Ընտրությունները՝ հունիսի սկզբին եւ հին օրենսգրքով

Ընտրությունները՝ հունիսի սկզբին եւ հին օրենսգրքով

Կեսօրին մենք գրեցինք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոց է կանչել ԱԺ Իմ քայլը խմբակցության եւ ՔՊ վարչության անդամներին։ Բոլորը հրատապ հավաքվել են Պռոշյանի առանձնատներում։ Քննարկման թեման եղել է ԱԺ արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ անհնարին է այլեւս հետաձգել դրանք, մանավանդ պատրվակները, թե՝ ընդդիմությունը չի ուզում, կամ՝ հանրային պահանջ չկա, արդեն իսկ պարզ է, որ սնանկ են։

Մեր տեղեկություններով, ընտրությունների անցկացումը նաեւ միջազգային կարծիքից է բխում՝ եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը հորդորում են Փաշինյանին գնալ ընտրությունների։ Երկիրն այլեւս օդում կախած պահել հնարավոր չէ՝ կյանքը կանգնել է եւ պետությունը պարզապես խոր ճգնաժամի եւ լճացման մեջ է հայտնվել։                                                

Եւ այսօր, նա իր թիմին տեղեկացրել է, որ գնում են ընտրությունների։ ԱԺ արտահերթ ընտրություններն, ըստ ամենայնի, կկայանան հունիսի առաջին շաբաթվա մեջ։ Բայց որ առավել ուշագրավ է, հավանական է, որ այդ ընտրությունները կազմակերպվեն հին Ընտրական օրենսգրքով, չնայած նոր օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, սակայն իշխանությունը հասկանում է, որ այս պահին իրեն ձեռնտու է ռեյտինգային ընտրակարգը, որ ցուցակում հայտնված յուրաքանչյուր ոք կաշվից դուրս գա ձայն բերելու համար։

Ճիշտ է՝ կստացվի, որ տարիներ շարունակ Ընտրական օրենսգրքից բողոքող Փաշինյանը երկու անգամ ընտրություն կանի հին օրենսգրքով, բայց դա ավելի կարեւոր չէ, քան առաջիկայում նորից վերարտադրվելու ցանկությունը։