Երկու թեկնածուի անուն է քննարկվում
Մենք փետրվարի 13-ին գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ «Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի ներկայացնելու է վանաձորցի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Նաև գրել էինք, որ պաշտոնապես ներկայացուցչի անունը կհրապարակվի մարտին։
Այնուհետև Հանրային հեռուստաընկերությունը ի պատասխան մեր հրապարակման հայտնել էր, որ դեռ քննարկումների փուլը շարունակվում է և հստակ չէ, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում: Նշել էին, որ Հայաստանի մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի սկզբին:
Արդեն մարտ ամիսն է, եւ մենք կապ հաստատեցինք Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության պատասխանատու Աննա Օհանյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը եւ երբ պաշտոնապես կհրապարակեն մասնակցի անունը։
«Մինչև ԵՀՄ-ի կողմից (Եվրոպական հեռարձակողների միություն) մեզ ներկայացված վերջնաժամկետը Առաջին ալիքը կներկայացնի մասնակցին և երգը: Հետևեք լուրերին, շատ շուտով կհայտնենք»:
Տեղեկացանք, որ Rosa Linn-ից բացի, որպես «Եվրատեսիլ»-ի հնարավոր պատվիրակ քննարկվում է նաեւ «Նոր ալիք-2021» մրցույթի հաղթող Սարո Գեւորգյանի անունը։ Մեր տեղեկություններով՝ ընտրությունը լինելու է այս երկու երգիչների միջև։
Մեր ճշտող հարցին, թե այլ թեկնածուների եւս դիտարկու՞մ են, Աննա Օհանյանը պատասխանեց. «Նպատակահարմար չենք համարում թեկնածուների շրջանակի հրապարակումը»։
Հիշեցնենք, որ«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:
Կարծիքներ