Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը, դատելով հրապարակված տեսանյութերից, ներկա էր բացառապես քաղաքական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ինչու տեսանյութերից՝ քանի որ ոչ մի լրագրողի թույլ չտվեցին հատել քաղաքապետարանի մուտքն ու ներսից հետեւել երդմնակալությանը։ Նման բան մեկ էլ 2008 թվականին է եղել, երբ մարտի 1-ից հետո արտակարգ դրություն էր քաղաքում, եւ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կայացավ Օպերայի դահլիճում՝ բացառապես իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քաղաքապետարանից մեզ ասացին, որ հրավիրված են եղել պաշտոնյաներ, դեսպաններ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, մշակույթի եւ սպորտի գործիչներ։ Թե հրավիրվածներից ովքեր են մասնակցել արարողությանը, ովքեր՝ մերժել հրավերը, քաղաքապետարանից չեն պարզաբանում։
Հայկ Մարությանի երդմնակալության ժամանակ, օրինակ, առաջին շարքերում նստած էր Երեւանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը, այդ աթոռին երեկ նստած էր ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը։ Հրավիրված է եղել նաեւ Գարեգին 2-րդը, այս անգամ ներկա էր Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում նկատմամբ քրեական գործ կա հարուցված։ Վեհափառի՝ ներկա չգտնվելու հանգամանքը նույնպես քաղաքապետարանից չեն պարզաբանում։ Ո՛չ նախկին քաղաքապետերը, ո՛չ Երեւանի ավագանու նախկին անդամները ներկա չէին հանդիսավոր արարողությանը։ Մենք կապվեցինք Երեւանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չի մասնակցում Տիգրան Ավինյանի երդմնակալությանը` չե՞ն հրավիրել, թե՞ չի գնացել։ «Տիգրան Ավինյանն ամենացածր ռեյտինգ ունեցող անձն է ու դարձել է քաղաքապետ։ Անլուրջ մարդ է նա, ես նրանով բացարձակապես չեմ հետաքրքրվում եւ չեմ էլ պատկերացնում նրան քաղաքապետ»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը։ Նրա խոսքով՝ իրեն չեն հրավիրել, ինքն էլ առանձնապես հետաքրքրված չէ Տիգրան Ավինյանով։
«Այդ դեկորացիաներն ինձ համար ոչինչ չեն նշանակում։ Ես շատ բաներից տեղյակ չեմ, ինձ ոչ մեկը չի հրավիրել։ Առհասարակ՝ ինչ տեղի է ունենում մեր շուրջը, դա ազգային միասնություն չի ձեւավորում։ Անլուրջ մարդ է Տիգրան Ավինյանը, մեկը, որ ասում է․ «ինձ ասեք՝ ինչ անեմ, կանեմ»։ Ես չեմ պատկերացնում այս մարդուն քաղաքապետ։ Ինչո՞վ է նա աչքի ընկնում, որտե՞ղ է նրա առանձնահատկությունը, ես չեմ կարող նրան հավանություն տալ»,- ասաց նա։
Որպես մշակույթի գործիչ՝ Ամիրխանյանը չի զգում պետության կողմից հարգանք ու պատվարժան վերաբերմունք։ Ասում է՝ ապրում է մի երկրում, որտեղ մարդիկ զբաղված են ինքնագործունեությամբ։ «Ում ինչ պետք է, որ կողմ պետք է՝ ձգում է։ Ամեն ինչ ու բոլորին ուզում են ենթարկեցնել իրենց։ Թափթփված ենք ապրում, գաղափար, միտք չունենք, ինձ այս ամենը մտահոգում է շատ։ Մեր հերթական քայլը կորսված է, աշխարհն ուզում է մեզ կործանել, իրականում բարեկամ չունենք, իսկ մենք դրանից եզրակացություններ չենք անում, ամեն մեկս ապրում ենք մեր հետաքրքրություններով։ Ես վաղուց այլեւս ոչ մի բանով չեմ հետաքրքրվում, այն բանից հետո, երբ կորցրի մեր երկրում ստեղծած իմ գործերը»,- նշեց Ամիրխանյանը։
Նա վիրավորված է․ ցանկացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի հետ՝ ինչ-որ հարցերի հետ կապված, որեւէ մեկը չի արձագանքել։ «Կործանվեց մեր մշակույթի նախարարությունը, քանդվեց Կոնսերվատորիան՝ կորան սկզբունքները։ Քանդեցին նաեւ իմ ու Ակսել Բակունցի կողմից 40 տարի առաջ ստեղծված երաժշտական քոլեջը։ Մենք խնդիր ունեինք նոր տաղանդներին ուսանել, որպեսզի տարերային կյանքով չապրեին։ Այդ քոլեջն էլ քանդվեց, եւ ոչ մի կարեկցանք, եզրակացություն չեղավ։ Մարդ արարածը մեր երկրի մեջ անպաշտպան է»,- հավելեց նա։