Բաքվում ռուսական եկեղեցու առաջնորդն Արցախը համարում է «ազատագրված հող»

Բաքվում ռուսական եկեղեցու առաջնորդն Արցախը համարում է «ազատագրված հող»

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի նորանշանակ առաջնորդ, եպիսկոպոս Ալեքսիյ Սմիրնովը «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել, որը, կարծում ենք, պետք է ուշադրության արժանանա ոչ միայն հայ հասարակության, այլեւ հատկապես Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների կողմից։

Հարցազրույցում Ալեքսիյ եպիսկոպոսը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք կա՞ մտադրություն՝ ընդլայնելու Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի համայնքների թիվը, հաշվի առնելով, որ «Ադրբեջանն ազատագրել է իր հողերը, որոնք վերջին երեսուն տարիներին օկուպացված են եղել», պատասխանել է՝ նախ ներկայացնելով, թե առաջիկայում որ ուղղափառ կրոնական համայնքների պետական-իրավական կարգավիճակի հարցով է ինքը զբաղվելու, եւ ապա ասել է, որ առաջիկայում, հենց որ նման հնարավորություն ստեղծվի, անպայման այցելելու է «Ադրբեջանի ազատագրած հողերը»։

Եվ ապա շեշտել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմն իր առջեւ խնդիր է դրել՝ աջակցել Ադրբեջան պետության ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ ամրապնդելու հավատացյալների միջեւ եղած փոխհարաբերությունները։ Ըստ էության, Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան կղերականն իր հայտարարության մեջ արդարացնում, օրինական է համարում Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնազավթումն ու հայաթափումը եւ ապա հայտարարում, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմն աջակցում է Ադրբեջան պետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, հասկանալի է, որ այս դեպքում ռուս բարձրաստիճան կղերականը պարզապես առաջնորդվում է իր եկեղեցու շահերով։ Սակայն առնվազն անհասկանալի է այն ռեւերանսը, որը նա անում է Ադրբեջանի ուղղությամբ՝ մի կողմ դնելով այն, որ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությունը կրոնական պատկանելությամբ քրիստոնյաներ էին եւ պատկանում էին Ռուս եկեղեցու հետ սերտ հարաբերություններ ունեցող ավանդական հնագույն եկեղեցիներից մեկին՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու։
Եվ ապա, այստեղ նաեւ առաջանում է հարց՝ իսկ ո՞ւր է Մայր Աթոռը, ո՞ւր է առաքելական եկեղեցու արձագանքն այս հակահայկական հայտարարությանը։

Ի վերջո, պետք է գոնե բարձրաձայն ափսոսանք հայտնեին, որ Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան կղերականն իրեն նման միակողմանի, անզգույշ եւ ոչ այնքան ընդունելի հայտարարություններ է թույլ տալիս, որոնք չեն բխում Հայ եւ Ռուս եկեղեցիների միջեւ եղած հարաբերությունների բովանդակությունից ու տրամաբանությունից։ Առայժմ կարծես թե Մայր Աթոռը լռում է, թեեւ հուսալ, որ նորմալ արձագանք կլինի, պետք չէ, ինչպես որ Բարդուղիմեոս առաքյալի «ադրբեջանականացման» պարագայում չափազանց «վախվորած» արձագանք էր հնչել՝ ի պատասխան լրատվամիջոցների ուղղած հարցմանը։