Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները նահանջե՞լ են

Սեւ լճի տարածքից ադրբեջանցիները նահանջե՞լ են

Երեկ Սյունիքի մարզի Վերինշեն համայնքի բնակիչներից ահազանգ ստացանք, որ անցած տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքի որոշակի մաս զավթած ադրբեջանցիները մոտ մեկ շաբաթ է՝ նահանջել են, սակայն ԶՈՒ բանակային կորպուսն այդպես էլ չի բարձրանում եւ տեղակայվում այդ դիրքերում, որոնք ստրատեգիական են, անգամ, կարելի է ասել, հոգեբանական նշանակություն ունեն։ Բնակիչները համայնքապետարանի միջոցով փորձել են տեղի հրամանատարական կազմից պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում, բանակը չի փորձում առաջ գնալ եւ դիրքավորվել բավականին շահավետ դիրքերում: Սակայն բանակային կորպուսի հրամանատարությունը ժամանակ է խնդրել՝ կցկտուր տեղեկություն փոխանցելով, թե գուցե ժամանակավոր են նահանջել, սպասենք, տեսնենք` ինչ է լինում, եւ այլն։

Բանն այն է, որ այս շրջանում Սեւ լճի տարածքում եղանակային անբարենպաստ պայմաններ են, գիշերը սաստիկ ցուրտ է լինում, բանակի հրամկազմից փոխանցել են նաեւ, որ ադրբեջանցիները գիշերը հետ են քաշվում, իսկ ցերեկները վերադառնում են։ Սյունիքի հարակից համայնքներում եւ մասնավորապես Վերինշենում վրդովված են, ասում են` բավականին լավ հնարավորություն է ստեղծվել՝ հետ վերադարձնելու մեզնից զավթվածը եւ այն էլ՝ ռազմավարական դիրքեր։ «Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ չեն փորձում մեր դիրքերը վերադարձնել, որոնք ռազմավարական նշանակության դիրքեր են։ Եթե մի զինվոր էլ իրենցից այդտեղ կանգնի, իրենց բայրաքթար պետք չի գա` կոորդինատներ տալու համար։ Այնտեղից ամեն ինչ երեւում է, մեծ բարձունք է, Գորիսի հյուսիսային հատվածն է, այնտեղից մինչեւ հարավ, մինչեւ իրենց դիրքերը՝ Շուռնուխ, Կապանի հարակից դիրքեր, ամբողջը տեսանելի է։ Մեր գյուղից պարզ երեւում է իրենց շարժը»,- պատմեց մեր զրուցակիցը, ում խնդրանքով նրա ինքնությունը չենք բացահայտում։

Մենք կապվեցինք նաեւ Վերինշեն համայնքի ավագանու անդամ, «Առուշանյան դաշինքի» ներկայացուցիչ Նարեկ Օրդյանի հետ, ով մեզ ուղղորդեց ՊՆ-ի կողմը՝ ասելով, որ չի կարող մեր հարցերին պատասխանել։ Մարդկանց վախը բռնել են` լրագրողների հետ զրուցելուց, տարրական տեղեկություններ փոխանցելուց զգուշանում են, որ չմեղադրվեն դավաճանության մեջ: Իսկ պաշտպանության նախարարությունից, որը ստեր տարածելու մեծ վարպետ է դարձել վերջին տարիներին, եւ հերքում են անգամ ամենաստույգ տեղեկությունները, լսելով մեր հարցը` պահանջեցին գրավոր հարցում ուղարկել իրենց, որ օրերով պահեն, ապա մի լղոզված պատասխան ուղարկեն։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը Սեւ լճի տարածք են ներխուժել 44-օրյա պատերազմից մոտ կես տարի անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին։ «Սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հակառակորդը հերթական սադրանքն էր իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, մոտ 3.5 կիլոմետր խորացել Սեւ լճի հարակից, հայկական կողմից անպաշտպան մնացած տարածքում եւ մինչ օրս այնտեղ է։ Այդ ներխուժումից շաբաթներ անց` հունիսի 20-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վճռեց Սեւ լճի զավթված տարածքի ճակատագիրը՝ հայտարարելով, որ 20-30 տոկոսի համար չէին պատերազմելու։ 

«Այս ընթացքում Սեւ լճի հետ կապված այդքան թեմա անցավ: Սովետական Միության քարտեզները հրապարակվեցին, եւ մենք բոլորս տեսանք, որ այն վերեւի մի հատվածը սահմանն անցնում է ջրի միջով, եւ դա 20-30 տոկոսն է մոտավոր: Հիմա եկեք հասկանանք, նայենք, ուսումնասիրենք՝ արդյո՞ք այդպես է, թե՞ չէ, եւ մենք Սեւ լճի այդ 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու, չի լինում այդպես ուղղակի, մենք չենք գնալու ուղղակի իրավիճակի սրմանը»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ հետագայում առաջ քաշեց «հայելային» հետքաշման թեզը, սակայն ոչ ոք չհասկացավ, թե ինչու պետք է մեր բանակը մեր իսկ տարածքում հետ քաշվի, որպեսզի մի քանի կիլոմետր էլ հետ քաշվեն մեր տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը: Ենթադրվում է, որ ներկայում, երբ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Սեւ լճի հատվածից, մեր բանակին հրահանգ է իջել՝ առաջ չգնալ եւ հակառակորդի թողած դիրքերը հետ չգրավել` դե հո չե՞ն պատերազմելու այդ 20-30 տոկոսի համար։