«Հրապարակ». Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ գնանք Կոսովոյի նախադեպով

«Հրապարակ». Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ գնանք Կոսովոյի նախադեպով

Իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դրական է գնահատում բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները։

- Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 6 հարյուր ք/կմ տարածքով, արդյոք չի՞ նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

- Ես զարմանում եմ Ձեր հարցադրումից, հիմա ասեմ, թե, իմ կարծիքով, զարգացման ինչ տենդենց եմ տեսնում։ Մենք մինչեւ չլուծենք առաջին հարցը, չի լուծվելու երկրորդը։ Առաջինն այն է, որ, այո, երկու կողմն էլ, եթե հնարավոր է, պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո միջազգային հանրության առջեւ կա այդ խնդիրը, եւ մենք տանելու ենք այդ խնդիրը մինչեւ վերջ, որ այդտեղ կա մարդու իրավունքների, ժողովուրդների ազատությունների, ինքնորոշման իրավունքը, եւ այս դեպքում, միջազգային  հանրություն, դուք պարտավոր եք կա՛մ այնպիսի վիճակ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղն այնպիսի ստատուս ունենա, որ իսկապես համոզված լինել, որ ԼՂ ժողովրդի ոչնչացման կամ ուրիշ վտանգ չի սպառնում, եւ կա՛մ էլ, ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց գնալու ենք Կոսովոյի նախադեպով: Սերբիայի տարածքային ամբողջականությունն էլ ճանաչվեց, բայց, ի վերջո, Կոսովոն ճանաչվեց որպես անկախ: Սերբիային ասացին, որ ճանաչում ենք, բայց կա ժողովրդի մի մաս, որ ինքնորոշվելու իրավունք ունի։ Միջազգային հանրության պահանջն է՝ մինչեւ չճանաչեք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրիշ հարց չի կարող մեջտեղ գալ։

- Այսինքն՝ հիմա, առանց երաշխիքների, Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, որ հետո անկախանա՞։

- Մենք չենք ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

- Այն տարածքով, որում ընդգրկված է նաեւ Լեռնային Ղարաբաղը։

- Բնական է, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից անմիջապես հետո միջազգային հանրությունը գիտի եւ ինքն էլ հասկանում է, որ պետք է նաեւ այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը դրվի։ 

- Բրյուսելյան պայմանավորվածություններից հետո ինքնորոշման իրավունքի մասին որեւէ հիշատակում չեղավ, Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցի վերաբերյալ։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր Ալիեւն այդքան ձգձգում․ որովհետեւ գիտի, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո այդ հարցն է դրվելու։ Դուք խորը նայեք, բառերը քաղաքականություն չեն, քաղաքականությունը մտքերն են։ Իսկ Սերբիան ճանաչո՞ւմ էր Կոսովոյի անկախությունը, քանի տասնամյակ գնաց, որ հասան այդ վիճակին։

- Խնդիրն այն է, որ Կոսովոն քիչ նմանություն ունի Արցախի հետ: Կոսովոյի թիկունքին կանգնած էին ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը: Բոլորովին տարբեր քաշային կատեգորիաների մասին է խոսքը։

- Ոչ, այդպես չէ, ինչքան էլ Սերբիան չէր ցանկանում, բայց դա Կոսովոյին տրվեց։ Շատ կներեք, գիտե՞ք, թե մինչեւ հիմա հարցն ինչու չի լուծվել․ որովհետեւ հարցի լուծման իր տարբերակը Ռուսաստանն է առաջարկել, Եվրոպան է առաջարկել, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Թուրքիան։ Հիմա մենք փորձում ենք բոլորին դուրս բերել եւ եվրոպական միայն մեկ որոշումով հարցը լուծել, երբ միջազգային հանրությունն ասում է, որ մնացածը պետք է մի կողմ քաշվեն… մի խոսքով՝ շատ չխորանամ։

- Տարածաշրջանային խնդիրներում Ռուսաստանն է միշտ մեծ դերակատարում ունեցել, հիմա ուզում եք ասել, որ Արցախի հարցը ՌԴ-ի «տակից» հանվում-դրվում է Արեւմուտքի՞ հովանու ներքո։

- Ճիշտ է արվում։ Որովհետեւ 30 տարվա մեջ Ռուսաստանի վերահսկողության տակ ոչինչ չարվեց։

- Բայց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ միջազգային հանրությունն իրեն պարտադրում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, հիմա այդ նույն հանրությունից ո՞նց եք ակնկալում, որ ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

- Նշաձողն այն էր, որ մենք ամենասկզբում ուրիշ մոտեցում ունեինք, հիմա ուրիշ մոտեցում ունենք: Ես թողնում եմ Նիկոլ Փաշինյանի ասածը, ես կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ այս չընդդիմությունն իր չմբռլոյությամբ թող իզուր տեղը նորից չփորձի դիվիդենտներ հավաքել, որովհետեւ դանդաղորեն պետք է գնան հարցի լուծմանը, ինչքան էլ որ ցավալի լինի։ Որեւէ մեկից պակաս հայրենիքս չեմ սիրում, բայց եթե այսօր իմ առջեւ հարց է դրված, որ 10, 20, 30 տարի հետո մեր զավակները, թոռները, ի վերջո, կարողանալու են հանգիստ ապրել, պետք է անենք։ 130 տարի այս ժողովուրդը կոտորվել է, բայց մնացել է նույն մոտեցումներին, եկեք մեկընդմիշտ հասկանանք՝ ոնց անենք, որ ոչնչացվելու, եղեռնի վտանգը մեր գլխից հեռացնենք։

- Եթե միջազգային հանրությունը հակված է Արցախի անկախության ճանաչմանը, ի՞նչն է խանգարում հիմա ճանաչել։

- Մի րոպե, ամեն ինչ միանգամից չէ։ Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում էր, բա ինչո՞ւ էր Ադրբեջանի կազմում, թող հելնեին կռվեին, ասեին` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ դեռեւս 21 թվականին։

- Վերադարձեք մեր օրեր, վերջին մի քանի տասնամյակներում Արցախը, կարելի է ասել, ավելի կայացած պետություն էր, քան Հայաստանը, ու պայքարն էլ հենց անկախության ճանաչման համար էր։

- Մենք գիտենք՝ ով էր կռվում ու ինչի համար։ Ես խոսում եմ՝ 1921 թվականի Կովկասյան բյուրոյի որոշումից հետո թող հելնեին ու կռվեին։

- Ես հասկանում եմ՝ Դաշնակցությանն եք ուզում կպնել, բայց եկեք մեր օրերից խոսենք։

- Պատմությունը կրկնվում է... Եթե մենք հարցի լուծումը տալիս ենք միջազգային հանրությանը՝ Եվրամիությանը, ապա ինքն իր առաջարկներով պիտի գնա, մենք էլ համաձայնենք կամ որոշակի ուղղումներ մտցնենք։ 

- Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հիշյալ սահմաններում ճանաչելը, ոմանց կարծիքով, նշանակում է նաեւ, որ որոշ անկլավներ, գյուղեր պիտի վերադարձվեն։

- Ես ոչինչ չեմ կարող ասել՝ անկլավներ կվերադարձնեն, թե չեն վերադարձնի, մենք նրանց կտանք, իրենք՝ մեզ, ես այսօր մի լուծում եմ տեսնում, ի վերջո, մենք մեր ժողովրդի գլխից պետք է հեռացնենք ոչնչացման վտանգը, եղեռնի վտանգը։

- Կարծում եք, որ Արցախից ազատվելուց հետո ոչնչացման վտանգ չի՞ սպառնա, Ադրբեջանն անգամ Երեւանն է իրենը համարում: Չե՞ք տեսնում՝ հիմա Հայաստանի տարածքում են իրադարձություններն ընթանում։

- Իսկ ո՞վ ասեց, որ վաղը Երեւան են գալու, եթե այդպես լիներ, Սոթքում ինչո՞ւ գլուխները ջարդեցինք։

- Ախորժակն ուտելիս է բացվում։

- Իրենց ախորժակին մենք ենք քացախ լցնում, ու գնալով ավելի փակվում է։ Ադրբեջանը գնալով կատաղում է նրա համար, որ հասկանում է, որ օր-օրի Հայաստանը մեջքն ուղղում է։ Ալիեւը հայտարարում է, որ եթե ինքը թողնի՝ Հայաստանը մեջքն ուղղի, ռեւանշի է գալու։

- Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակային երաշխիքներ է տվել, որ ո՛չ այսօր, ո՛չ երբեւէ մենք տարածքային պահանջ չունենք եւ չենք ունենալու Ադրբեջանից։

- Լսեք, միակ երաշխիքն այն է, որ մենք պետք է հզորանանք: Ես էլ ուրիշ բան եմ ասում, այսօր սա ենք ասել, բայց եթե վաղը հզոր լինենք, ուրիշ տեսանկյունից կխոսենք։ Վերջապես ե՞րբ պիտի այս ժողովուրդը դիվանագետ դառնա։ Թուրքի չափ դիվանագիտություն էլ չունենք, սարսափելի է։ Շատ կներեք, դուք գիտե՞ք՝ Ադրբեջանն ինչ վայնասունով է ընդունել, որ Սոթքում երեք պոստ ենք առաջ գնացել, երեք պոստից թողել փախել են։

- Մենք իրե՞նց պոստերն ենք վերցրել, թե՞ մերը, որ տվել էինք իրենց։

- Այո։ Մենք ճիշտ ուղով ենք գնում, մեր դրսի թշնամիներն ու ներսի չուզողները չեն ցանկանում, որ մեր երկիրը մեջքն ուղղի, բայց մենք ուղղելու ենք։ Նորից եմ ասում՝ վերջին դեպքերից հետո Ադրբեջանը սարսափած է, գիտի, որ մի օր մենք մերը վերադարձնելու ենք։

- Նկատի ունեք՝ Հադրութը, Շուշին․․․

- Անուններ չեմ տալիս։