Մամուլի համար վատ ժամանակներ են եկել

Մամուլի համար վատ ժամանակներ են եկել

Մենք գլորվել ենք դեպի 90-ականներ՝ երբ ազատ խոսքը ոչ միայն պաշտպանված չէր, այլեւ օրենսդրական դաշտն ու ավանդույթներն էլ մշակված չէին եւ մի գիշերում հնարավոր էր 10 լրատվամիջոց փակել՝ ջարդուփշուր անելով խմբագրությունները։ Իհարկե, հետագայում էլ իրավիճակը ԶԼՄ-ների համար փայլուն չէր՝ 2002 թվականին փակվեց «Ա1 +» հեռուստաընկերությունը, 2010-ից լրատվամիջոցների դեմ դատական հայցերի հեղեղ սկսվեց, մի շարք լրատվամիջոցների նկատմամբ ֆինանսական տուգանքներ սահմանվեցին։ Բայց մեկ տարի անց այդ հեղեղը դադարեց եւ մարդիկ հասկացան, որ նախ՝ դատարանները միշտ չէ, որ հօգուտ հայցվորների են լուծում հարցը, երկրորդ՝ այդ հայցերով հնարավոր չէ խոսքի ազատությունը սահմանափակել եւ լրագրողների բերանը փակել։ Իսկ հիմա, փաստորեն, դարձ ի շրջանս յուր։

Բոլոր այն ճնշումներին, որ իրենց մաշկի վրա վերջին մեկ տարում զգացել են լրագրողներն ու լրատվամիջոցները, վերջին շրջանում գումարվել է նաեւ քննչական մարմինների ճնշումները։ Բոլոր այն հոդվածները, որոնք իշխանությունների քիմքին հաճո չեն, դառնում են իրավապահների սեղանի նյութ։ Եւ չնայած յուրաքանչյուր քննիչ ու քննչական մարմին հարյուր-հազարավոր գործեր ունի եւ, թվում է, հոդվածների հետքերով ձեւական քննություն կատարելու ժամանակ չպետք է ունենա, բայց խմբագրությունները սկսել են «պաչկաներով» գրություններ ստանալ՝ ձեր նյութի աղբյուրը տրամադրեք, խմբագիրներին սկսել են հարցաքննությունների հրավիրել։ 
Այսօր մենք հերթական գրությունն ենք ստացել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնից։ Ինչ է գրում մեզ արդարադատության առաջին դասի խորհրդական Մ․ Ֆ․ Դավթյանը։

«2019թ․ սեպտեմբերի 23-ին hraparak.am կայքում «Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ» վերնագրով հրապարակված հոդվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունը ապահովելու նպատակով, Ձեզ առաջարկվում է հայտնել հրապարակման մեջ նշված հանգամանքները հայտնած աղբյուրի տվյալները»։

Սա այն դեպքն է, որ ասում են՝ հասանք, իջեք։ «Հրապարակ» օրաթերթը շուրջ տարիուկես դատական ատյաններով անցել է եւ վերջում դիմել Սահմանադրական դատարան՝ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հարցով։ Ինչի արդյունքում ՍԴ-ն պատմական որոշում է կայացրել 2015 թվականի հեկտեմբերի 20-ին՝ սահմանելով այն դեպքերը, երբ դատարանը կարող է պարտադրել լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը եւ որոշման տեքստում հստակ նշվել է, որ «լրատվության աղբյուրի պաշտպանությունը լրատվական ազատության հիմնական պայմաններից մեկն է»։ Բայց, ինչպես տեսնում ենք, նոր Հայաստան, նոր իրավաբանություն եւ մենք ստիպված ենք տարիներ առաջ ասվածը նորից եւ հանգամանալից ներկայացնել մեր իրավապահներին, որոնք ջնջել են նախկինների փորձն ու միջազգային իրավական սկզբունքներին պատերազմ են հայտարարել։ 

Ստիպված էինք պարոն Մ․Ֆ․ Դավթյանին հետեւյալ պատասխանն ուղարկել․

«Հարգելի պարոն, եթե փոքր ինչ ծանոթ լինեիք մամուլի աշխատանքը կարգավորող օրենսդրության եւ Սահմանադրական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման հետ, նման գրություն մեզ չէիք ուղարկի։ Եւ քանի որ գիտենք, որ դուք կարդալ չեք սիրում, հատուկ ձեզ համար մեջբերում ենք այդ որոշման հատվածը, որ հետայսու ընդունեք ի գիտություն՝ նման գրություններ ուղարկելուց առաջ․․․

«Նախ, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ,
երկրորդ՝ այն կարող է իրականացվել միայն քրեական գործի առիթով,
երրորդ՝ նպատակը պետք է լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտումը,
չորրորդ՝ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածություն,
հինգերորդ՝ պետք է սպառված լինեն հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»։

Հարգանքով՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան