Ես Փաշինյանի տեղը անպայման կձերբակալեի Պուտինին․ Տիգրան Խզմալյան

Ես Փաշինյանի տեղը անպայման կձերբակալեի Պուտինին․ Տիգրան Խզմալյան

Նիկոլ Փաշինյանը այս կիրակի հարցազրույց տվեց The Telegraph-ի լրագրողին։ «Հրապարակը» որոշեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվել, թե ինչ տպավորություն է ստացել Փաշինյանի հարցազրույցից։

- Հարցազրույցն ինչպե՞ս կբնորոշեիք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ  հիմնականում քննադատում էին Փաշինյանին՝ անհասկանալի ու լղոզված պատասխաններ տալու մեջ։

- Այն, ինչ մենք՝ Հայաստանի եվրոպական կուսակցությունը համարում ենք գլխավոր, հետևյալն է, մեր կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը» տարբեր կերպով են մեկնաբանում և ընկալում երկրի առջև կանգնած մարտահրավերները և առաջնահերթությունները։ Հետևաբար, և գնահատականները  և վերաբերմունքը դրանից տարբեր է։ Մենք համարում ենք, որ այսպես կոչված բալանսավորված, հավասարակշռված քաղաքականությունը բերել է Հայաստանը փակուղու և 2020, և 2023 թվականի աղետներին։ Իմ տպավորությունն է, որ Փաշինյանը հիմնականում պատրաստվում է շարունակել այդ քաղաքականությունը որոշ փոփոխություններով՝ համենայնդեպս մենք այդպես ենք մեկնաբանում նրա ասածը, որ պետք է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը՝ միաժամանակ չհակադրվելով Ռուսաստանին։ Ես կասեի, որ Ա կետից մինչև Բ կետ դուրս գալու համար կամ հասնելու համար պետք է Ա կետը լքել, թողնել։ Եվ ես չեմ հասկանում, ինչպես է հնարավոր մերձենալ Արևմուտքին, որը փաստորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ չհակադրվելով Ռուսաստանին։ Եթե նա կարծում է, որ դա հնարավոր է, ես և իմ գործընկերները համարում ենք, որ դա պատրանք է, ցնորք է և դա կբերի հերթական բախումների։Մենք գնահատում ենք իրավիճակն անչափ վտանգավոր և համարում ենք, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն առաջիկա շաբաթներին և ամիսներին լինելու է Սյունիքի հարավում վերահսկողություն սահմանելը։

- Եվ ինչպե՞ս է դա անելու Ռուսաստանը, ըստ Ձեզ։

- Ծրագրերից մեկը, որը մենք կանխատեսում ենք, դա լինելու է սահմանային բախում Ադրբեջանի բանակի մասնակցությամբ, որից հետո Ռուսաստանը հայտարարելու է, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանին անհրաժեշտ է օգնել, դրա համար երևի չհարցնի էլ իշխանությունների կամ հասարակության կարծիքը, կստանա Սյունիքում որևէ կառույցից իր վերահսկողության տակ կեղծ ահազանգ և կփորձի դեսանտ իջեցնել կամ կօգտագործի հենց 102-րդ բազայի իր կողքը գտնվող՝ Արցախում գտնվող խաղաղապահների ռուսական զորքերը, որոնք հայտարարելու են, որ խաղաղապահ առաքելություն են իրականացնում։ Իրականում դա լինելու է Հայաստանի հարավի զավթում ՝ գեղեցիկ խաղաղաշունչ կարգախոսների ներքո։

- Պուտինին ձերբակալելու մասին լրագրողի հարցին Փաշինյանը ոչ միանշանակ պատասխանեց՝ երկար խոսեց իրավական գործընթացների մասին։ Կձերբակալի՞ Փաշինյանը Պուտինին, թե ոչ։

- Ես չեմ կարող մեկնաբանել դա, որովհետև դա Հայաստանի պատասխանը չէ՝ դա Փաշինյանի պատասխանն է և ես դժվարանում են ենթադրել, թե ինչ է անելու Փաշինյանը նման դեպքում։ Ես Փաշինյանկ տեղը անպայման կձերբակալեի, որովհետև Պուտինը միջազգային հանցագործ է, նա երրորդ համաշխարհային պատերազմի՝ փաստորեն , որը սկսվել է, հիմնական հեղինակն է, նա այսօրվա Հիտլերն է։ Մեծ պատիվ կլիներ որևէ երկրի համար նրան ձերբակալելը։ Ես կասկածում եմ, որ դա կանի փաշինյանական Հայաստանը՝ իր փոխարեն խոսել չեմ կարող։

- Այնուամենայնիվ, Փաշինյանին բնորոշում են որպես պրոարևմտյան գործիչ, որը ցանկացած առիթ օգտագործելով միջազգային տարբեր հարթակներում քննադատում է Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ը։ 

- Ես չեմ տեսել այդպիսի սխրանքներ իր կողմից։ Ինձ հետաքրքիր է տեսնել աչքովս որտեղ է նա պատեհ և անպատեհ գնահատում այն երկրին, որոնք փաստորեն հարյուր տարուց ավել բաժանում են Հայաստանի հողերը Թուրքիային, որոնք զավթել են, Ռուսաստանը, որը հինգ ամիս առաջ զավթեց Արցախը, ես կարծում եմ, որ եթե Փաշինյանը որևէ մեղադրանք ներկայացներ Ռուսաստանին, ապա դա խիստ անբավարար է և թույլ։ Չեմ կարող համաձայնվել Ձեր գնահատականի հետ։