Փաշինյանը լեգիտիմացնում է թրքասիրությունը
Հայաստանի իշխանությունները սկսել են բացահայտ թրքասիրության քարոզ տանել՝ չթաքցնելով իրենց բուռն սերն ու ցանկությունները մեզ կոտորած թշնամի ժողովուրդների նկատմամբ։ Ավելի քան երկուսուկես տարի քողարկված քարոզը այսօր «դե յուրե» տեսք է ստանում։ Փաշինյանն ու թիմակիցները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ասես լեգիտիմացնում են Հայաստանի պրոթուրքական և թրքասիրական քաղաքականությունը։ Արդեն բացահայտ են հասկացնում, որ մենք պարտադրված ենք բարեկամանալ մեր թշնամիների հետ։ Իհարկե, որևէ մեկը չի ասում, թե տարածաշրջանում պետք չէ խաղաղություն, որ պետք է անվերջ թշնամություն անել հարևանների հետ և դարերով պատերազմի մեջ գտնվել, բայց ո՞վ է ասել, որ այդ բարեկամությունը պետք է լինի պարտադրված, այն էլ՝ մեր հողերը խլելու, մեր երիտասարդներին ոչնչացնելու հաշվին։ Արդյոք դա՞ է բարեկամության և խաղաղության գինը։
Այս վտանգավոր, հայակործան քաղաքականության մասին վերջին մեկ ամսում ակտիվորեն սկսել են բարձրաձայնել Հայաստանի գործող իշխանությունները։ Ահավասիկ, Արմավիրի մարզ կատարած քարոզարշավային այցի ժամանակ գյուղերից մեկում Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր թշնամիների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից (թե ով էր իրեն նման բան հարցրել), հայտարարեց․ «Այո, ասված է, և գիտենք, որ մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց, ի վերջո, եկեք արձանագրենք, որ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան մենք ենք շատ համարում թշնամի, այնքան շատ մեզ են համարում թշնամի»։
Դրանից առաջ էլ Արագածոտնի մարզում էր նմանատիպ միտք արտահայտել։ Սա քիչ է՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում հիմնադրված սորոսական ցանցի շահառուներից համարվող Արմեն Գրիգորյանն էլ Հ1-ով «Պետրոսի եթերում» հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», պատասխանել է․
«Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Այսինքն՝ խոստովանել է, որ Հայաստանում իրենց իշխանությունների կողմից պրոթուրքական, թրքասիրական, թուրք-ադրբեջանական շահերին միտված քաղաքականություն է տարվում, և դրա ուղղությամբ ոչ թե սոսկ աշխատում են, այլ ակտիվ աշխատանքներ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սորոսական պատգամավորներից մեկն էլ՝ Մարիա Կարապետյանը, ով ամենաակտիվն է պրոթուրքական պրոպագանդայի հարցում և ում ամենաշատն են մեղադրում թրքասիրության մեջ, երեկ իր էջում արտատպել էր Փաշինյանի խոսքերը եւ ավելացրել՝ այս թափանիվի հետ մի բան պետք է անել։ Մարիա Կարապետյանի գրառման տակ անհամար քննադատություններ ու հայհոյանքներ էին գրել։ Բայց թրքասիրական թափանիվը կանգնեցնել հնարավոր չէ՝ այն ավելի է թափ հավաքում, թրքասիրության քարոզը ուժգնանում է։ Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանույթւոն ստանալ որոշ իմքայլականներից, ապարդյուն։
Այս ամենի ֆոնին մնում է իսկապես հավատալ այն լուրերին, որ ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովում, որտեղ գերակշռում են իմքայլականները, տարբեր երկրների գործակալներ կան, այդ թվում Թուրքիայի, ասում են՝ անգամ Պակիստանի, մեծ թիվ են կազմում՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի գործակալները։ Իսկ օրեր անց՝ ապրիլի 24-ին, մենք նորից հիշելու եւ խնկարկելու ենք մեր անմեղ զոհերին, չնայած Հայաստանի իշխանությունները ցեղասպանության թեման մոռացության մատնելու, հայության օրակարգից հանելու մասին կուրս են վերցրել՝ հանուն մեզ կոտորած ազգերի հետ բարեկամության և խաղաղության։
Կարծիքներ