Կեղծիք եւ շոու

Կեղծիք եւ շոու

Քրեական հետապնդումների նոր ալիք է բարձրացել երկրով մեկ։ Մի կողմից, բանակի «հինգերորդ շարասյունն» են բացահայտում, մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ են պայքարում։ Եվ այդ բոլորը՝ խրոխտ տեսքով․ ի՞նչ է, ուզում եք կոռուպցիան նորի՞ց ծաղկի, մենք անողոք ենք կոռուպցիայի դեմ, ուստի մեզ համար միեւնույն է՝ նախկին կոռուպցիոներ է, թե՝ նոր, բոլորին բռնելու ենք, բերդերն ենք լցնելու։ Զինվորականնե՞ր ենք բռնում․ այո, իսկ, ինչ է, ուզում եք պատերազմում պարտության պատճառները չբացահայտվե՞ն, Շուշիի անկումը չիմանա՞նք, թե ում մեղքով եղավ։ Իհարկե, բացահայտեք, իհարկե, պարզեք՝ հնչում է պատասխանը։ Եվ ոչ մեկը չի ասում՝ իսկ, ինչ է՝ բացահայտման համար պարտադի՞ր է, որ մարդկանց ամիսներով, անգամ տարիներով բանտում պահեք, չապացուցված ու կասկածելի մեղադրանքներով մեկուսացնեք հասարակությունից։ Քննեք, եթե, իհարկե, ի վիճակի եք որեւէ բան քննելու։ Պարզեք, եթե, իհարկե, ինչ-որ բան կարող եք պարզել։ Բացահայտեք, եթե դեռ չբացահայտված բան կա։

Բայց ինչո՞ւ եք մարդկանց բանտարկում։ Չէ՞ որ պարզ է՝ այդ գործերի քննությունն ամիսներ է տեւելու, դատաքննությունը՝ տարիներ։ Իմաստն այդ մարդկանց խոշտանգե՞լն է՝ առանց դատարանի վճռի, ձեզ ենթակա դատախազ-քննիչների թերի ու քաղաքական մեղադրանքներով բանտերում պահե՞լը։ Ինչպես ասում են՝ բա մենք սրա՞ համար էինք պայքարում։ Եթե կարելի էր 2018 թվականին՝ մարդ սպանած «Սասնա ծռերին» ազատ արձակել, որ նրանք ազատության մեջ սպասեն իրենց դատավճիռներին, ինչո՞ւ հնարավոր չէ Դավիթ Տոնոյանին ու Միքայել Արզումանյանին ազատ արձակել։ Ի վերջո, ինչո՞ւ է մի անհեթեթ տնտեսական մեղադրանքով կալանավորվում Գրիգորի Խաչատուրովը։ Եթե այստեղ զուտ մարդկային վրեժխնդրություն եւ քաղաքական խնդիրներ չեն լուծվում, իմաստը ո՞րն է։