Զինեք գյուղերը եւ մղեք ինքնապաշտպանության

Զինեք գյուղերը եւ մղեք ինքնապաշտպանության

«Այն, ինչը խաթարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որեւէ մեկը որեւէ կերպ իրավունք չունի լուծելու, ուզում է լինի նվիրյալ, հերոս, տականք, թե որեւէ իշխանություն, սա ազգի լուծելիք խնդիրն է՝ Սահմանադրության կամ հանրաքվեի միջոցով»,- ասում է ազատամարտիկ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

«Այսքան ժամանակ Սահմանադրական դատարանի դեմ այս իշխանությունների պայքարը հենց դրա համար էր, որպեսզի ինչ ուզեն, անցկացնեն, բայց անգամ այդ ամենաթողությունը որեւէ մեկին չի լիազորում առանց համազգային որոշման, հանրաքվեի ՀՀ սահմանները փոփոխել: Սահմանների համար պատասխանատու է թե՛ ԱԱԾ-ն, որին ենթակա են սահմանապահ զորքերը, թե՛ ՊՆ-ն, որը պետք է խստորեն պատժի բոլոր նրանց, որոնց ապիկարության, անգործության հետեւանքով հակառակորդն այդքան խորացել է մեր տարածք։ Այս մասով պետք է լինեն կոնկրետ պատասխանատուներ՝ մայոր, գեներալ, փոխգնդապետ, ովքեր հրաման են տվել՝ անտեր թողնելու ՀՀ սահմանները, պետք է բարձրաձայնել, թե ովքեր են այդ անգործունեության հեղինակները։ Ազգը պետք է իմանա՝ ովքեր են իր տականքները, սրիկաները, դավաճանները, ովքեր նաեւ այս ամենի հեղինակն են։ Իհարկե, գլխավոր հեղինակն իշխանությունն է, կառավարությունը, որը պատերազմից 7-8 ամիս անց մինչեւ հիմա դեռ ասում է, որ ՀՀ սահմաններն անվտանգ են։ Շուռնուխում վայրագություններ էին կատարվում, ասում էին՝ դեմարկացիա է կատարվում, որպեսզի փափուկ բարձ դնեին հայ մարդու գլխի տակ։ Դե հիմա խոսեք ու պատասխանեք, երբ ՀՀ սահմանները մի տեղում չէ, որ անվտանգ չեն, եւ մի տեղում չէ, որ խախտված են»։

Գագիկ Գինոսյանն ընդգծում է, որ դեռ 2013-14թթ․ Սյունիքի Կապույտ գյուղի հատվածում ՀՀ սահմանը Նախիջեւանի հետ խախտվել է․ «Նախորդ իշխանությունների օրոք հակառակորդը բավականին առաջ է եկել, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Այսինքն՝ վտանգը վաղուց կախված է մեր գլխին, ու մենք դրա մասին լռում ենք, հիմա ավելի ահագնացել է, ու մենք հանկարծակիի ենք եկել՝ առանց գիտակցելու, որ դա վաղուց իրագործվող խնդիր է, եւ երբ 2016-ի ապրիլին երկրի նախագահն ասում էր՝ կարեւոր նշանակություն չունեցող տարածք, իսկ ներկայիս մի պատգամավոր էլ ասում է՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի ինչ-որ տարածք։ Ամային ձեր ուղեղն է ու հոգիները, որ չեք հասկանում, թե ինչ է հայրենիքը, ուրիշ ամայի բան Հայաստանում չկա։ Տականք եւ տգետ մարդիկ այդպես պետք է խոսեն, որովհետեւ ՀՀ սահմաններն անձեռնմխելի են, եւ դրա պաշտպանը հայոց բանակն է։ Այլ խնդիր է, որ այն, ինչ պետք է պաշտպանված լիներ, վաղուց խաթարված է, 8 ամիս խաբեությամբ ասում էին, որ լուծում ենք հարցերը, փոխվարչապետը մի քանի ամիս առաջ ասաց, որ ՀՀ սահմաններն անվտանգ են, հիմա ասում է՝ ոտնձգություն կա, բա այդ ժամանակ չէի՞ք մտածում, որ պատերազմող երկիր է, երբ Ալիեւը հայտարարում էր՝ ուժով էլ լինի, միջանցքը կբացենք, այդ հոխորտանքները ձեզ ոչինչ չէի՞ն ասում»։

Չնայած բախտորոշ իրավիճակին, երկրի ներսում դեռ չեն գիտակցում վտանգի մասշտաբները․ «Ամեն օր Երեւանում ասֆալտ են փռում, հենց հիմա Թբիլիսյան խճուղին ամբողջովին քանդված է՝ ասֆալտը քանդում են, փռում են, Հանրապետության հրապարակում էլ շատրվաններ են վերանորոգում, եւ այդպես ամբողջ քաղաքը անհասկանալի բանով է զբաղված, փոխանակ ազգային անվտանգությամբ զբաղվեն։ Ռազմական ռելսերի վրա պետք է տեղափոխել երկիրը։ Իսկ տեսանյութերը, որ տեղադրում են ադրբեջանցիները եւ ցուցադրում, թե ինչպես են նսեմացնում հայ զինվորին, դա նրանից է, որ թիկունքում պետություն գոյություն չունի, ավելին՝ պետությունը հրամայել է չկրակել»։

Թե ինչով է բացատրում այդ հրամանը, Գինոսյանը նկատում է․ «Որովհետեւ Պուտինն ասել է, որ գերակա խնդիրը չկրակելու պայմանը չխախտելն է, որովհետեւ մենք չունենք իշխանություն, մենք ունենք ինչ-որ երկրի ստրուկներ, որոնք կատարում են այլ երկրների կամայականությունները։ Սա ակնհայտ է, այլապես ինչպե՞ս կարելի է ասել՝ 3․5 կմ ներխուժել են մեր երկրի տարածք, որը նկատել է մի հովիվ ու տեղեկացրել այդ մասին։ Իրականում սա ծաղր է, եթե հանկարծ հովիվն իր ոչխարներին չտաներ սարը, թշնամին կարող էր ոչ թե 3․5, այլ 15․5 կմ ներխուժեր մեր տարածք, ու մի օր թուրքին հայտնաբերեինք մեր տանը։ Եթե մենք մեր երկրի անվտանգությունը չենք ապահովում, ո՞վ է այս իշխանությունը եւ ի՞նչ գործ ունի մեր երկրում»։

Գ․ Գինոսյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է մերժի մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր իշխանություններին։ «Սկսած առաջին նախագահից մինչեւ այս վերջին վարչապետը, հիմա զբաղված են աթոռակռվով եւ իրար վրա հերյուրանքներ թափելով, բայց նրանցից որեւէ մեկը չի ասում՝ ո՞նց լուծել այս խնդիրը։ Բոլոր ժամանակների հայոց իշխանությունները եղել են ուրիշի ստրուկը, եւ այս մարդիկ ազգից, արժանապատվությունից խոսելու իրավունք չունեն, որովհետեւ այսօրվա մեղավորները բոլորն են՝ 91-ից առայսօր, 30 տարվա բոլոր իշխանությունները դրա համահեղինակներն են, եւ բոլորն անխտիր պետք է հեռանան կամ ինքնասպան լինեն։ Իրենք են հեղինակն ազգային այս ողբերգության, եւ եթե մի կտոր արժանապատվություն ունենային, վաղուց իրենց կյանքին վերջ տված կլինեին»,- ասում է Գինոսյանն ու կարեւորում ինքնապաշտպանության հանգամանքը, անկախ նրանից, որ բանակ ունենք, որն այսօր նսեմացված է։

Նա նաեւ կոչով դիմում է սփյուռքին՝ հորդորով տեր կանգնել Հայաստանին․ «Գուցե առաջին հայացքից թշնամական բան եմ ասում, բայց մի օգնեք բանակին, տեր կանգնեք սահմանապահ գյուղերին, զինեք սահմանապահ ուժերը, իրենք կինքնապաշտպանվեն, եկեք կերտեք այն, ինչ ժամանակին կերտեց Գարեգին Նժդեհը Սյունիքում, Լեռնահայաստանի գաղափարն է փրկությունը, ոչ թե այն, ինչ կոչվում է կեղծ անկախություն, որը երբեւէ գոյություն չի ունեցել, մենք ընդամենը ստրկացել ենք այդ գաղափարի տակ եւ երբեք անկախ չենք եղել, ուղղորդվել ենք օտար, դրսի ուժերով եւ ընդամենը ունեցել ենք դավաճան մարզպաններ, որոնք ստրկացրել են ազգին։ Եվ այն, ինչ հիմա կատարվում է, դրա շարունակությունն է։ Կոչ եմ անում բոլոր հայերին՝ սփյուռքում, այստեղ․ ով հնարավորություն ունի, զինեք ազգն ընդդեմ թուրքի եւ ներքին տականքի, զինեք գյուղերը, ոտքի հանեք եւ մղեք ինքնապաշտպանության։ Հակառակ դեպքում, եթե Հայաստանի միջով ինչ-որ ճանապարհ կամ միջանցք անցնի, դա կլինի Հայաստանի մահվան դատավճիռը։ Նորից եմ ասում՝ որեւէ մեկն իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու, ով ուզում է լինի։ Դա ազգի որոշելիք խնդիրն է, ոչ թե ինչ-որ կերպարների, որ ինքնագլուխ եկան իշխանության»։