Հարցազրույց

Դե, տիեզերքից վարչապետ բերեք` Մարսից, ֆոտոշոփով նկարած

Դե, տիեզերքից վարչապետ բերեք` Մարսից, ֆոտոշոփով նկարած

«Հրապարակի» զրուցակիցը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է:

- Սեպտեմբերին Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նոր անհնազանդության ակցիաներ է սկսելու: Մասնակցելո՞ւ եք ակցիաներին: Ի՞նչ եք կարծում դրանց էֆեկտիվության մասով՝ այս անգամ կտա՞ արդյունք:

- Պրոցեսի մեջ եղել եմ, կամ ու շարունակելու եմ, հետեւեք պաշտոնական հայտարարություններին, ես լիազորված չեմ շարժման անունից հայտարարություններ անելու, էֆեկտիվության մասով էլ չեմ պատասխանի հարցին:

- Ինչո՞ւ:

- Դե, ի՞նչ պետք է ասեմ:

- Որպես քաղաքագետ` չե՞ք կարող վերլուծել: Օրինակ, հավաքական ընդդիմության ներսում երկու կարծիք կա` Բագրատ սրբազանի թեկնածության մասով, որ ինքը պետք է լինի եւ ինքը չպետք է լինի, որեւէ այլ քաղաքական անձ պետք է լինի:

- Հավաքական ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, կան ընդդիմադիր խմբավորումներ, որոնք յուրաքանչյուրն առանձին-առանձին պայքար է տանում, եղել են փուլեր, երբ միասնական են եղել, սակայն տակտիկական հարցերի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները: Հավաքական ընդդիմության օրակարգը, մեծ հաշվով, մնում է նույնը, կա զուտ տակտիկական խնդիրների տարբերություն: Մի մասը կարծում է, որ այս մեթոդն է ճիշտ, մյուս մասն էլ այլ բան է կարծում, դրա համար ես չեմ տեսնում խորքային հակասություններ:

- Բագրատ սրբազանի թեկնածության մասով կա որոշակի հակասություն: Օրինակ` Դավիթ Անանյանը կարծում է, որ նրա թեկնածությունը ճիշտ չէ, պետք է քաղաքական անձ լինի:

- Այստեղ խնդիրը սրբազանի թեկնածությունը չէ: Մենք շտաբում այդ հարցը նույնիսկ չենք էլ քննարկել, սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ հստակ խոսեց այդ մասին՝ հստակ ուղերձներ հղելով քաղաքական բոլոր կողմերին: Խնդիրը մնում է օրակարգայինը, իսկ մեր օրակարգում ոչ թե վարչապետի թեկնածուի հարցն է, այլ պետությունը ծանր վիճակից դուրս բերելը: Թեկնածուի հարցը, ըստ իս, արհեստական թեմա է, որն ավելի շատ վնասում է շարժմանը ներգրավված բոլոր կողմերին` օրակարգի իրականացմանը: Նման քննարկումները միտված չեն հարցեր լուծելուն: Այստեղ խնդիրը վարչապետի թեկնածուի հարցը չէ, նրան խոշորացույցի տակ բուլինգի ենթարկելը եւ սոցցանցային մակարդակով կարծիքներ հայտնելը: Այն բոլոր վերնագրերը` անվտանգությունից սկսած, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքական հարցերով, որոնց մասին խոսել է Բագրատ սրբազանը, կարծում եմ՝ քննարկումները պետք է դրանց վերաբերյալ լինեն: Ինչպես նաեւ կարեւոր է ռազմավարության հստակեցումը, որից հետո միասնական օրակարգով պետք է առաջ շարժվել: Երբ ասում են` չկա քաղաքական օրակարգ, սխալ է, միշտ էլ եղել է օրակարգ: Ես այստեղ տեսնում եմ այլ խնդիր, եթե բովանդակությունը թողած՝ այլ հարցերի հետեւից ենք ընկնում, անձ ենք կարգում եւ այլն, նշանակում է, որ 2026-ի ընտրություններին տվյալ անձինք մոտենում են լրիվ այլ տրամաբանությամբ եւ այլ խնդիր են ցանկանում լուծել: Գլխավոր խնդիրը բովանդակությունն է, եւ այն նետված է ասպարեզ:

- Բայց շարքային քաղաքացուն հետաքրքրում է հետեւյալ հարցը՝ ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին, ո՞ւմ հետեւից գնալ: Ամեն անգամ շարժումը հասնում է մի կետի, երբ այդ հարցադրումն է բարձրանում, եւ պատասխան չի հնչում:

- 6 տարվա ընթացքում անդադար փնտրտուքի մեջ էին, գտա՞ն այդ մարդուն: Դե, տիեզերքից վարչապետ բերեք, Մարսից` ֆոտոշոփով նկարած, որը չլինի կոռումպացված, բայց ունենա պետական կառավարման փորձ, լինի խոհեմ, հարուստ, աշխարհ տեսած, բայց կաշառքի մեջ չթաղված: Ես էլ եմ այդ մարդուն փնտրում, անկեղծ ասած:

- Իսկ մի՞թե 2018-ի հեղափոխության առաջնորդն այդպիսին էր:

- Թույլ տվեք մանրուքները չմեկնաբանել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image