Կոնստանտին Օրբելյանը՝ ընդդեմ մշակույթի նախարարության դատական վեճը շուտով կհանգուցալուծվի

Կոնստանտին Օրբելյանը՝ ընդդեմ մշակույթի նախարարության դատական վեճը շուտով կհանգուցալուծվի

Դեռ մայիս ամսին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց ներկայացրեց մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Հիշեցնենք․ Ն․ Ղարիբյանն Օրբելյանին ազատել էր տնօրենի պաշտոնից՝ մի քանի հանգամանքներից ելնելով։ Առաջին պատճառը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ Օրբելյանը տնօրեն էր նշանակվել։ Երկրորդը ՊՈԱԿ-ների մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը։ Եվ երրորդը. Օրբելյանի` հայերենի չիմացությունը:

Ինչ վերաբերում է Օրբելյանին, ապա նա պահանջում էր մասնավորապես անվավեր ճանաչել Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ թատրոնի կոլեկտիվը գարնանը մի քանի անգամ դիմեց վարչապետին՝ ներկայացնելով 12 կետից բաղկացած հակափաստարկներ ու հիմնավորումներ Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնավարման իրողության հետ կապված, բայց 2 անգամ էլ վարչապետի կողմից չեղավ եւ ոչ մի պատասխան։ 

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ այս գործով 3-րդ դատական նիստը, որի ժամանակ դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին։

Կոնստանտին Օրբելյանի շահերի պաշտպան Տիգրան Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում դատական պրոցեսը եւ հայցվոր կողմի շանսերը։ «Մենք գործն ուսումնասիրելով՝ տեսել ենք այն բացթողումները եւ իրավական սխալները, որ տեղի էին ունեցել Օրբելյանին աշխատանքից ազատելու ժամանակ, մենք մատնանշել ենք բոլոր այդ սխալները, որոնք վերաբերում են նախարարության այն տեսակետներին, թե իբր պահպանված չեն եղել լեզվի մասին օրենքի պահանջները, թե իբր պարոն Օրբելյանն իրավունք չուներ համատեղելու տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները եւ մնացած այլ հիմքերը։ Ընդ որում՝ մեր հայցադիմումում մենք դրանց բավականին մանրամասն ենք անդրադարձել եւ նախարարության ազատման հրամանում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ ներկայացրել ենք մի քանի հակափաստարկներ»։

Ժամանակին օպերային թատրոնը 12 կետից բաղկացած հակափաստարկներ ներկայացրեց թե՛ նախարարություն, թե՛ վարչապետին, սակայն արձագանք չեղավ, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, խոցելի են այդ փաստարկները, եւ հնարավոր է այլ կերպ մեկնաբանել։ «Ես տեղյակ եմ թատրոնի կողմից ներկայացված հակափաստարկներին, բացի այդ՝ ինքս, մինչեւ ստանձնելն այս գործը, իմ կողմից գրություն ուղարկեցի ՀՀ վարչապետին, կառավարության աշխատակազմ՝ բարձրաձայնելով այս ներկայացված հարցերը, բայց այդ հարցերի պատասխանը ես ստացա բավականին ուշ՝ օրենքի խախտումով, երբ արդեն հայցադիմում էինք ներկայացրել դատարան, որովհետեւ սա հանդիսանում է աշխատանքային վեճ, եւ Աշխատանքային օրենսգիրքը մեզ սահմանափակում է երկամսյա ժամկետում մտնել դատարան։ Հակառակ դեպքում հայցը չէր ընդունվի՝ վաղեմության ժամկետը կխախտվեր։ Պատասխանող կողմի դիրքորոշումը նույնն է՝ օրենքի միատեսակ մեկնաբանություն, բայց մենք ունենք հիմնավոր փաստարկներ, որ ազատման հրամանը հակասում է օրենքների մի քանի կետերի»,- ասում է Մարտիրոսյանն ու ընդգծում, որ, անկախ դատավարության հնչեղությունից, սա զուտ իրավական, աշխատանքային վեճ է՝ առանց որեւէ քաղաքական նկատառումների։

Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաեւ քաղաքացիական հայցով՝ իր ազատման հրամանն անվավեր ճանաչելու, թատրոնի տնօրենի աշխատանքում իրեն վերականգնելու եւ պարապուրդի դիմաց գումար վճարելու պահանջով: Եթե հանկարծ դատարանը չբավարարի իրենց պահանջները, Մարտիրոսյանի կարծիքով, վճիռը կբողոքարկեն վերադաս ատյաններում։

Ի դեպ, Օրբելյանը նախօրեին «Նոյյան տապան» ռուս-հայկական թերթին տված հարցազրույցում ասել էր․ «Ես բացարձակապես վստահ եմ՝ դատարանը կորոշի, որ ինձ ազատելու հրամանը ճիշտ չի եղել, քանի որ դրա օբյեկտիվ, օրինական պատճառներ գոյություն չունեն: Ես օրինական եմ նշանակվել եւ վերջ»: