Մանրամասներ Շուշիի մշակույթի տան պայթյունից

Մանրամասներ Շուշիի մշակույթի տան պայթյունից

Հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան ռմբահարումից զոհվեց 22 ոստիկան, մեկը կորավ անհետ: Հարցեր ու չփարատված կասկածներ են մնացել, որոնք տանջում են զոհվածների հարազատներին: Ինչո՞ւ էին 400 ոստիկանների բերել Շուշի, որտեղ ամեն րոպե կար ռմբակոծման վտանգ, ընդ որում, իրենց կամքին հակառակ, ինչո՞ւ էին հավաքել մի վայրում՝ մշակույթի տան փակ տարածքում, ինչո՞ւ նրանց մի մասը չէր մտել ներս՝ դրսում կանգնած էին, իսկ պայթյունից հետո փախան, եւ վերջապես՝ ինչո՞ւ «Լոռայի» թիրախում հենց մշակույթի տան բեմը հայտնվեց: 

Սպանվածներից մեկի այրին՝ Վարդուհի Սահակյանը, համոզված է, որ ամուսինը՝ Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ, մայոր Հակոբ Աղաբեկյանը, եւ մյուս ոստիկանները՝ Խաչիկ Կարապետյան, Կարեն Մանուկյան, Սեւակ Մովսիսյան, դավադրության զոհ են դարձել: Ինչպե՞ս որոշվեց նրանց տանել Շուշի: Այրին հիշում է․ դեպքից մի քանի օր առաջ ոստիկաններին կանչել են Վանաձորի զորամաս՝ հայկական տարածքները հսկելու, սակայն քրեական բաժանմունքի պետ Մկրտչյան Հովհաննեսը, որ մայրն էր հիվանդ, Մուշի բաժնի պետ Հակոբյան Արթուրը հրաժարվել են գնալ: Աղաբեկյանն ամռանը կորոնավիրուս էր տարել, երկկողմանի թոքաբորբով, ղեկին քնում էր, վթարի ենթարկվեց, մատները վնասված էին, ողնաշարի ճողվածք ու սրտի խնդիրներ ուներ, բայց գնաց, որովհետեւ մյուսները հրաժարվեցին: 

Այրին պատմում է, որ ամուսինը եղել է Փամբակում, այնտեղ վատ են վերաբերվել մարդկանց, սնունդ չեն տվել: «Հակոբը տարօրինակ էր իրեն պահում: Զանգել էր, ասել էր հորեղբորս տղային՝ եկել եմ, բայց փոշմանել եմ: Ամուսինս զանգել, ասել են մյուս ոստիկաններին՝ եթե ձեզ կանչեն, չգաք հանկարծ»: Իսկ հոկտեմբերի 3-ին՝ մահից մեկ օր առաջ, Հակոբ Աղաբեկյանը զանգել-ասել է, որ գնում է Ղարաբաղ: Զորքի կեսը տեղյակ չի եղել, որ իրենց տանում են Շուշի: 

«Ոստիկաններին ասել են, որ գնում են տները վերահսկելու, այսինքն՝ ներքին գործառույթներ են իրականացնելու: Գնում-հասնում են Շուշի, դիմավորող չի լինում: Իրենց հարցնում են, թե ինչու եք եկել Շուշի, որ այնտեղ միայն հատուկ ծառայութունների ուժեր են: Դեպքից հետո արդեն իմացանք, որ Հակոբենք օրենքով կանչված չեն եղել: Ոստիկաններն ասել են՝ եթե իմանայինք այսպես է, չէինք գնա: Խրամատներում ավելի ապահով է եղել, քան Շուշի քաղաքում»,- ասում է Վարդուհին: Հակոբ Աղաբեկյանի անունը Շուշի ուղարկվող գնդի ցուցակում առհասարակ չի եղել: 

Շուշիում Հայաստանի տարբեր վայրերից եկած մոտ 400 ոստիկանների մեջ վեճ է առաջացել: Տղաների կեսը հրաժարվել է գնալ առաջնագիծ: Հրաժարվողներին դասալիք են անվանել: Ժամը 4-ին մշակույթի տանը ժողով է նշանակված եղել: Բայց ոստիկանները, որոնք հրաժարվել են գնալ առաջնագիծ, մշակույթի տուն չեն մտել, մնացել են դրսում, հրաժարվել են մասնակցել ժողովին: Հակոբ Աղաբեկյանը մինչեւ ճակատագրական ժողովը, վիճել է զինվորականների հետ: Կինը պատմում է, որ նա չի հասկացել, թե ինչու են իրենց բերել այդ ժողովին, պահանջել է՝ կա՛մ ուղարկել առաջնագիծ, կա՛մ հետ՝ տուն: «Բայց ասել է՝ մտնենք ժողով, դուրս կգանք, հետո կորոշենք ինչ անենք։ Նա նաեւ բրոնեժիլետ է ուզել, բայց չեն տվել: Ասում են՝ ՊՆ-ի աշխատակից Սարգսյան Արթուրը ստիպել է, որ տղաները մտնեն ժողովի»,- պատմում է Վարդուհի Սահակյանը: 

Այս մանրամասները տիկին Վարդուհին պարզել է ոստիկանների հարազատներից: «Մշակույթի տան պահակն ասել է Արթուր Սարգսյանին՝ էս ի՞նչ ես անում, էսքան տղին ինչի՞ ես մտցնում ստեղ: Սարգսյանն ասել է՝ քո գործը չի»:

Արթուր Սարգսյանի որդին, որը նույնպես զինվորական է, հերքում է այս տեղեկությունը: «Դա սուտ է: Այդ լուրերը մենք արդեն հերքել ենք: Դրանք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»:  

Հրամանատարները եղել են բեմին: Հարվածը հենց եղել է բեմին: Հակոբն ու անչափահասների բաժնի պետ Կարեն Մանուկյանն ընկել են նկուղային հարկ, որն անմիջապես բեմի տակ է: «Եղբայրս, որ Մատաղիսում էր կռվում, պարզել է, որ Հակոբի անունը չկա վիրավորների մեջ, բայց մեզ այստեղ խաբում էին, ասում էին՝ ոտն է վիրավոր, գլուխն է վիրավոր, մանիպուլյացիա էին անում», - հայտենց այրին: 

Հակոբ Աղաբեկյանը ընկած է եղել նկուղը եւ 4 օր մնացել է փոսում: Ոստիկանները, որոնք դրսում են եղել, չեն փրկել Հակոբին: Նա մահացել է տրավմատիկ շոկից: Ոտքն է կոտրված եղել: Անգամ ակնոցն աչքին մնացած՝ այդպես մահացել է: «Զորքն իրեն թողեց, հետ եկավ: Ասեցին՝ տեխնիկա էր պետք: Եթե չլիներ ոստիկանության գնդապետ Արթուր Մարտիրոսյանը, նրանց դին էլ չէին բերի: Ամուսնուս մոտ ընկերն է»,- պատմում է կինը:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ ոստիկաններին Շուշիի մշակույթի տուն են մտցրել բացատրական աշխատանքներ տանելու համար: Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցված, սակայն զոհվածների հարազատներին մինչ օրս հարցաքննության չեն կանչել: Նրանք վստահ են, որ քննությունը, եթե անգամ ընթանում է, ձեւական է: «Ես զանգել եմ իրենց, հարցրել եմ՝ ես տուժողի իրավահաջորդ եմ, ինչո՞ւ ինձ չեք կանչել, դեռ մի ամիս առաջ եմ զանգել, ինձ ասել են՝ կզանգենք, բայց մինչեւ հիմա չեն զանգել»,- ասում է զոհվածներից մեկի այրին: Նա խնդրեց իր անունը չնշել, պատմեց, որ երբ ոստիկանները մտնելիս են եղել մշակույթի տուն, տեղի բնակիչները, կանայք զարմացած հետ են քաշել նրանց: «Անգամ 5 հոգի չէր կարելի, որ իրար գլուխ հավաքվեն: Տղաների կողքից անցնող Շուշիի կանայք ասել են նրանց՝ տղա ջան, ցվրվեք: Իրենք էլ զարմացած նայել են այդ կանանց»:

Լոռու մարզային վարչության Բազումի պետ Վազգեն Թորոսյանը, ըստ տեղեկությունների, ստիպել է, որ տղաները մտնեն մշակույթի տուն:  Նա ողջ է եւ նույն պաշտոնն է զբաղեցնում՝ պատմում է զոհվածի այրին՝ ակնկալելով, որ դատախազությունը կարձագանքի այս տեղեկություններին: