Մերօրյա աբսուրդի քրոնիկոնը

Մերօրյա աբսուրդի քրոնիկոնը

«Միայն փաստեր առանց ավելորդ մեկնաբանությունների։ Արցախի շուրջ զարգացումները տանում են դեպի իրավիճակի կտրուկ սրացման։ Ադրբեջանը Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայել է 110 նոր ռազմական հենակետ և կառուցել է 5 խոշոր զորամաս։ Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ ունի տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ (Տավուշ, Արարատ, Սյունիք, Գեղարքունիq, Երևան և այլն): Թուրքիան և Ադրբեջանը ուղիղ սպառնում են Հայաստանին` պահանջելով «Զանգեզուրի միջանցքը», փաստացի նախապատրաստվելով միջնաժամկետ ապագայում Սյունիքի տարանջատմանը Հայաստանից»,-այս մասին «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերջինս ընդգծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները բացահայտ հայտարարում են որ ունեն երկու նպատակ՝ մաքսիմալ չեզոքացնել հայկական էթնո-քաղաքական գործոնը տարածաշրջանում և ստեղծել իրավիճակ, երբ իրենք Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին կունենան ցամաքային սահման։ Եվ հետո Ադրբեջանի պետական գաղափարախոսության առանցքային դրույթներից է հանդիսանում Հայաստանի և Արցախի ֆիզիկական չեզոքացումը, ոչնչացումը։ 

Վերլուծաբանը նշում է․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական էության մասին կարելի է խոսել անվերջ, սակայն այստեղ շատ կարևոր է, թե ինչպես է արձագանքում Հայաստանի Հանրապետության «թավշյա» իշխանությունը։ Եվ ուրեմն ի պատասխան թուրք-ադրբեջանական հակահայկական տանդեմի բոլոր քայլերին, որոնք միտված են Հայաստանի և Արցախի դե ֆակտո չեզոքացմանը, Հայաստանի իշխանությունները փաստացի լվացել են ձեռքերը Արցախից։ Վարում են, այսպես կոչված, «դեմարկացիայի և դելիմիտացիայի», իսկ փաստացի՝ Հայասատանի ինքնիշխան տարածքների ադրբեջանցիներին հանձնմանը միտված գործընթացներ։ Հայաստանը պատրաստվում է բացել սահմանային անցակետեր ադրբեջանցիների համար։ Հայաստանը, ոչ մի արձագանք չի տալիս Ադրբեջանի ոտնձգություններին՝ Հայաստանի ինքիշխան տարածքների հանդեպ։ Հայաստանը շատ ակտիվ վարում է բանակցություններ Թուրքիայի հետ, իբր հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ առանց նախապայմանների, սակայն սա ակնհայտ սուտ է և թուրքերի հիմնական նախապայմանն է Հայոց ցեղասպանության փաստը Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս հանելը և «Զանգեզուրի միջանցքի» (պան-թուրանական պորտալար) տրամադրումը։ Եվ այլ բազմաթիվ հակահայկական և թրքահաճո քայլեր, որոնք այս իշխանությունը անվանում է «խաղաղության դարաշրջան»։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։