Լավ լուր․ Կենդանաբանական այգու՝ երիկամային լուրջ խնդիր ունեցող եղեգնակատուն, որին փրկելու հույս չկար, արդեն ապաքինվում է:
Բայց սա բացառիկ դեպք է գազանանոցի առօրյայից: Իրականում այն, կարծես, մահացու վայր է դարձել կենդանիների համար: Ամեն շաբաթ այստեղից սատկած կենդանիներ են հանում: Տպավորություն է, թե ինչ-որ սեւ ձեռք ցանկանում է վերացնել մեր խեղճացած ֆաունայի վերջին մնացորդները՝ կազմակերպելով կենդանիների սպանդը: Մեկ այլ վարկածով, որը եւս տարածվում է, կենդանիների անկումն այգու աշխատակիցների միջեւ պայքարի հետեւանք է: Աշխատողները թունավորում են կենդանիներին՝ վնասելու այգու ղեկավարության բարի համբավը: Վարկածն այս կեղծ է, եւ, հավանաբար, այն մոգոնել է այգու անշնորհք ղեկավարությունը՝ հանրային պարսավանքից փրկվելու համար: Արդյո՞ք դատախազությանը չի հետաքրքրում, թե ինչու են այսքան կենդանիներ սատկում մի տարածքում, որտեղ նրանք պետք է պահվեին աչքի լույսի պես: Դատախազությունից մեզ պատասխանում են, որ Կենդանաբանական այգում կատարվող իրադարձությունների հետ կապված՝ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, կամ վնասելը) առաջին մասով:
«Այդ գործի շրջանակներում քննության առարկա են դառնալու կենդանիների անկման հետ կապված դեպքերը, նաեւ դրանց պատճառների պարզման տեսանկյունից եւ իրավական գնահատականներ կտրվեն պատասխանատու բոլոր անձանց գործողություններին»,- նշում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հարցին, թե կենդանիները գո՞ւյք են համարվում, որ այդ հոդվածով է հարուցվել, նա պատասխանեց. «Գործը հարուցվել է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք այս փուլում թույլ են տալիս նման հոդվածով գործը հարուցել, բայց արարքների որակման հարցում որեւէ կաշկանդվածություն չկա»: Թե կենդանիների անկման ինչ վիճակագրություն կա գազանանոցում, Աբրահամյանը չպատասխանեց՝ ասելով. «Նման հաշվառում մեզ մոտ չի իրականացվում»: Ոչ պաշտոնական տվյալներով, 2020 թվականին Կենդանաբանական այգում սատկել է մոտ 140 կենդանի, 2021 թվականին 50-80 անկում է գրանցվել: Կենդանաբանական այգիների եվրասիական ասոցիացիայի (ԵԱՌԱԶԱ) տվյալներով, որին անդամակցում է Հայաստանը, 8 տարում Հայաստանում մոտ 1000 կենդանու անկում է եղել: Նոր իշխանություններն անընդհատ ցույց էին տալիս, թե ուշադրության կենտրոնում են պահում գազանանոցը: 2019 թվականին այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր գազանանոց, ծանոթացել խնդիրներին, խումբ ստեղծել, որը պետք է զբաղվեր դրանցով: Սակայն խմբի եռուն աշխատանքի փոխարեն հանրությունը տեսավ գազանանոցի նախկին աշխատակիցների ցույցերը Խաչատրյանի դեմ: 2019 թվականի հոկտեմբերի վերջին անհավանական լուր տարածվեց, թե թափառող շները հոշոտել են երեք կենգուրուի ու երեք մուֆլոնի: Դրանից հետո Խաչատրյանը հրաժարական տվեց, իսկ նրա նախկին հավատարիմ աշխատողը՝ Արեւիկ Մկրտչյանը, դարձավ տնօրեն:
Այսօր ոչինչ չի փոխվել: Կենդանիների անկումն ավելի մեծ թափ է ստացել: Տարեսկզբից մոտ 20 կենդանի արդեն չկա: Ոչ բոլորի մասին է հանրությունը տեղեկացվում: Անցյալ տարվա դեկտեմբերին այգում բեզոարյան այծ սատկեց: Երեկ առավոտյան էլ տնօրենն ահազանգեց, թե ամերիկյան հովազ (յագուար) են գտել՝ անշարժացած, որին ինքն էր Վրաստանից բերել: «Նախնական ախտորոշմամբ, պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնեւմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը»,- ՖԲ-ում գրել էր տնօրենը: Հրավիրված մասնագետները նրան, իբր, ասել են, թե տարածքի թափառող կատուներն ու սննդակարգի վարակված միսը կարող էին կենդանու մոտ հայտնաբերված մակաբուծային հիվանդության պատճառը դառնալ, սակայն ո՛չ մահվան: Այժմ Արեւիկ Մկրտչյանը հանկարծ հիշել է, որ 2016-ից կենդանին պահվել է խնդրահարույց ջեռուցման պայմաններում, չի ունեցել նույնիսկ անկետա, «սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային-թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետեւանք մնալ չէին կարող»: Իհարկե, մեղավորը, ըստ Մկրտչյանի, նախկին տնօրինությունն է, որին նա իր տարբեր «ստատուսներում» բազմաթիվ այլ մեղքերի մեջ է մեղադրում: «Եթե այն ժամանակ այդքան վատ էր, ինչո՞ւ Արեւիկ Մկրտչյանը, որը Ռուբեն Խաչատրյանի աջ ձեռքն էր, այդ ամենի մասին այն ժամանակ չի խոսել»,- հարցնում է անասնաբույժ, այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը: Նրան մի քանի հարց տվեցինք, նախ՝ խնդրեցինք բացատրել, թե ինչն է պատճառը, որ գազանանոցում շուտով կենդանի չի մնա:
- Այգում մասնագետ ընդհանրապես չկա: Բերել են փողոցից պատահական մարդկանց, որոնք չունեն մասնագիտական ո՛չ կրթություն, ո՛չ փորձ: Էկոլոգ են ընդունել, որը փողոցի շներին էր փրկում: Նրան հանձնարարվել է կերակրման ռացիոնով զբաղվել, որը, սովորաբար, լինում էր հաստատված Գիտությունների ակադեմիայի կողմից: Ռացիոնները տարիներ շարունակ չեն փոփոխվել: Երկրորդ․ այգում մատակարար չկա, հունվարից պետք է լիներ նոր մատակարար: Կերերը միշտ մատակարարվել են մրցույթով, բայց միս մոտ մի ամիս է՝ չի մատակարարվել: Այգում սով է եղել մինչ այսօր: Իրենք փորձեցին ձուկ կերակրել, որը չեն կերել: Հետո բերել են սահմանափակ քանակով կովի գլուխ, որը կատվազգիները, օրինակ, չեն կարող ուտել: Բոլոր կենդանիները, թռչունները սովից հյուծված են, եւ նրանց միանգամից կերակրել չի կարելի, եթե նույնիսկ սկսեն ուտել:
- Կատվազգիներն են սատկում՝ հովազը շունչը փչեց, հիմա էլ եղեգնակատուն երիկամային ծանր հիվանդություն ունի:
- Կատվազգին ունի բնորոշ հիվանդություն, որը սովից է առաջանում՝ «жировой липидоз печени»: Լյարդի ֆունկցիայի խանգարում է տեղի ունենում, սպիտակուց որ չի լինում, նա սկսում է մարսել իր ներքին ռեսուրսներն ու մահանում է: Չի բացառվում, որ հովազը դրանից է սատկել:
- Ասում են՝ թոքն էր, որ երկար ժամանակ վատ պայմաններում է պահվել:
- Մի ամիս առաջվա տվյալ ասեմ․ նա ոչ մի հիվանդություն չի ունեցել, առավել եւս՝ երկար ժամանակ: Ասում են՝ հերձել են, բայց ոչ մի մասնագետ նշված չէ:
- Քրեական գործ է հարուցված՝ գույք փչացնելու հոդվածով: Ի՞նչ գիտեք այդ գործի մասին, ու արդյո՞ք կենդանին գույք է:
- Գործը հարւցված է իբր դիտավորյալ թունավորման հետքերով: Նախկին ղեկավարությունն էր դա անում, հիմա էլ սրանք են անում: Դրանով փորձում են իրենց ոչ ճիշտ մասնագիտական մոտեցումը բարդել թունավորման վրա, որ իրենք, իբր, շատ լավ են պահում, իսկ ինչ-որ մարդիկ իրենց ուզում են վնասել: Ժամանակին կենդանին, այո՝ պայմանական համարվում էր գույք, եւ ամեն կենդանի ուներ արժեք, ասենք, առյուծը՝ իքս դրամ: Ռուբեն Խաչատրյանը սարքեց կենդանուն բացառիկ արժեք, այսինքն՝ զրո դրամ, ինչը թույլ տվեց ոչ համարժեք փոխանակումներ անել իր սեփական հիմնադրամի հետ, երեւի, հիշում եք անգղների թեման: Ու հիմա եթե անգամ դա գույք է, այդ գույքն այսօր արժե զրո դրամ:
- Ցավալի է, ինչքան հեռու ենք քաղաքակիրթ երկրներից:
- Իրականում այդքան էլ հեռու չենք, ունենք լուրջ մասնագետներ, կենդանաբանության գծով նույնիսկ համաշխարհային դոկտորներ ունենք, բայց նրանք հատուկ տարվել են ստվեր: Կարծում եմ, կա միտում, բիզնես պլաններ: Կենդանիների այսպիսի աննախադեպ սպանդ երբեք չի եղել: Մի բան էլ՝ կենդանիների մեծ մասը չի ցուցադրվում: Այնտեղ շատ զգուշավոր են: Քաղաքապետարանում էլ ընդհանրապես չեն տիրապետում այս ամենին, եւ ով ինչ ասում է, լսում են:
ՀԳ․ Մենք փորձեցինք նաեւ այգու տնօրենին լսել, սակայն նա ո՛չ մեր զանգերին պատասխանեց, ո՛չ նամակներին: Ստիպված՝ ՖԲ նրա ստատուսի տակ մենաբանության կարգով մեր հարցերն ուղղեցինք: «Այս պահին զբաղվածությունս թույլ չի տալիս արձագանքել բոլոր զանգերին, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Շուտով ամփոփ տվյալներ կհանրայնացնեմ»,- իր իսկ ստատուսի տակ գրել էր տնօրենը: Քիչ է մնում՝ ասես. «Տիկին, ֆեյսից դուրս արի, գործ արա»: