Երեկ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանն ազատ է արձակվել։ Նրա փաստաբան Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է տնային կալանքով եւ գրավով․ որպես գրավ ծառայել է նախկին կնոջ առանձնատունը։
Խոսելով՝ կալանքի հիմքերի մասին, փաստաբանն ասաց, թե որոշումը դեռ չի ստացել, չի կարող հիմնավորումների մասին որեւէ բան ասել․ «Կալանքի ժամկետը լրանում էր, երեք ամիսը մեկ կալանքի ժամկետ է քննարկվում: Դատարանը քննեց, որոշեց, որ տնային կալանքով եւ գրավով պետք է ազատ արձակվի»։
Փաստաբանը փոխանցեց, որ մեղադրողը համաձայն չի եղել դատարանի որոշման հետ․ «Առարկում էր, բայց չեմ կարող ասել՝ բողոքարկելու է թե ոչ»։
Իսկ քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որի Արտակ Գալստյանի՝ կալանքից ազատվելը, ուղիղ կապ ունի քաղաքապետարանում տեղի ունեցող պրոցեսների հետ։ «Ըստ ամենայնի, այս ամենը արվել է նրա համար, որ «Հանրային ձայնից» ավագանու 2 անդամը մասնակցեն նիստերին՝ քվորում ապահովելու համար, քանի որ երեկ 3 հոգի զրկվել է մանդատից, իսկ եթե այս երկուսն էլ բոյկոտեն, քվորում չի ապահովվի»,-նշեց մեր աղբյուրը։
Օրենքով ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում են 33 անդամ. «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 24 անդամ, նրանց դաշնակից ««Հանրապետությունը»՝ 8 անդամ, հետեւաբար նրանց հարկավոր էր «Հանրային ձայնի» ավագանու անդամների մասնակցությունը՝ քվորում ապահովելու համար, քանի որ մյուս երկու՝ «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն «համագործակցում» ՔՊ-ի հետ։
Նշենք, որ երեկ Երևանի ավագանու իշխող թիմն ու նրանց սատարող ուժերը ընդդիմադիր երեք անդամի՝ Գրիգոր Երիցյանին, Անույշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին զրկեցին մանդատներից։ Անույշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին մանդատից զրկելու նախաձեռնությունը «Հանրային ձայն» խմբակցությանն էր, որն այժմ ունի երկու անդամ։ Այս խմբակցությունը բաժանվել է երկու թեւի` Դոգի` Վարդան Ղուկասյանի թեւ եւ Արտակ Գալստյանի թեւ: Ղուկասյանի ավագանիները խմբակցությունից հեռացել են և ինքնուրույն են գործում, իսկ Արտակ Գալստյանի թեւը համագործակցում է ՔՊ-ի հետ եւ դրա շնորհիվ էլ Արտակը, ըստ էության, ազատ արձակվեց կալանավայրից: