Քաղաքականություն

Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել

Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել

ՀՀ գլխավոր դատախազությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի ձեռքը կրակն է ընկել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել էր դատախազություն` հիմնվելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության վրա, քանի որ ֆիլմը պարունակում է «անչափահասների սոցիալական վարքին բացասական ազդեցություն ունեցող տարրեր, մասնավորապես, կարող է նպաստել ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի տարրերի ընդօրինակման»: Նախարարությունը, հղում անելով «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, ընդգծել է, որ արգելվում է երեխայի առողջության և դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության տարածումը։ 

Հիմա դատախազությունը չգիտի ինչ անել այդ դիմումի հետ` ոչ ուզում է մերժել, ոչ էլ կարող է քրեաիրավական գնահատական տալ, քանի որ նման հիմքեր առկա չեն։ «Ջրից չոր դուրս» գալու եւ պատասխանատվությունն այլ կառույցի վրա բարդելու համար դատախազությունն էլ իր հերթին դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Եւ ասում են, որ ԲՏԱ նախարարությունը որոշակի լիազորություն ունի այս հարցը լուծելու, սրա վերաբերյալ որոշում կայացնելու։ 

Այս դիմումով աղմուկ հանած եւ հանրության սերիալներ չսիրող հատվածի հավանությանն արժանացած Ժաննա Անդրեասյանին չնեղացնելու եւ կտրուկ չմերժելու համար, դատախազությունը մանևրել է` գնդակը նետելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դաշտ։ Գլխավոր դատախազությունից դիմումի վերաբերյալ «Հրապարակ»-ին փոխանցեցին. «Միջնորդագրեր են ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հաղորդագրությամբ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image