Բազմաթիվ աշակերտներ ստացել են անհարգելի բացականեր

Բազմաթիվ աշակերտներ ստացել են անհարգելի բացականեր

Վերջին ամիսներին, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակն էլ ավելի սրվեց հանրակրթական հաստատություններում, հատկապես՝ բացակայությունների մասով։ Աշակերտներից շատերը, որոնք հիվանդացել եւ դպրոց չեն գնացել, հատել են բացակայությունների թույլատրելի շեմն ու կանգնել փաստի առաջ, քանի որ 120 ժամ բացակայությունների դեպքում չեն կարող փոխադրվել հաջորդ դասարան եւ ստիպված են վերաքննություններ հանձնել։

Ինչպես տեղեկացանք, դպրոցներ կան, որտեղ մի դասարանում անգամ 13 հոգի է հատել բացակայությունների 120 ժամը։ Իսկ որպեսզի դպրոցն անհարգելի չհամարի աշակերտների բացակայությունները, ծնողը պետք է դիմում գրի դպրոցին՝ խնդրելով երեխային ընդգրկել ԿՏԱԿ-ի հեռավար դասերին, քանի որ առկա են առողջական խնդիրներ։ Համապատասխանաբար, դպրոցն էլ աշակերտին ուղարկում է համակարգ մուտք գործելու կոդ եւ թույլ տալիս, որ տվյալ աշակերտը 14 օրով միանա ԿՏԱԿ-ի հեռավար դասերին՝ չստանալով անհարգելի բացականեր։

Ստեղծված իրավիճակում մեղավորությունն ավելի շատ ոչ թե ծնողինն է, ով կարող է եւ չիմանալ, որ նման կարգ կա, այլ՝ դպրոցինը, ուսուցիչը կամ դասղեկն ինքը պետք է զգուշացնի ծնողներին, որ նման կարգ կա։ Հակառակ դեպքում 120 ժամ բացակա ստացած աշակերտները ստիպված են ամբողջ կիսամյակի ուսումնական նյութից քննություն հանձնել, ապա նոր փոխադրվել հաջորդ դասարան։