Նախորդ շաբաթ Հանրային հեռուստաընկերության բանավեճի տաղավարում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, անդրադառնալով Գյումրու ընտրություններին, ասել էր, որ ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներն էլ կարող են թեկնածու առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունը քաղաքական շրջանակներն ընկալեցին որպես ակնարկ, որ Մարտուն Գրիգորյանն ուզում է ՔՊ-ի աջակցությամբ քաղաքապետ դառնալ:
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանին առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը կազմված է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից: Զրուցել ենք Երվանդ Թարվերդյանի հետ:
- Հ1-ի եթերում Ձեր արած հայտարարությունից հետո Մարտուն Գրիգորյանը բավականին կտրուկ հայտարարություն տարածեց, թե` «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ կամ ղեկավար չի կարող հայտարարությամբ հանդես գալ` առանց իր հետ համաձայնեցնելու: Շատերը դրանում Ձեզ ուղղված ակնարկ տեսան: Ի վերջո, Ձեր հայտարարություններն ո՞ւմ հետ էիք քննարկել, ինչպե՞ս ստացվեց, որ առանց Մարտուն Գրիգորյանի հետ համաձայնեցնելու, նման տեսակետ հայտնեցիք:
- Դա իմ իդեան էր, իմ առաջարկն էր, եւ եթե այսօր ինչ-որ մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում` լրագրողներ, իմ ասածներին տարակուսանքով են վերաբերվում, ապա ես վստահ եմ, որ այդ առաջարկի համար 2026 թվականին ծափ են տալու: Իսկ ինչ վերաբերում է Մարտոն Գրիգորյանին, ես չեմ կարող նրա փոխարեն ինչ-որ հարցի պատասխանել: Իմ կողմից հնչած մտքերն իմն են: Ես դրանք ոչ մեկի հետ չեմ համաձայնեցնում: Այդ հայտարարությունը Մարտուն Գրիգորյանի մասին չէր, դա մոդելի մասին է: Քանի որ իշխանության ղեկավարը, ըստ էության, ընդունել էր իրենց պարտությունը, ես առաջարկեցի իշխանությանը` թեկնածու չառաջադրել, որպեսզի ավագանին քաղաքապետ ընտրի: Դուք ինձ վաղուց եք ճանաչում եւ լավ գիտեք քաղաքական իմ մոտեցումները: Հայկական քաղաքականության մեջ, եթե, իհարկե, կա այդպիսին, ընդունված չէ տրամաբանությունից դուրս քաղաքական հայտարարություններ, առաջարկություններ լսելը: Իմ արած հայտարարությունը միջազգային տրամաբանության մեջ ընդունված երեւույթ է: Մարդիկ դա կարող են ընդունել կամ չընդունել: Օրինակ, Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ՔՊ-ն, այնուամենայնիվ, իր թեկնածուին է առաջադրելու, վերջ….
- Ձեր հայտարարությունից հետո կոնֆլիկտ եղե՞լ է ինչ-որ մեկի հետ, օրինակ` Մարտուն Գրիգորյանի:
- Ոչ, ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ: Ո՞նց կարող է կոնֆլիկտ լինել, ինչի՞ շուրջ: Չկա նման բան, չի էլ եղել:
- Ձեր առաջարկությունը շատերի մոտ ընկալվել է որպես համագործակցության առաջարկ` իշխանություններին:
- Քաղաքականապես զարգացած մարդիկ չեն կարող այդպես կարծել: Քաղաքականությունից խոսող մարդիկ, այսինքն` անգամ մեկ գիրք չեն կարդացել քաղաքականության մասին, սակայն տարբեր եզրակացություններ են անում: Եկեք տրամաբանենք․ եթե համագործակցություն լիներ, իշխանությունը թեկնածու կառաջադրե՞ր, իհարկե` ոչ: Իմ ասածը կարող էր նոր քաղաքական մշակույթի սկիզբը լինել, բայց մեր քաղաքական դաշտն այսօր պատրաստ չէ միջազգային լարված, փոփոխությունների փուլում նորամուծություններ անել: Ես առնվազն երկու-երեք քայլ առաջ եմ Հայաստանի քաղաքական դաշտում, սա կարող ենք արձանագրել:
- Ինչո՞ւ են ոմանք կարծում, թե Դուք, այնուամենայնիվ, իշխանությունների հետ համագործակցում եք: Նույն խոսակցությունները նաեւ 2023 թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ էին շրջանառվում:
- Համագործակցողնե՞րն են այդպես կարծում: Մարդիկ պարզապես չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում համագործակցություն: Թող բառարանները բացեն եւ կարդան «համագործակցություն» բառի բացատրությունը: Ցանկացած քննարկում արդեն իսկ համագործակցություն է: Մարդիկ չեն տարբերում համագործակցությունը դաշինքից: Հիմա ես ու Դուք զրուցում ենք, մենք համագործակցում ենք:
- Իսկ իշխանությունների հետ զրույց ունեցե՞լ եք:
- Իշխանություն՝ հարաբերական է ասված: Խորհրդարանական ընդդիմությունն էլ է իշխանություն: Արտախորհրդարանական ուժերն էլ որոշ չափով իշխանության մի տեսակ են: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավին, ապա ես ոչ մեկի հետ չեմ ունեցել զրույց: Նրանցից ոչ մեկի հետ իմ առաջարկը չեմ քննարկել: Ես ոչ թե ինչ-որ կոնկրետ մեկին եմ առաջարկ արել, այլ ամբողջ քաղաքական դաշտին առաջարկել եմ նոր մշակույթի ներդրում: Դաշտը կա՛մ չի ընկալել իմ ասածները, կա՛մ էլ ընկալել, սակայն չի ընդունել այն: Ոչինչ, ժամանակին իմ ասածները ստիպված կընդունեն:
- Մարտուն Գրիգորյանն ինչո՞ւ որոշեց առաջադրվել երկու կուսակցությունների համատեղ դաշինքով:
- Այդ հարցը պետք է իրեն ուղղեք:
- Դուք չունե՞ք այդ հարցի պատասխանը:
- Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Դաշինքները կազմվում են` ելնելով քաղաքական ծրագրերից: Այն մոտեցումները, որ ուներ Մարտուն Գրիգորյանը, ամբողջությամբ մեր քաղաքական ուժի կողմից ընդունելի են եղել, եւ Արթուր Վանեցյանի հետ քաղաքական հարթակ ենք ստեղծել, իսկ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է իր թիմի հետ միասին: Նա իսկապես մեծ աշխատանք է կատարել, եւ կարծում եմ, որ հետագայում նրանք մեծ օգուտ կտան Գյումրիին:
- Ինչպե՞ս եք պատկերացնում Գյումրու ավագանու աշխատանքը: Ըստ Ձեզ` առկա պայմաններում կարո՞ղ են աշխատել:
- Հուսանք եւ ցանկանանք, որ ամսի 16-ին, երբ քաղաքապետ կընտրվի, աշխատանքը կլինի արդյունավետ: Կանխատեսում եմ, որ նրանց աշխատանքը լինելու է շատ լավ: