Ոչ թե կորոնավիրուսին, այլ «Ոչ»-ին ենք թաղել

Ոչ թե կորոնավիրուսին, այլ «Ոչ»-ին ենք թաղել

Էջմիածնի Մաշտոց-Անդրանիկ Օզանյան փողոցների խաչմերուկում մի գերեզմանաթումբ էր հայտնվել։ Բնակիչների ասելով՝ կորոնավիրուսին են հուղարկավորել։ Թմբի շուրջ հավաքված տղամարդիկ, սակայն, հերքեցին, որ «գերեզմանը» թագակիր վիրուսի համար է։ «Ոչ»-ի թաղումն էինք անում՝ ասացին։

«Ոչ»-ին հանձնելով հողին՝ ոմանք, կեսլուրջ-կեսկատակ, նույնիսկ խնկարկել են «գերեզմանը»։ Դեպքին անմիջապես արձագանքել է Էջմիածնի քաղաքապետարանը։ Դիանա Գասպարյանը կարգադրել է վերացնել թումբն ու մաքրել քաղաքի մուտքը տհաճ տեսարանից։
«Գերեզմանաթմբի» հեղինակը Մաշտոց-Օզանյան փողոցների խաչմերուկում կայանող տաքսու վարորդներն էին։ Նրանց ասելով՝ թումբն արդեն կար, որ իրենք գերեզման սարքելու միտք հղացան։ «Էլեկտրացանցի աշխատողները քանդել-թողել էին, մենք էլ, ի նշան իրենց անգործության, որոշեցինք այսպիսի ակցիա անել։ Հա՛մ «ոչ»-ին թաղել, հա՛մ էլ արտահայտել մեր դժգոհությունը ցանցի վատ աշխատանքի համար»,- ասաց Արմեն Մեհրաբյանը։

Վերջինս ու նրա գործընկերներն «այո»-ի կողմնակիցներ են, բայց պայմանով, որ դրանից հետո լավ ապրեն, աշխատեն ու արժանապատիվ աշխատավարձ ստանան, որ բռնել-բաց թողնել այլեւս չլինի։ «Հիմա կարեւորն այն է, որ ազատության շունչն ենք զգում։ Մնացածը ժամանակի ընթացքում կարվի։ Իսկ եթե ոչ՝ նորից ոտքի կկանգնեք»,- ասաց Նորիկ անունով տղամարդը։ Հավաքվածների ասելով՝ երբեք այսքան ազատ չեն ապրել, նույնիսկ քաղաքում ազատ չեն տեղաշարժվել։ «Կարեւոր փոփոխություն է եղել, բայց առաջ գնալու համար դա բավարար չէ։ Իշխանությունները պետք է նաեւ նորը ստեղծելու կամք ունենան, որ մարդկանց կյանքի որակը փոխվի, որ ամեն մարդ իր գործին լինի ու խաչմերուկներում պարապ կանգնելու ժամանակ չունենա։ Փաշինյանն ասում է՝ դուք եք վարչապետը։ Ես դա զգում եմ, բայց եթե մի օր հասկանամ, որ ժողովրդի խոսքն արժեք չունի, նորից հեղափոխություն կլինի։ Որովհետեւ այն, ինչ ձեռք բերեցինք, մեկ անձի պայքարի արդյունք չէր․ հեղափոխությունը բոլորիս հաղթանակն է, ու բոլորս պետք է օգտվենք դրա պտուղներից»,- ասաց Արմեն Մեհրաբյանը։

Հավաքվածների համոզմամբ՝ Փաշինյանի կառավարության նկատմամբ հավատն էլ ավելի կմեծանա, եթե հեղափոխական թիմը վարկավորման պայմանները բարելավելու, վարկերի տոկոսներն իջեցնելու տարբերակներ գտնի։ «Կմտնեն ժողովրդի աչքը»,- ասացին նրանք։