Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող ԶԼՄ-ների և ՀԿ-ների  ներկայությունն Արցախում խոսուն փաստ է

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող ԶԼՄ-ների և ՀԿ-ների  ներկայությունն Արցախում խոսուն փաստ է

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները բավականին հետաքրքիր պատկեր ձեւավորեցին Արցախի ներքաղաքական կյանքում։ Նախագահի 14 առաջադրված թեկնածուներից հիմնական պայքարն ընթացավ երեքի՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ։ Բայց, ի զարմանս շատերի, Մայիլյանը, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր նաեւ հայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ սորոսականների աջակցությունը, Բալասանյանին դուրս մղեց պայքարից՝ Հարությունյանից հետո դառնալով երկրորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։ Հիմա կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ Հարությունյանի ու Մայիլյանի մասնակցությամբ, քանզի ընտրողներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոս գումարած 1 ձայն։ Արայիկ Հարությունյանն ստացել է մասնակիցների ձայների 49.26 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը։ 

Արցախի ընտրություններին մասնակցում էին Հայաստանից ժամանած մի շարք դիտորդական կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Վերջինս դիտորդական դիրքերից գնահատելով ընտրությունների ընթացքը՝ մեզ ասաց, որ իրենց կազմակերպությունն արձանագրել է մի շարք խախտումներ, գրանցվել են միջադեպեր, այդ թվում՝ փորձել են խոչընդոտել իրենց աշխատանքը, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ, խաղաղ, մրցակցային միջավայրում, եւ արձանագրված խախտումներն էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

«Հիմա կարող ենք փաստացի արձանագրել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու, իսկ խորհրդարան անցել են 5 քաղաքական ուժեր՝ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը,

«Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Հատկանշական է, որ Մասիս Մայիլյանի գլխավորած քաղաքական ուժը խորհրդարան չի անցել, չնայած իր հավաքած բավականին պատկառելի քվեներին»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը։

- Իսկ քաղաքական առումով, ընդհանուր առմամբ, ի՞նչ մթնոլորտ էր տիրում Արցախում։ Կայի՞ն թեկնածուներ, որոնք ՀՀ քաղաքական շրջանակներից աջակցություն էին վայելում։

- Քաղաքական առումով մթնոլորտը բավականին հետաքրքիր էր, որովհետեւ բոլորը փորձում էին իրենց դիրքավորել Արցախի քաղաքացու շահի եւ, միեւնույն ժամանակ, իրար հետ համագործակցության մթնոլորտից դուրս։ Բացահայտ աջակցության մասին, իհարկե, չեմ կարող խոսել, բայց կարծում եմ՝ կային թեկնածուներ, որոնք որոշակի առումով վայելում էին աջակցություն։ 

- Ասում են՝ Հայաստանի սորոսական շրջանակները ռեալ հետաքրքրություններ ունեին ընտրություններում։

- Ես չգիտեմ՝ ինչ հետաքրքրության շրջանակ ունեին, բայց, բոլոր դեպքերում, Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ներկայությունն Արցախում ինքնին խոսուն փաստ է։ Եվ որոշ կազմակերպությունների միջանկյալ զեկույցներում կոնկրետ թեկնածուի թիրախավորումը նույնպես որոշակի քաղաքական նախասիրությունների մասին է խոսում։

- Արցախի ընտրությունները երեկ համացանցում համեմատում էին ՀՀԿ-ի օրոք անցկացված ընտրությունների հետ՝ ելնելով խախտումներից։ Ի՞նչ կասեք, զուգահեռներ անցկացնելու եզրեր կայի՞ն այս առումով։

- Հարցն ինքնին մանիպուլյատիվ է՝ «ՀՀԿ-ի օրոք անցկացված ընտրություններ» հասկացության տեսանկյունից, չեմ ուզում հիմա անդրադառնամ՝ այդ ընտրությունները ժամանակին ոնց են եղել, ինչ են եղել ու ինչի համար են եղել, կարող եմ ասել, որ չեմ սիրում, երբ մանիպուլյացիաներ են անում եւ փորձում են ինչ-որ մի կամ թեկուզ տասնյակ տեղերում նկատված խախտումները տարածել բոլոր ընտրատեղամասերի վրա եւ պրոյեկտելով՝ ստանալ իրենց համար նախընտրելի ձեւակերպում։ Խախտումներ եղել են, բայց այդ խախտումները, արդեն ասացի, որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

- Որպես դիտորդ՝ ընտրական մշակույթի առումով ի՞նչ կարող եք ասել, ինչո՞վ էին տարբերվում Արցախի այս ընտրությունները Հայաստանում անցկացված ընտրություններից։

- Բավականին նորմալ կազմակերպված ընտրություններ են եղել, բայց նկատվել են նաեւ քաղաքացիների՝ օրենքի չիմացության հետ կապված խախտումներ։ Բավականին թվով ընտրախախտումներ, իրականում, դրանով են պայմանավորված եղել։ Սա կառանձնացնեի, բայց կարծում եմ՝ երկրորդ փուլի ժամանակ հնարավոր կլինի այդ խնդիրները փաստացի կարգավորել։

- Սպասելի՞ էր մասնակցության նման բարձր շեմը՝ 73 տոկոս, հաշվի առնելով հատկապես համաճարակային այս իրավիճակը։

- Ամեն դեպքում, բոլոր կանխատեսումներն ուղղված էին նրան, որ սովորաբար արձանագրվող բարձր մասնակցության ցուցանիշից ավելի ցածր կլինի։ Բայց վաղ առավոտից տեսնելով մարդկանց կուտակումներն ու հոսքը՝ արդեն պարզ էր, որ մասնակցությունը բավականին բարձր է լինելու, եւ, փաստորեն, նույնիսկ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չազդեց արցախցիների կողմից իրենց քվեն տալու եւ իշխանություն ձեւավորելու անհրաժեշտության գիտակցման վրա։ Դրա համար էլ մասնակցության նման բարձր ցուցանիշ արձանագրվեց։