Չունեւոր մարդիկ նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, գուցե շփոթվել են

Չունեւոր մարդիկ նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, գուցե շփոթվել են

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է պաշտոնավարել։ Ըստ քրեական գործի նյութերի՝ «փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով դրամական աջակցություն անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին»:

Լուսինե Ավետյանին կալանավորեցին, ապա մոտ մեկ շաբաթից՝ հուլիսի 20-ին, ազատ արձակեցին, քանի որ նա իրենից ինչ պահանջվում էր, արել էր․ ցուցմունք էր տվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ, որից հետո կալանավորեցին Առուշանյանին։

Ազատ արձակվելուց հետո մենք բազմիցս փորձել ենք կապվել Ավետյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված է։ Վարչական շրջանի ավագանու անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտրակաշառք չի եղել, ընդամենը եղել է դրամական օգնություն։

- Դրամական օգնությունները պարբերաբա՞ր են տրվում։

- Այո, ընդհանրապես տարվա սկզբում, ավագանու համաձայնությամբ, բյուջեի մինչեւ 15 տոկոսի չափով վերաբաշխումներ են լինում, հետո ինքն է որոշում՝ ինչ, ոնց, տալիս է։

- Ինքը՝ ո՞վ, վարչական ղեկավա՞րը։

- Չէ, Գորիսի համայնքապետը։ Վարչական ղեկավարը, բյուջեի հետ կապված, ընդհանրապես իրավասություններ չունի, միայն ավագանու նիստում խորհրդակցական ձայնի իրավունք ունի, իսկ ընդհանրապես՝ բյուջեի հետ կապ չունի։

- Ո՞ւմ է տրվել օգնությունը, Դուք այդ մարդկանց ճանաչո՞ւմ եք։

- Ոչ բոլորին գիտեմ, բայց դե՝ մեր գյուղացիներին ես ճանաչում եմ։

- Եթե նշում եք, որ ընտրակաշառք չի եղել, այլ՝ օգնություն, այդ դեպքում ինչո՞ւ է Ավետյանն Առուշանյանի դեմ ցուցմունք տվել։

- Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է ցուցմունք տվել, ես իրեն չեմ էլ հանդիպել։ Բայց ընդհանրապես դրամական օգնություն քաղաքապետն է փոխանցում, քաղաքացին գնում ստանում է։ Գուցե վարչական շրջանի ղեկավարն ինչ-որ ինֆորմացիաներ տա ընտանիքի վերաբերյալ, բայց գումարի հետ վարչական շրջանի ղեկավարը կապ չունի։

- Խոսե՞լ եք այդ բնակիչների հետ, իրենք ի՞նչ են ասում, ի՞նչ նպատակով է այդ գումարն իրենց փոխանցվել։

- Դա մինչեւ ընտրությունն է եղել։ Համայնքի ղեկավարը պարբերաբար այցելում է բնակավայր, ամիսը մի անգամ ինքը գալիս է, հավաքվում ենք, խնդիրների մասին ենք խոսում։ Ընթացքում այդ բնակիչները կարող են մոտենալ, եւ եթե դրամական օգնության կարիք լինի, ասեն։ Ես 4 տարի է՝ աշխատում եմ, նախկին համայնքապետի օրոք էլ է այդպես եղել, Առուշանյանի օրոք էլ։ Իրենց պարտականությունների մեջ է դա, իրենք այցելում են, որովհետեւ գյուղացին չի կարող քաղաք գնալ՝ հեռավորության եւ այլ զբաղվածության հարցերով պայմանավորված։

- Ընտրությունների նախաշեմին, ընդհանուր առմամբ, գյուղում որեւէ քաղաքական ուժի ընտրելու համար ընտրակաշառքի դեպքեր եղե՞լ են։

- Բացարձակ, նման բան չկա։ Մայիսին պարոն Առուշանյանը եկել է, անգամ քարոզ չի եղել։ Դաշտ տանող մեր ճանապարհի մասին է խոսք բացվել, լուսավորության, ջրի հետ կապված հարցեր են եղել։

- Այն մարդկանց, որոնց տրվել է այդ գումարը, հրավիրե՞լ են հարցաքննության։

- Գիտեմ, որ կանչել են, տարել են մարդկանց, լսել եմ, որ եղել է նման բան։ Իրենք միամիտ մարդիկ են, կան մարդիկ, որոնք նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, հարցաքննության ժամանակ գուցե շփոթվեն էլ։ Չունեւոր մարդիկ են, վատ պայմաններում են ապրում։

Մենուա Հովսեփյանն էլ, որը ժամանակավորապես կատարում է Գորիսի քաղաքապետի պարտականությունները, ասաց, որ Լուսինե Ավետյանի հետ «դեռեւս հանդիպում չի ունեցել»։
Դատախազությունից հայտնել էին, որ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ավետյանը խոստովանական ցուցմունք է տվել եւ օժանդակել հանցագործության բացահայտմանը, խափանման միջոցը փոխում են։