Մարդը հանձնում է, կնիկը՝ վայելում 

Մարդը հանձնում է, կնիկը՝ վայելում 

Աննա Հակոբյանի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, երեկ ասուլիս էր տալիս ու հերթական անգամ հայտարարեց, որ հողեր է հանձնելու, ճիշտ է՝ դեռ ոչ թե Հայաստանից, այլ` Արցախից։ Նա գրեթե ուղիղ տեքստով ասաց, որ մինչև տարվա վերջ Լաչինի միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելու են Ադրբեջանին, դրա տեղը նոր՝ ավելի բարձրակարգ ճանապարհ են ունենալու արցախցիները, իսկ վերոնշյալ գյուղերի բնակիչներն էլ ստիպված են լինելու լքել իրենց տներն ու տեղափոխվելու այլ բնակավայրեր։ Դրա հարցն էլ են լուծել՝ Արցախի կառավարության բյուջեից գումար կհատկացնեն, որ ապահովեն հերթական տեղահանվածներին կացարանով։ 

Իսկ մինչ Աննա Հակոբյանի ամուսինը հանձնում է Բերձորը, ինքը՝ տիկին Հակոբյանը, զվարճանում է եվրոպաներում։ Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետի կինը պատրաստվում է մեկնել Մոնակո եւ Նիցցա՝ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ։ Հիմա նա «Աննա Հակոբյան» պաշտոնական էջով հաղորդագրությունը հաղորդագրության հետևից է տեղադրում՝ հայաստանցիներին աչքալուսանք տալով, թե ինչ հաճույքների մեջ է Ֆրանսիայի հայտնի լազուրնի ծովափին՝ Նիցցայում, Մոնակոյում, Կաննում։ Մեկ ընթրում է Միջերկրական ծովի ափին գտնվող ռեստորանում, վայելելով Ֆրանսիայի գեղատեսիլ վայրերն ու ծովից փչող զովը, մեկ պաշտոնական ընդունելությունների է արժանանում։

Օրինակ՝ հունիսի 27-ին, ամուսնու տված ասուլիսի օրը, Նիկոլ Փաշինյանի կինը ծաղկավոր սպիտակ զգեստով եւ 2018-ից հետո ձեռք բերած էլիտար քայլվածքով-հայացքով շրջում էր Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Հետո այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ, ճաշել Միջերկրականի ափին գտնվող Promenade ռեստորանում։ Եվ այս ամենի վերաբերյալ նա լուսանկարներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում՝ ջիջիլ գցելով Հայաստանի, Արցախի ու հատկապես Բերձորի և Աղավնոյի հուսահատ ու դժբախտ բնակիչներին, որոնց շուտով իր ամուսինը թողնելու է անտուն։

«Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»,-ահա այսպես իր շքեղ կյանքի մանրամասներն է ներկայացրել վերջին չորս տարում ցոփ ու շվայտ կյանքով ապրող տիկինը։ Եվ մինչ նրա ամուսինը շարունակում է հանձնել Հայաստանի պատմական ու սուվերեն տարածքները, ոչնչացնել հայերի բոլոր երազանքներն ու իղձերը, նրա կինը վայելում է իշխանությունն ու Միջերկրական ծովը։ Նրանց համար ոչինչ են մեր հազարավոր զոհերն ու կրճատված հայրենիքը, արցախցիների վիշտն ու անհեռանկար ապագան։ Նրանք «պատժում» են հայ ազգին՝ իրենց իշխանության բերելու համար։