Կներդրվի էլեկտրոնային տոմսերի ավտոմատացված համակարգ

Կներդրվի էլեկտրոնային տոմսերի ավտոմատացված համակարգ

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում եւ արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով:

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի եւ մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային եւ աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման եւ կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման եւ կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների եւ կառավարողների էջեր, թանգարանների եւ մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների եւ այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաեւ հերթագրման առցանց հնարավորություններ: