ, պարզ է, թե ինքը ինչպիսին պիտի մնա պատմության մեջ»,- պատասխանեց Միքայել սրբազանը:
- Բայց օբյեկտի՞վ են եղել Պապ թագավորի մասին գրվածքները, Սրբազան Հայր:
- Իհարկե օբյեկտիվ են եղել: Չի կարող չունենալ սուբյեկտիվիզմի տարրեր ցանկացած բան, բայց, իհարկե, օբյեկտիվ է եղել, ինչի մասին է խոսքը: Պապ Թագավորը ինչպիսի կերպար որ եղել է, այդպիսին էլ պատմության մեջ մնացել է:
-Պետականապե՞տ էր, թե՞ պետականաքանդ էր:
- Կարելի է ցանկությամբ լինեն պետականամետ, բայց գործունեությամբ` պետականաքանդ: Եթե տգետ ես, դիլետանտ և անպետք, ինչքան էլ քեզ մոտ լինեն բարի ցանկություններ ու բարի տրամադրություններ` լավ բան անելու, կստացվի հիմարություն: Խոսքը վերաբերում է վերջին Պապ թագավորին:
Կարծիքներ