Բագրատյանին տեսել են Տավուշում՝ ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ

Բագրատյանին տեսել են Տավուշում՝ ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ

ԲՀԿ-ից տարբեր սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռանալու մասին հայտարարությունից առաջ Սերգեյ Բագրատյանը 4 օրով եղել է Տավուշի մարզում՝ Բերդում, Իջևանում, որտեղ նրան տեսել էին ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ու նրա հետևից քայլելիս։

«Հրապարակի» հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը հաստատեց, որ հուլիսի 13,14,15 -ին եղել է Տավուշում։ «Գնացել էի Բերդ, գնացինք Այգեպար, Կարմիրաղբյուր, դիրքերում չենք եղել, գյուղերում ենք եղել, բնակչության հետ շփվել, իրենց հոգսերն ենք նայել, էդ որ տներն ավերվել էր, բարեգործի հետ ենք պայմանավորվել, որ օգնենք, տեսնենք»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։

ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ի՞նչ գործ ուներ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․ «Իրենք առանձին եկան, ես էլ առանձին էի գնացել, ընտեղ տեղում հանդիպեցինք։ Ես նույնիսկ՝ ըտենց․․․ հարցնելով իմացա։ Ինքը ճիշտ ա, բարևեց, հարցրեցի՝ ասի՝ լրագրող ա՞, ասին՝ չէ, ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Հետո էլ ինքը տենց ջերմ հրավիրեց, որ եկեք, միասին գնանք դիրքեր, բայց քանի որ ես նախատեսել էի  Բերդի քաղաքապետին հանդիպեի, հետո եկեղեցականների հետ աշխատանքն էր ինձ շատ դուր եկել, ուզում էի հատուկ շնորհակալություն հայտնեի, իրենց էի ուզում ավելի շատ տեսնեի, ու տենց»։

Պարոն Բագրատյանին հարցրեցինք՝ իսկ Հովհաննես Մովսիսյանի հետ խոսե՞լ է հայտնի դեպքերի մասին՝ ԲՀԿ-ից «պոկվել», և այլն։ Նա էլ ասաց՝ «չէ, չէ, էդ ժամանակ դեռ տենց բան չկար»։

Բնականաբար, «Հրապարակը» չէր կարող շրջանցել ԲՀԿ-ական՝ այլևս նախկին գործընկերների հետ հարաբերությունների մասը։ Լարված հարաբերություններ են, բայց պատրաստվո՞ւմ է, և եթե այո, ապա ինչպե՞ս է պատրաստվում շփվել նախկին կուսակիցների հետ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․«Ամեն մեկն իր աշխատանքն է անում․․․ գործընկերներն էլ եթե․․․ընկեր են, ընկեր են, եթե ընկեր չեն․․․ քաղաքականությունը չպիտի խանգարի անձնական հարաբերություններին»։

Իսկ Բագրատյանը հնարավոր համարո՞ւմ է անձնական հարաբերություններ։ Ասաց՝ «ես խնդիր չունեմ, եթե իրենք ունեն, չգիտեմ»։  Ասացինք՝ «իրենք համարում են, որ Դուք դավաճանեցիք»։ Բագրատյանն էլ՝ «իրենք համարում են, դա էլ իրենց իրավունքն է»։