Քաղաքացին պետք է ասի իր խոսքը, օրինակ, նորմալ է, որ Հայաստանում բիզնեսը սերտաճած է իշխանության հետ

Քաղաքացին պետք է ասի իր խոսքը, օրինակ, նորմալ է, որ Հայաստանում բիզնեսը սերտաճած է իշխանության հետ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարվա հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Կարապետյանը հանկարծ հայտնաբերել է, որ Ծառուկյանը, լինելով պատգամավոր, նաեւ բիզնեսմեն է եւ մասնակցում է իրեն պատկանող ձեռնարկությունների կառավարմանը։ Բանն այն է, որ 2020 թ․ հունիսի 23-ի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովին մասնակցել է անձամբ Ծառուկյանը, որպեսզի դադարեցնի ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ԺՊ նշանակի Արայիկ Կեսոյանին, քանի որ Առուստամյանը գտնվում է կալանքի տակ։
Արձանագրության տակ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի ստորագրությունն է, որն էլ նման «բացահայտումների» առիթ է հանդիսացել, որ Ծառուկյանը զբաղվում է բիզնեսի կառավարմամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթի քննության համար 90-օրյա ժամկետ ունի։ Խոսեցինք հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ են հայտնաբերել իրենց ուսումնասիրությունների արդյունքում, Ծառուկյանն իսկապե՞ս հանցավոր արարք է թույլ տվել, որը կարող է հիմք հանդիսանալ նրա պատգամավորական լիազորությունների դադարեցման համար։ Եթե հանձնաժողովը պարզի, որ Ծառուկյանի արարքներում կա անթույլատրելի գործողություն, դա կարո՞ղ է ԱԺ-ի համար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացի հանգեցնել։

- Մոտ երկու ամիս է՝ ուսումնասիրում եք Ծառուկյանի գործը, ի՞նչ  եք պարզել՝ ԲՀԿ ղեկավարի գործողություններում կա՞ արդյոք անթույլատրելի, անհամատեղելի արարք՝ կապված  պատգամավորական գործունեության հետ։

- Դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, եզրակացության փուլին չենք հասել, դեռ տվյալներ ենք հավաքում։ Համատեղելիությունը հիմնավորելու կամ հերքելու համար բավականին մեծ քանակությամբ փաստաթղթեր ենք ուսումնասիրել, իր հավատարմագրային կառավարման հանձնած լինելու վերաբերյալ փաստաթղթերն ենք պահանջել, տվյալ գործով, որ իր ստորագրությունն էր դրել, նախկին եւ հաջորդած ժամանակահատվածների պայմանագրերն ենք պահանջել, գումարած՝ հանրային հասանելի տվյալներն ենք ուսումնասիրում՝ երբ եւ ինչ դիրքերից է հանդես եկել, եւ արդյոք ասոցացումներ կա՞ն, որ դա ավելի շատ բիզնես-գործունեություն իրականացնող անձ է, քան ԱԺ պատգամավոր, եւ որ դրվագն ինչ ազդեցություն է ունեցել։

- Այլ անձինք ներգրավվա՞ծ են այս գործընթացում, էլ ո՞ւմ մասին եք փաստեր հավաքագրում։

- Մենք առայժմ ինքնուրույն, մեր մասով ենք ամեն ինչ արել, նկատի ունեմ՝ անձանց չենք լսել, իրենցից այդ ուղղությամբ բացատրություններ չենք վերցրել։

- Ծառուկյանի փաստաբաններն անչափ պարզունակ որակեցին  այս գործը, հարցադրում էին հնչեցնում՝ եթե «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ում Ծառուկյանն իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, գտնվում է կալանքի տակ, Ծառուկյանն ինչպե՞ս փոխեր կառավարչին՝ ո՞ւմ ստորագրությամբ։ Այս հարցի պատասխանը գտնելը մի՞թե երկար ժամանակ է պահանջում։

- Դրա համար ասացի, որ նախկինում առկա փաստաթղթերն էլ ենք նայել, որպեսզի հասկանանք՝ դա մի էպիզոդով դրսեւորվող արա՞րք է, եւ օբյեկտիվ անհնարինությո՞ւն է առաջացել, որովհետեւ անձը ձերբակալված է եղել, թե՞ ուղղակի որոշումների կայացման գործում դա օրինաչափություն է եղել, եւ ստորագրության դրսեւորումը դրա արտահայտումներից մեկն է։ Հիմա այս մասով է մեր ուսումնասիրությունը գնում։

- Եվ ի՞նչ կարող եք ասել՝ պարբերական բնո՞ւյթ է կրել Ծառուկյանի մասնակցությունը բիզնես-գործունեությանը։

- Փաստերը բավականին շատ են, բայց դա չի նշանակում, որ պարտադիր իր դեմ են։ Եկեք դեռեւս չգնահատեմ, դա եզրակացության մեջ կներկայացնենք։ Այնպես չէ, որ բոլոր փաստաթղթերում ինքն է հանդես եկել, բայց միեւնույն ժամանակ հանրային դրսեւորումներում եւ ասոցիացիաներում ինքն է հանդես գալիս որպես բիզնես-գործունեություն ծավալող։

- Նկատի ունեք Ծառուկյանի հարցազրույցները, հայտարարություննե՞րը։

- Այո։ Ինքն իրեն ասոցացնում է․․․ անգամ ԱԺ իր ելույթներում ասում է՝ ես սա եմ արել, նա եմ արել։ Մարդկանց մոտ օբյեկտիվորեն հարց պետք է առաջանա՝ կներեք, եթե Դուք պատգամավոր եք, ո՞րն է ավելի նախընտրելի գործունեությունը։
Մարդն իր հայտարարություններով իրեն ասոցացնում է բիզնես-գործունեության հետ, արդյոք նման կեցվածքով անձի պարագայում հանրային պաշտոն զբաղեցնելը համատեղելիության կանոնի հետ տեղավորվող կոնցե՞պտ է, կապ չունի, որ փաստաթղթերով․․․ Եթե հանրային ընկալումներում նա բիզնես-գործիչ է, հանդես է գալիս այդ դիրքերից եւ պատգամավորական մանդատը ծառայեցնում է այդ նպատակին, դա լրիվ փոխում է իրավիճակը։

- Տիկին Հարությունյան, եթե չկա ապացույց, որ պատգամավորական մանդատը ծառայեցնում է այդ նպատակին, իսկ փաստաթղթերով էլ ամեն ինչ նորմալ է, այստեղ իրավիճակն ինչպե՞ս է փոխվում։ Էլ չեմ ասում, որ մարդը նման ելույթների վերաբերյալ էլ կարող է ասել, որ այնքան էլ ճիշտ չի ձեւակերպել, ուզեցել է այլ բան ասել, ուրիշ բան է ստացվել։

- Այդ արտահայտվելը մի դրվագով կամ մի էպիզոդով չէ, ասոցացման խնդիրն է։

- Ներողություն, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ծառուկյանը, ինչպես իշխանությունները կասեին՝ խոշոր սեփականատեր է, փաստաթղթերով բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման։

- Հիմա հենց այդ հարցն է կոնցեպտուալ, որ հանձնաժողովն ավելի կոնցեպտուալ մշակույթի փոփոխության հարց է բարձրացնում։ Մենք՝ ինքներս էլ այդ հարցին ենք գալիս՝ արդյոք այն բոլոր դեպքերում, երբ հայտնի է, որ անձն ունի մեծածավալ բիզնես-գործունեություն, իր պաշտոնավարումը եւ իշխանության մաս կազմելը (կապ չունի, որ ընդդիմություն է) բարեվարքության տեսանկյունից ընդունելի՞ է, թե՞ ոչ։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ ուսումնասիրություն եք անում, եւ ակնկալվում է, որ հետո օրենսդրության մեջ փոփոխություն կառաջարկեք, որ ընդհանրապես բիզնեսմեններին թույլ չտան քաղաքականությամբ զբաղվել։

- Մենք էլ ենք ակնկալում, որ նման բան լինի, բայց եկեք առաջ չընկնենք, որպեսզի մեր վերլուծությունն այնքան ուժեղ լինի, որ կարողանանք շատ համոզիչ ձեւով հնարավոր շահագրգիռ անձանց կասկածները փարատել։ Որ դրանից հետո նաեւ հանրությունը պատասխանատվություն իր վրա վերցնի՝ արդյոք հանդուրժելո՞ւ է իր ընտրությամբ, որ բիզնես-գործունեություն ծավալողները սերտաճեն քաղաքականությանը։ Եթե հանրային դիսկուրսից պարզ կդառնա, որ հանձնաժողովի բարձրացրած հարցը քաղաքացու կողմից նորմալ է ընդունվում, մենք դա էլ կընդունենք նորմալ։ Մենք, ամեն դեպքում, հարցը բարձրացնելու ենք, ասելու ենք՝ սա է վիճակը։ Մենք սովոր ենք պատասխանատվությունը թողնել ինչ-որ սուբյեկտների, կառույցների վրա, հետո էլ մեղադրել՝ ասելով՝ լավ չորոշեց, ճիշտ չարեց, բայց այս դեպքում քաղաքացին պետք է ասի իր խոսքը։ Եթե, օրինակ, մարդիկ ցույց անեն եւ ասեն, որ նորմալ է, որ Հայաստանում բիզնեսը պետք է սերտաճած լինի իշխանության հետ, կոպիտ ասած՝ հանձնաժողովը կգնա առճակատման, բայց եթե ձեւավորվում է հանրային համաձայնություն, որ կոռուպցիայի տեսանկյունից կարեւոր է, որ չսերտաճի, դա ամբողջովին փոխելու է իրավիճակը։

- Այս փուլում, երբ Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր ակտիվ գործունեություն է ծավալում, իր նկատմամբ այսպիսի խոր հետաքրքրվածությունն արդյոք ճնշում չի՞ դիտարկվելու, դուք, այսպիսով, նրա դեմ չե՞ք գործելու։ Ի վերջո, ձեր վարույթում կոնկրետ դեպք է, պետք է կա՛մ արձանագրեք, որ խախտում կա, կա՛մ՝ չկա, ու գործը փակվի կամ շարունակվի։

- Կներեք, բայց մենք շատ մոտ խնդիր ունենք՝ նախարար Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող ընկերության վերաբերյալ հարուցված վարույթը, եթե Ծառուկյանի դեպքում անհամատեղելիություն է, այստեղ շահերի բախում է։ Միգուցե մասշտաբայնությունը չի հասել այն չափերի, ինչը որ ընդդիմության թեկնածուն է բիզնես-գործունեություն իրականացնում, բայց հանձնաժողովի խնդիրն էլ հենց դա է, որ հենց ակունքից կանխարգելի։ Դրանք համարժեք գծի վրա գտնվող գործեր են։
Հանձնաժողովի խնդիրը չէ միայն եզրակացություն ներկայացնելը, մուրճի նման դակել՝ սա խախտում է, եւ վերջ։ Մեր խնդիրն է՝ մշակույթի փոփոխության համար համոզիչ փաստարկներ օգտագործել։ Գուցե հանձնաժողովը եզրակացության համար փաստաթղթավորված հիմքեր չունենա, բայց զուտ մեկնաբանության մեջ այն տեսակի ստանդարտներ դնի, որոնցով վարքագծի փոփոխություն առաջացնի։