Մեր իշխանությունը ձեւավորելու հնարավորություն էլ չունենք
Փաշինյանի ձախավեր քաղաքականության շնորհիվ հայ ժողովուրդը զրկվեց Արցախից, Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներից, իսկ շուտով տերը կտա նաեւ Տավուշի եւ Արարատի մարզի նորանոր հատվածներ: Ես ասացի՝ «Փաշինյանի ձախավեր քաղաքականության շնորհիվ», բայց դա դեռ ողջ ճշմարտությունը չէ: Դավաճանական կեցվածք, օտար քաղաքական եւ փողային կենտրոններից կախվածություն, քանդելու մոլուցք, «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մոտեցմամբ կառավարում… Սրանք Նիկոլ Փաշինյան քաղաքական երեւույթի բնորոշ գծերն են (ոչ բոլորը), եւ մեր այսօրվա խայտառակ վիճակը մեծավ մասամբ նաեւ դրանցով է պայմանավորված: Այլ խոսքով՝ Փաշինյանն ուղղակի խաբել է հայ ժողովրդին. խաբելով՝ հայրենազրկել, խաբելով՝ պետականազրկել, խաբելով՝ զրոյացրել անվտանգային համակարգերը, խաբելով՝ ոչնչացրել գիտությունը, կրթությունը, մշակույթը, խաբելով՝ կախվածության մեջ գցել թշնամուց:
Ինչո՞ւ խաբեց… Դա էլ արդեն իրեն հարցրեք, եթե ոչ մի կերպ չեք ուզում ընդունել, որ Փաշինյանը հենց խաբելու պայմանով է բերվել իշխանության: Մեծ խաբեությունները, սովորաբար, գեղեցիկ անուններ են ունենում՝ մայդան, վարդերի հեղափոխություն, թավշյա հեղափոխություն… Սրանց բոլորի արդյունքում մենք ունենք հայրենազրկություն, անվտանգության սպառնալիքներ, մշակութային դեգրադացիաներ, տարածքային կորուստներ, թուլացած անկախություններ, քանդված տնտեսություններ եւ, իհարկե, պառակտված հասարակություններ: Որպես թվարկված մեծ խաբեություններից մեկի սիմվոլ, խորհրդանիշ՝ Փաշինյանը պարզապես չէր կարող բացառություն կազմել:
Փաշինյանի գործած ոճրագործությունների մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ ՀՀ քաղաքացիների իրավազրկումը: Նա իր խաբեություններով հասել է նաեւ դրան: ՀՀ քաղաքացին այսօր ի վիճակի չէ անգամ սեփական կառավարություն եւ իշխանություն ձեւավորել: Երկրի քաղաքական ուժերին ուղղված բոլոր կոչերը, թե այս ինչ եք անում, միավորվեք, աշխատեք ժողովրդի հետ, քաղաքական մթնոլորտ փոխեք երկրում եւ այլն, ուշացած են: Եվ ուշացած են ոչ այն պատճառով, որ քաղաքական ուժերը կամք չունեն միավորվելու, ժողովուրդ առաջնորդելու եւ երկրում քաղաքական մթնոլորտ փոխելու, այլ այն, որ անգամ դրա փորձը կարող է հանգեցնել նոր պատերազմի ու կատակլիզմների, որոնց մասին բաց տեքստով խոսում է Փաշինյանը: Ո՞վ է բռնելու Փաշինյանի ձեռքը, եթե նա, զգալով իր մոտալուտ անկումը, Ալիեւի հետ նոր պայմանավորված պատերազմ սկսի: Ինչպե՞ս ոտքի հանել հայ ժողովրդին (խոսքը նրա մտածող հատվածի մասին չէ), որի ուղեղում արդեն ամրագրված է, որ Փաշինյանի այլընտրանքը պատերազմն է, պետության ու ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը: Այս մտածողությամբ ժողովուրդը ո՛չ փողոցային պայքարով եւ ո՛չ էլ ընտրություններով չի կարող իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Արժե այստեղ ընդգծել, որ խնդիրն այլեւս նախկինների վերադարձի հավանականությունը չէ: Խնդիրը մահվան եւ կախյալ կյանքի միջեւ ընտրությունն է, որ, ավաղ, միշտ եւ բոլոր ժողովուրդների պարագայում երկրորդի օգտին է:
Փաշինյանն իր համահարթեցված ընտրազանգվածին մի անգամ դուզ խոսք ասաց. «Լինելու էր նույն վիճակը, միայն թե՝ առանց զոհերի»: Այս խոսքը` եթե ուրիշ բան չասեմ, այդ նույն ընտրազանգվածի դագաղի վերջին մեխն էր, ու ոչ ոք չզգաց, թե այն ինչպես մեխվեց գույնզգույն թելերով զարդարված չագուճով, այսինքն՝ հերթական խաբեությամբ: Դե եկ ու այս ընտրազանգվածին բացատրիր, որ Փաշինյանը սուտ է խոսում, որ պետք է պայքարել, գնալ ինքնազոհության հանուն հայրենիքի: Փորձիր քո օրինակով ցույց տալ, գնա Տավուշի գյուղերում քեզ կոտորիր, թեկուզ ինքնասպան եղիր… Վաղը Տավուշի հողերը կտա, քեզ էլ որպես գերի կհանձնի Ադրբեջանին ու կասի՝ տեսա՞ք, բա որ ասում էի՝ միեւնույն է, պետք է տայի՞նք…
Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները, եթե բանը դրան հասնի, լինելու են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն իր վերանկախացումից երեքուկես տասնամյակ անց զրկված կլինի սեփական իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից: Որ կողմն էլ հաղթի, նոր ձեւավորված իշխանությունը լինելու է օտարինը՝ Արեւմուտքինը կամ Ռուսաստանինը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում խաղաղություն չի լինի մինչեւ նոր վերանկախացում: Աշխարհաքաղաքական պրոցեսների մի հատկությունն էլ այն է, որ դրանք ոչ թե սկսվում են ու ավարտվում, այլ գոյություն ունեն միշտ ու շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այսօր մենք դրանց դիմակայելու որեւէ ռեսուրս չունենք: Փաշինյանի ցույց տված ֆաներայի կտորի պես հայտնվել ենք բաց ծովում՝ առանց թիակ եւ ուղղություն: Եվ սա պետք է լիներ Փաշինյան երեւույթին խաբվելու գինը:
Այս իրավիճակից ելք գտնելն իսկապես հրաշք կլինի: Երկրի իրական էլիտաների եւ մտածող մարդկանց ուժն արդյոք կբավականացնի՞ իրականացնելու այդ հրաշքը՝ հույս չդնելով այսօրվա կառավարիչների ու Փաշինյանի համահարթեցված ընտրազանգվածի վրա: Քանի՞ մարդ է պետք՝ 10, 20, 300, 5 հազար, 10 հազար: Կա՞ն այդ մարդիկ, որ գիտեն ինչպես հեռացնել Փաշինյանին ու նրա ստախոս խունտան, գիտե՞ն ինչպես հայ ժողովրդին վերադարձնել սեփական իշխանությունը ձեւավորելու իրավունքը, որ նրանից խլվեց 2021թ. հունիսին:
Կարծիքներ