Դատարանը Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրել

Դատարանը Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին եւ այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գասպարյանին հունիսի 18-ին կանչել են դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ գույքի նկատմամբ արգելանք կա կիրառված․ «Գույքի բռնագանձումը իրականացվում է դատարանի կողմից, իսկ մնացած թե դատավարական ինչ գործողություններ են տեղի ունեցել, ձեռնպահ եմ մնում որեէ մեկնաբանություն տալուց։ Մենք, եթե դատարանին հայց ներկայացրած լինեինք, դրա մասին կգրեինք, իսկ դատարանի հետ կապված ընդամենը արգելանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է»։ 

Նա նշեց, թե չգիտի՝ կոնկրետ ինչպիսի գույքի մասին է խոսքը․ «Մենք գրել էինք, որ այժմ գտնվում է հրավիրելու, դիրքորոշումներին ծանոթանալու փուլում, որից հետո կլուծվի դատարան հայց ներկայացնելու-չներկայացնելու հարցը»։ 

Նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ «Չեմ մեկնաբանում»։